Հաշվետվությունը դատախազությանը կհետաքրքրի՞
Ոտիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը գործում է 2006 թվականից: Այսօր 2009թ. տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս խմբի անդամ Անի Ներսիսյանը նկատեց, որ անցյալ տարի ՁՊՎ-ներում ավելի շատ բարեփոխումներ են կատարվել, քան 2006-2009թթ.-ին:
«Օրինակ` 4 տարի առաջ արձանագրվել են ձերբակալվածին ՁՊՎ-ում մինչեւ 30 օր պահելու դեպքեր, 2007-ին` 27, իսկ 2009-ին` 21 օր: «Իսկ այս տարի ՁՊՎ-ում անձին պահելու համար սահմանված առավելագույն 72 ժամի խախտում չի արձանագրվել: Խնդիրը կարգավորվել է»,- ասաց Ա. Ներսիսյանը:
Ներկաներից Արտակ Զեյնալյանը, հղում անելով հաշվետվության այն հատվածին, որ անցյալ տարի արձանագրվել է ձերբակալվածներին ՁՊՎ-ներում նախատեսված 72 ժամից երկար պահելու 300-ից ավելի դեպք, նշեց, որ դա անթույլատրելի վերաբերմունք է մարդու նկատմամբ, որով ոստիկանները կոտրում են ձերբակալվածի ոգին: «Կարծում եմ` այսօրվա զեկուցը պետք է ելներ այս իրողություններից»,- ասաց Զեյնալյանը:
Վերջինիս խոսքերով` դիտորդական խումբը ստեղծվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում եւ այն կոչված է կանխարգելելու խոշտանգումները: Իսկ խոշտանգում արտահայտությունն իր մեջ ներառում է նաեւ նվաստացնող վերաբերմունքը:
«Եթե մարդուն 72 ժամից ավել են պահում, ավել պահված յուրաքանչյուր ժամը, յուրաքանչյուր րոպեն միջամտություն է մարդու ազատության, անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի նկատմամբ, եւ այս միջամտության հետեւանքով պետք է նաեւ պատասխանատվության ենթարկվեն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար»,- ասաց Ա. Զեյնալյանը` նշելով, որ իրականում, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Ըստ նրա` այս առումով հաշվետվությունը պետք է հետաքրքրի նաեւ դատախազությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել