HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արյան գնով» են հող ջրում

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին այնքան անձրեւ եկավ, որ նույնիսկ Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրի պահանջ չէին ներկայացնում: Այդ ժամանակ ոռոգման ջրի մատակարարմամբ զբաղվողները հայտարարում էին, թե գյուղացիներին կարող են ապահովել ջրով, եւ այս տարի խնդիրներ չեն լինի: Երբ գյուղացին ցանկացավ ջուր ստանալ, պարզվեց, որ առվակները ցամաքած են, իսկ անխափան ոռոգման ջրի մատակարարման խոստում տվող տեսուչներն ու ջրբաժաններն «անհետացել» են:

«Գյուղը ոռոգման ջրի կարոտ ա մնացել: Ես հիմա պիտի բիբարի երկրորդ ջուրը ջրեմ, բայց ջուր չկա: Գարնան սկզբից էլ եկան կանխավճար ուզեցին, մենք էլ տվել ենք: Խոստանում էին, որ այս տարի անպայման ջուր կտան, բա ո՞ւր ա իրանց ջուրը: Եթե մի քիչ էլ ջուր են տալիս, ասում են` գնա հարեւանիդ ձեռից վերցրու, ջրի, գյուղի մարդ ենք, մեզ հանում են իրար դեմ: Բա ջրբաժանն ինչի՞ համար ա, որ մեզ են իրար հետ կռվացնում»,- դժգոհում է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ Ամիր Ամիրյանը: Գյուղամիջում նրան շրջապատողները նույնպես ոռոգման ջրի մատակարարումից գոհ չէին: Առուշան Սմբատյանն ասում է, որ գարնան անձրեւները կիսով չափ վնասել են հացահատիկի ցանքատարածությունները, հիմա միայն ոռոգման ջուրը կարող է փրկել շատ թե քիչ պահպանված բերքը: «Տղես, գյուղից մի քանի հոգի ու գյուղապետարանի աշխատակիցը մարզպետարան էին գնացել բողոքով: Ընդեղից պատասխանել են, թե մարդ կուղարկենք` կգան կտենան, բայց ո՞վ պիտի գա, ոչ մեկն էլ չի գա: Գյուղի ջրբաժանին էս մի շաբաթ ա` չենք կարում բռնացնենք, հեռախոսներին էլ չի պատասխանում: Բա ըսենց բան կըլնի՞»,- ավելացրեց Առուշան պապը:

Բողոքողների թվում էր նաեւ Վարդանաշենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, գյուղում վիճակը վատ է, ու եթե մի քանի օր էլ ջուր չլինի, ամբողջ բերքը կարող է փչանալ: Գյուղացիները չեն կարողանում սածիլել, իսկ ով էլ հասցրել է վեճ ու կռվով ջուր հասցնել հողամաս ու սածիլել, հիմա չի կարողանում ջրել, ու սածիլած լոլիկը, պղպեղն ու սմբուկը չորանում են: «Գյուղին ջուրը չի հերիքում, «Սեւջուր-Ախթամար» կազմակերպությունն է ջուր մատակարարում, բայց շատ քիչ է ջուրը ու չգիտենք, թե մարդիկ ոնց ջրեն իրենց հողերը: Ամեն օր բողոք բողոքի ետեւից ենք ստանում: Անձամբ եմ գնացել մարզպետարան ու բողոքել, ասեցին` կճշտենք, թե ինչ է կատարվում, բայց ոչ մի բան էլ չարեցին, էլի նույն վիճակն է: Հիմա մեկը սածիլում է, մյուսը ցորենի վերջին ջուրն է տալիս, բայց ջուր չկա, ահավոր վիճակ է ստեղծվել»,- նշում է Ս. Խաչատրյանը: Ըստ նրա` «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-ն անընդհատ խոստանում է Վարդանաշենին մատակարարվող ջրի ծավալներն ավելացնել, բայց այդպես էլ խոստումը իրականություն չի դառնում: Գյուղացիները պատմում էին, որ ոռոգման ջրի խնդիրն  այս տարի չի ծագել, իրենք ամեն տարի էլ «արյան գնով» են հող ջրել, իսկ ջրբաժանները խոստացել են ջուր տալ, բայց գումարները հավաքագրել ու հեռացել են: «Թող մի հատ պատկան մարմիններից` գյուղնախարարությունից, մարզպետարանից գան, տեղում իրավիճակին ծանոթանան, ոչ ոք չի գալիս: Ամեն տարի էլ նույն վիճակն է: Մեր գյուղում միշտ էլ ոռոջման ջրի մատակարարումն անբավարար է եղել»,- ասաց Ս. Խաչատրյանը: Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները եղել են մարզպետարանում: Մարզպետարանի պատասխանատուները խոսել են ՋՕԸ-ի տնօրենի ու համայնքապետի հետ, որպեսզի համագործակցելով աշխատեն:

«Խնդիրն այն է, որ գյուղացիները դեռեւս նախորդ տարիներից պարտքեր ունեն եւ չվճարելու պատճառով չեն կարողանում հողը ջրել: Գյուղում կան նաեւ խորքային հորեր, որոնց համար էլեկտրաէներգիա է ծախսվում: ՋՕԸ-ի տնօրենն ասում է, որ ջուր կա, պարզապես այն տրվում է վճարողներին: Նա նույնիսկ համաձայն է մաս-մաս վճարմանը, միայն թե վճարումներ անեն»,- պարզաբանում է Ն. Պետրոսյանը:

«Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-ի տնօրեն Խաչիկ Սարգսյանն էլ դժգոհեց, թե մարդիկ ոռոգում են իրենց հողամասերը ու չեն ուզում վճարել: ՋՕԸ-ի տնօրենը մեզ նախ նախատեց, որ գյուղեր գնալիս իրեն նախօրոք տեղյակ չենք պահել, ապա ավելացրեց. «Գյուղացիները սուտ են ասում, որ ջուր չունեն: Իրանք ուզում են հող ջրեն ու չվճարեն, ու հենց էդ մարդիկ են ձեզ բողոքում: Կարո՞ղ ա գիտեն` մենք սոցապնախարարությունն ենք, որ իրանց օգնենք անվճար ջուր անեն»: Նրա ներկայացմամբ, թե Վարդանաշենում, թե Արազափում ընտանիք չկա, որ ՋՕԸ-ին միջինը 80-100 հազար դրամ պարտք չունենա: 15 մլն դրամ պարտք ունեն վարդանաշենցիները, 4 մլն էլ արազափցիների պարտքն է: Խաչիկ Սարգսյանը չհիշեց, թե «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-ն քանի գյուղացու է դատի տվել, բայց որ դատական գործերի թիվն ավելանում է` չժխտեց:

Վարդանաշենի հարեւան Արազափ գյուղում գյուղացիներն այնքան էլ չէին դժգոհում ոռոգման ջրի մատակարարումից: «Այսօր գյուղացին այնքան խնդիրներ ունի, որ չափ ու սահման չկա: Ոռոգման ջրի վարձավճարը շատ թանկ է, մեկ հա բանջարեղեն ջրելու համար վճարում ենք 90-100 հազար դրամ: Այս տարի ջուրը թանկացել է 2 դրամով, խոսում են, որ պիտի էլի թանկանա: Կառավարությունից պահանջում ենք վերանայել սակագինը, հակառակ դեպքում մարդիկ կհրաժարվեն հող մշակելուց»,- ասում է արազափցի Հայկազ Գալստյանը: Արազափում արդեն դատական գործեր կան. «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-ն դատարանի միջոցով է գյուղացիներից պահանջում ջրի վարձավճարները: Գեղամ Սարգսյանը նույնպես դատարանի միջոցով է վճարել ՋՕԸ-ին ունեցած պարտքը:

«Ինձ դատի էին տվել, ասում էին` 1990 թ.-ից պարտք ես: Ուղիղ 1000 դոլար ձեռքիցս առան: 2000 թ. ես 50 հազար դրամի ջուր էի արել, վճարման չեկերն էլ ունեի, ասում են` դա նշանակություն չունի, դու պարտք ես, էլ ի՞նչ անեի, ստիպված վճարեցի»:

Նա դժգոհ էր, որ գյուղից քիչ հեռավորության վրա հոսող Արաքս գետից ՋՕԸ-ն ջուր է վերցնում, գյուղացուն այն հասցնելու համար էլեկտրաէներգիա չի օգտագործում, բայց դարձյալ իրենց վաճառում է խմ-ը 11 դրամով: «Ջուրը գնում, թափվում է, բայց ասում են` պիտի 1 հա-ի համար 90 հազար դրամ վճարես, բայց ինչի՞ համար վճարեմ, ես էլ չգիտեմ: Ոչ մի դրամ փող չեն ծախսում ջրի վրա, հոսանք չեն օգտագործում, ախր ջուրը գնում, թափվում է, բայց ասում են` եթե ջուր վերցնեք ջրեք, դատի կտանք, ավելի լավ է գնա թափվի, քան օգտագործեք»,- ավելացրեց Գեղամը:

Արազափում գրեթե ամեն տան բակում մի քանի տակառ է շարված արեւի տակ, բերանները` պոլիէթիլենով ամուր փակված: Գյուղացիները վերադարձել են հին սովորությանը` տակառներով գոմաղբ են թթվեցնում ու որպես պարարտանյութ տալիս մշակաբույսերին: Փող չունենալով` գյուղացիների մի մասն էլ վարելահողերում ստիպված խոտ է ցանել, որ ոչ պարարտանյութ տան, ոչ էլ ստիպված շաբաթը 2-3 անգամ ջրեն ու դրա համար կանխիկ վճարեն:

Հրաչիկ Ասատրյանի բակում արեւի տակ դրված երկու նման տակառ կար: «Գյուղում դրած պարկը 10 000 դրամով պարարտանյութ են նիսիա ծախում, բայց ի վիճակի չեմ, ո՞նց առնեմ: 4000 դոլար վարկ եմ վերցրել, բայց էս տարի ահագին վնաս ենք կրել անձրեւների պատճառով, թեկուզ նիսիայով, եթե պարարտանյութն առնեմ, բա հետո ո՞նց պիտի փակեմ: Մենակ ջրի վարձը արդեն հերիք ա, որ հող չմշակեմ»,- նշում է Հրաչիկը: Գումար չունենալու պատճառաբանությամբ նա իր 2 հա հողամասում առվույտ է ցանել, որը պակաս ծախսատար է, քան բանջարեղենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter