HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թմրամոլները մահանում են բենզինից

«Սեդալգին» ցավազրկող դեղորայքը, եթե մի դեպքում օգտագործվում է իր նշանակությամբ, մեկ այլ դեպքում` բենզինի, սոդայի համատեղ սինթեզմամբ, վերածվում է թմրամիջոցի, որի ներարակման ճանապարհով օգտագործումն արդեն իսկ Գյումրիում մի քանիսի մահվան պատճառ է դարձել: Հանրային պաշտպան Աշոտ Հովսեփյանն արդեն 10-ից ավել դատական քննության է մասնակցել եւ փորձել մեղմ պատիժ կորզել դատարանից իր վստահորդների համար, որոնք առաջին կամ էլ արդեն որերորդ անգամ դատապարտվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Նրա կարծիքով` ճիշտը ոչ թե երկարատեւ ազատազրկումն է, այլ որակյալ բուժումը: «Դեպքերը շատ են շատացել,-ասում է Աշոտ Հովսեփյանը,-վատն այն է, որ թմրամոլներին բուժելու միակ միջոցը, փաստորեն, դարձել է ազատազրկումը: Բայց, դե, եթե ազատազրկումն այդքան արդյունավետ միջոց լիներ, ապա կրկնահանցագործներ չէինք ունենա: Կնշանակի` մեր երկրում թմրամոլները լիարժեք բուժում չեն անցնում: Սոցիալական ծանր պայմանները, աշխատանք չունենալը շատերին մղում է թմրամիջոցի այս կամ այն ձեւի օգտագործման: Փորձում են նման միջոցներով խեղդել իրենց անճարակությունը: Հիմա էլ մեկ այլ նոր եղանակ են գտել` սեդալգին եւ բենզին… Դուք էլ զարմացաք, ճիշտ է, բայց, փաստորեն, ստացված էդ թույնը մարդիկ լցնում են երակների մեջ ու արդեն մի քանի մահվան դեպքեր են գրանցվել»: Առանձին վերցրած թե «սեդալգինը», թե բենզինը եւ թե սոդան բավական անմեղ նյութեր են:  Իսկ ահա 47-ամյա Ալեքսան Մագարյանը ամբաստանյալի աթոռին հայտնվել է հենց դրանց սինթեզից ստացված նյութի ներերակային օգտագործման համար: Խուզարկության ընթացքում ոստիկանները Մարգարյանի տանից հայտնաբերել են նաեւ 3,7 գրամ մարիխուանա, ինչպես նաեւ 0,0275գ կոդեին` ներարկիչով: Ձերբակալված է նաեւ Մարգարյանի կրտսեր եղբայրը` նույն մեղադրանքով; Վերջինիս մեկուսարան տեղափոխելու փոխարեն առայժմ տեղավորել են հիվանդանոցում` վերջույթների հատվածում սկսված փտախտը կանխելու նպատակով: Ալեքսան Մարգարյանի մեկուսարանում գտնվելու ընթացքում ոստիկանները կանխել են նաեւ կոնֆետի թղթերի մեջ փաթաթված «սեդալգինի» փոխանցումը մորից որդուն: Ի դեպ, այս դեղամիջոցն ազատ վաճառվում է դեղատներում: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստում արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Ալեքսան Մարգարյանը` նշելով, որ խորհրդակցել է իր պաշտպանի հետ եւ գիտակցում է բոլոր հետեւանքները: Մեղադրող-դատախազ Աշոտ Գրիգորյանը դատարանից պահանջեց ամբաստանյալի նկատմամբ կիրառել Քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը եւ պատիժ նշանակել ազատազրկման ձեւով` 1 տարի 6 ամիս ժամանակով: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանը լսեց նաեւ պաշտպանական կողմին, ով իր վստահորդի համար դատարանից խնդրեց մեղմ պատիժ: Հայտարարված ընդմիջումից հետո դատավոր Մովսեսյանը հրապարակեց վճիռը` Ալեքսան Մարգարյանին դատապարտելով 1 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter