Նորակառույց դպրոց Իշխանասարում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզում: Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ինչպես նաեւ Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Դպրոցի կառուցման համար ծախսվել է ավելի քան 100 մլն դրամ, որից 66 մլն դրամը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հատկացումներն են: Ծրագիրը համաֆինանսավորվել է նաեւ Ճապոնիայի կառավարության եւ ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի կողմից: Դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով, ունի նաեւ մարզադահլիճ:
Ա. Գեւորգյանն արդյունավետ համարեց նման ձեւաչափով համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս այն կշարունակվի: Նա գոհունակություն հայտնեց, որ նոր ուսումնական տարին համայնքի երեխաներն արդեն կսկսեն նորակառույց ու հարմարավետ դպրոցում եւ կարեւորեց նաեւ դպրոցի հետագա պահպանության խնդիրը:
Փոխվարչապետն այցելեց նաեւ Տաթեւ, ծանոթացավ ճոպանուղու կառուցման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ակնկալվում է, որ ճոպանուղին շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետներում:
Ա. Գեւորգյանը ծանոթացավ Երեւան- Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Տաթեւի համալիր տանող ճանապարհի վերակառուցման տարբերակներին, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված խնդիրներին:
Առաջարկվեց ենթակառուցվածքների տեղափոխման եւ ճանապարհի վերակառուցման շինաշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի չխոչընդոտվի ճոպանուղու համար անհրաժեշտ խոշորածավալ սարքավորումների տեղափոխումը դեպի ճոպանուղու կայաններ:
Քննարկվեցին նաեւ ճոպանուղու բացման արարողության հետ կապված հարցեր: Փոխվարչապետին ներկայացվեց բացման հանդիսավոր արարողության ծրագիրը, որը նախապատարաստվել է արտասահմանյան Event factory մասնագիտացված ընկերության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել