Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերն ընդհանուր բաժանմունք է
«Այն անձինք, ովքեր կարիք ունեն անհետաձգելի բուժօգնության, հոսպիտալացվում են` անկախ նրանից` տեղ ունե՞նք, թե՞ ոչ: Եթե անհետաձգելի դեպք է, հիվանդը տեղավորվում է մեզ մոտ»,-ասում է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը:
Թեեւ ամբողջ մարզին սպասարկող դիսպանսերն ունի պետպատվերով սահմանված ընդամենը 30 մահճակալ, որոնք զբաղեցված են, դրա հետ մեկտեղ օրական ընդունվում է 2-3 հիվանդ, այնուամենայնիվ, բոլոր բոլոր հիվանդները դիսպանսերում տեղավորվում են:
«Տեղի խնդիր ունենք, բայց կարգավորում ենք: Բուժվող հիվանդները դուրս են գրվում, ուղարկվում արտահիվանդանոցային ամբուլատոր կամ երկարատեւ բուժման, եւ նորերն են ընդունվում»,- բացատրում է Գ. Քալանթարյանը:
Տնօրենը չի դժգոհում պետպատվեր տեղերի սահմանափակությունից եւ օրենքի հետ հակասություն չի տեսնում նաեւ այն պարագայում, որ թմրամոլները, ալկոհոլիկներն ու հոգեկան հիվանդները դիսպանսերում բուժվում են համատեղ:
«Դիսպանսերը մեկ բաժանմունք ունի,- ասում է Քալանթարյանը,- չկա հատուկ պալատ, որ ասես` սա շիզոֆրենիայի պալատն է, սա` պսիխոպատիայի: Հիվանդին ընդունում ենք` ըստ նրա հոգեկան վիճակի, եթե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Սա ստացիոնար է, որը զբաղվում է եւ հոգեբուժական, եւ նարկոլոգիական դեպքերով»:
Թեեւ բժշկուհին ընդունում է, որ «հոգեկան հիվանդներն էլ են տարբեր լինում (մեկը կարող է շատ հանգիստ վարք ունենալ, մյուսը` գրգռված կամ դեպրեսիայի մեջ), բայց նա բոլորին միավորում է որպես հոգեկան խանգարում ունեցողներ. «Նարկոմանն էլ է հոգեկան խանգարում, ալկոհոլիկն էլ, ի՞նչ տարբերություն»: Ուստի, վերջինս բնական է համարում նրանց` մեկ ընդհանուր բաժանմունքում բուժվելու փաստը:
Առանձնացված են միայն կանանց եւ տղամարդկանց ենթաբաժիններ: Փաստորեն, դիսպանսերում հոգեկան խանգարմամբ տարբեր հիվանդներին եւ տարիքային խմբերին չտարանջատելու պայմաններում 16 տարեկանը տարեցների հետ նույն հիվանդասենյակում է բուժում ստանում:
«Չկա հատուկ պալատ: Հատուկ երեխաների համար պսիխոտիպատիայի բաժանմունք չկա»,- ասում է տնօրենը:
Հիվանդին դիսպանսեր ընդունելիս հաշվի է առնվում բացառապես նրա հոգեկան վիճակը. «Հիվադներին հոսպիտալացնելու պատճառը սուր պսիխոտիկ խանգարումն է` անկախ նրանից, թե հոգեկան ինչ հիվանդություն ունի: Եթե սուր պսիխոտիկ վիճակում է գտնվում, եթե անհետաձգելի դեպք է, պետք է շտապ հոսպիտալացավի»:
Բայց կան սահմանափակումներ: Եթե հիվանդն իրավախախտ է, կա նրա մեղսունակությունը հիմնավորելու անհրաժեշտություն: Եթե անգամ անհետաձգելի դեպք է, այնուամենայնիվ, նա դիսպանսեր չի ընդունվում, քանի դեռ չկա դատարանի համապատասխան որոշումը, Արդարադատության նախարարության ուղեգիրն ու դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի էլ որոշում է կայացվում հիվանդի` դիսպանսերում հարկադիր բուժում անցնելու մասին:
Սակայն դիսպանսեր այցելության ժամանակ ականատես եղանք, թե ինչպես, առանց դատարանի որոշման առկայության, իրավախախտ հիվանդն ուղեկցվեց հիվանդասենյակ:
Գ. Քալանթարյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ «իրավախախտության կապակցությամբ հիվանդի գործը դատարանում է», ապա ավելացրեց. «Քանի որ տվյալ դեպքում այս մարդը սուր պսիխոտիկ վիճակում է գտնվում, չենք սպասում դատարանի որոշմանը»:
Տնօրենը հոգեկան հիվանդների թվի աճ չի նկատում, սակայն փաստում է, որ սկսել են ավելի շատ դիմել թմրամոլությամբ տառապողները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել