Վանաձորի արհեստական լճում խորհուրդ չի տրվում լողալ
Պատճառը լճի խորությունը չէ` 4մ 60 սմ, այլ առողջության համար ջրի բաղադրության մեջ պարունակվող վտանգը
«Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Թորոսյանը միանշանակ պնդում է, որ ջրի որակի վերաբերյալ կա հիգիենիկ համաճարակային տեսչության դրական եզրակացությունը եւ որ այն ստացվել է հունիսի 18-ին, 19-ին կամ էլ 20-ին:
Նա պատմում է ջրի վերահսկողության եւ մաքրման աշխատանքների մասին. «Պարբերաբար հսկողությունը կա, պարբերաբար ջրի որակն ստուգվում ա: Լճի հատակը մաքրվում ա նստած տիղմից, կատարվում ա ախտահանում: Մաքրում ենք, հետո Վանաձոր գետից ջուրը խողովակով լցվում ա լիճը: Հետադարձը լրիվ չի փակվում, որպեսզի անընդհատ հոսք լինի: Ջուրն անընդհատ տակից հոսում ա: Բայց անձրեւի ժամանակ ծորակները փակում ենք, որ կեղտոտ ջուրը ավազանի մեջ չլցվի: Մտնող եւ դուրս եկող ջուրն ամեն շաբաթ լրիվ ջրափոխվում ա, ամեն օր կատարվում ա քլորացում»:
Երբ արհեստական լճի տնօրենին ակնարկեցինք համաճարակային տեսչությունից նրա ստացած գրության մասին, որով խստիվ արգելվում է լողալու նպատակով լճի շահագործումը, նա տվեց հետեւյալ պատասխանը. «Սկզբնականն էդպես էր, քանի դեռ ջրի որակը չէր ստուգվել: Բայց ստուգվելուց հետո տրվեց եզրակացություն, որ ջրի որակը համապատասխանում ա ստանդարտներին»:
Հարցին` «երբեւէ չե՞ն արգելում հանգստացողներին լճում լողալ», պատասխանեց. «Եթե տեսնում ենք, որ, ասենք, ջրի հետ կապված բան կա, ջուրը կասկածելի ա, իհարկե, արգելում ենք, կամ գիշերվա ժամին, կամ, ասենք, ըստեղ անձրեւ չկա, սարերում անձրեւ ա գալիս, ջուրը կարող ա կեղտոտվի: Երկու-երեք օր արգելում ենք, մինչեւ սանէպիդկայանը ստուգի»:
ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանն իր հերթին հաստատում է, որ լճի մաքրման աշխատանքերն արվում են ամբողջ ծավալով.«Նախ` մինչեւ լիճը լցնելը հետեւում ենք նախապատրաստական բոլոր աշխատանքներին` ջրի ակունքներին, ջրի հատակի մաքրմանը: Լճի հատակը լվացվում է, տիղմը հանվում, եւ նոր միայն ջուրը լցվում: Ջուրը նաեւ ինքնամաքրվում է: Մի կողմից թափվում է, մի կողմից` լցվում: Նաեւ հանձնարարվել է տնտեսվարողին. որոշակի քլորացում է կատարվում: Եվ այդ ֆոնի վրա ահագին փոփոխություն է նկատվել ջրի վարակազերծման առումով»:
Սակայն, ըստ ստացված մանրէաբանական հետազոտության արդյունքների, ջրի որակը գնահատելով` ավելացնում է. «Լճի ջուրը վատ ջուր է: Լիճն ուղղակի ժամանցի գոտի է, որտեղ մարդիկ կարող են գնալ հանգստանալու: Լողալու համար խորհուրդ չենք տալիս: Լողալ կարելի է այն ջրերում, որտեղ վարակիչ հիվանդություների վտանգ չկա: Բայց այդ ջրում մանրէաբանական շեղումներ կան, հետեւաբար, չի թույլատրվում այնտեղ լողալը: Մենք այդ մասին գրավոր տեղյակ ենք պահել այն տնտեսվարողին, որը շահագործում է լիճը: Սակայն ես ինքս եմ շատ դեպքերում ականատես եղել, թե ինչպես են երեխաները նետվում ջուրը»:
Սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ խիստ վերահսկողություն կա, բայց վարակաբանը խորհուրդ է տալիս զգուշանալ. «Վտանգավոր ինֆեկցիաների նկատմամբ արվում են հետազոտություններ: Խոլերան է մեր հիմնական վտանգը, որի հարուցիչները ջրում բացակայում են: Ամեն շաբաթ պարտադիր նմուշառում ենք կատարում: Այդ առումով` էս պահին հանգիստ ենք, բայց բոլոր դեպքերում աղիքային, մյուս վարակիչ հիվանդությունների նկատմամբ վտանգը չի բացառվում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել