
Հունիսի 23-ին, երբ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դուրս եկավ ԱԺ-ից, խորհրդարանի դիմաց անցկացվող, ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման ցույցի մասնակիցները մոտեցան ՀՅԴ պատգամավորին:
Վահան Հովհաննիսյանը ցուցարարներին հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու օրինագծին, որով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Արձագանքելով ցուցարարի դիտարկմանը, թե ներսում աշխատեք, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը չընդունվի, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Եկեք Դուք ինձ դասեր մի տվեք` ես ոնց աշխատեմ: Ձեզ դուր չի գալիս, դուք հանրապետականներին քվեարկեք փողով»: «Մենք չենք քվեարկում» ցուցարարի դիտարկմանը ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Բա ո՞վ է քվեարկում, տա՞տս է քվեարկում, որ մեծամասնություն են: Դե գնացեք, իրենցից հարցրեք: Ոնց ընտրել եք, էդպես էլ ձեր լեզուն էլ, հողն էլ կվերցնեն: Դո՞ւք չեք էս պառլամենտը ստեղծել»:
Այնուհետև պատգամավորը ցուցարարներին ներկայացրեց երեկ ԱԺ-ում քննարկված մեկ այլ օրինագծի մանրամասներ:
Վահան Հովհաննիսյանի «Դո՞ւք չեք էս պառլամենտը ստեղծել» դիտարկման վերաբերյալ «Հետքը» հարց ուղղեց պատգամավորին:
Վ.Հ.-Ես հիմա մամուլի ասուլիս չեմ տալիս, մարդկանց հետ խոսում եմ, ու ընդհանրապես` ինչո՞ւ եք ձայնագրում, ես էդ էլ չեմ հասկանում: Ես համաձայնվե՞լ եմ:
Դուք հասարակական գործիչ եք, Դուք շարքային քաղաքացի չեք:
Հիմա ես շարքային քաղաքացի եմ, թե ինչ եմ, ես մարդկանց հետ խոսում եմ և հիմա, օրինակ, կարող է ուզում եմ բաներ ասել, որ չեմ ուզում` Դուք ձայնագրեք: Ստիպված չեմ կարողանում ասել:
Մի հարցի պատասխանեք, և ես կանջատեմ ձայնագրիչն ու կգնամ: Քիչ առաջ ասացիք, դիմելով այս մարդկանց, որ դուք եք ընտրել խորհրդարանը, դուք էլ պայքարեք: Մինչդեռ ընդդիմությունը հաճախ է ասում, որ խորհրդարանական ընտրությունները կեղծված էին:
Ճիշտ է, իհարկե, կեղծված էին:
Դուք դեռ այն կարծիքի՞ն եք, որ ժողովուրդն է ընտրել: Այսինքն` և կեղծված են, և ժողովո՞ւրդն է ընտրել:
Ամբողջ խնդիրն այն է, թե որ չափով է կեղծված: Էստեղ մտել են էն բոլոր քաղաքական ուժերը, որոնք և ընտրվել են: Բայց ի՞նչ չափով են մտել` դա, իհարկե, կեղծիքի արդյունք է: Բայց կեղծիքը ո՞նց է առաջացել: Էդ կեղծիքը առաջացել է ընտրակաշառքի արդյունքում: Այսինքն` հենց իրենք` քաղաքացիները, (շատ կներեք) թույլ են տվել (ոմանք` հաճույքով), որ իրենց խաբեն: Ոչ թե պարզապես իրենք 4-րդ, 5-րդ դասարանի խեղճ երեխեք էին, իրենց խաբեցին: Փողը տվեցին, բերանները փակեցին: Էդպես է եղել: Սա խախտո՞ւմ է: Խախտում է: Խարդախությա՞մբ է ընտրվել: Խարդախությամբ է ընտրվել: Բայց ժողովրդի զգալի մասի լուռ համաձայնությամբ է տեղի ունեցել էդ խարդախությունը, որովհետև վճարվել են:
ՀՅԴ-ն ինչո՞ւ ժամանակին այս մասին չասաց:
ՀՅԴ-ն միշտ էլ դրա մասին ասել է, լավ էլի, էդ ե՞րբ չի ասել: Դուք, օրինակ, բացարձակապես տեղյակ չեք: Չգիտեմ` որ թերթն եք ներկայացնում:
«Հետք»:
Դե որ «Հետք», հիմա մի հատ հարց տամ Ձեզ. ո՞ր ընտրություններում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Դաշնակցության ներկայացուցիչը ստորագրել: Ոչ մի անգամ չի ստորագրել: Մենք ասել ենք. «Կեղծված է», ու չենք ստորագրել: Էդ Դուք չեք իմանում, բայց հարցեր տալիս եք: Էդպես չի, էլի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել