Գեղարքունիքում առաջնայինը գործազրկության խնդիրն է
Այսօր Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում։ Մարզի 2009թ. և 2010թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նա ներկայացրել է նաև առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները եւ պատասխանել կառավարության անդամների հարցերին։
Ըստ կառավարության մամլո ծառայության` գործադիրը հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։ Որոշման մեջ ամրագրված են միայն հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնց կհաջորդեն զարգացման ծրագրերը։
Ամփոփելով մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցերի քննարկումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել արտագնա նիստի նախօրյակին մարզում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ ամեն անգամ մարզ այցելելուց առաջ մենք պատվիրում ենք սոցիոլոգիական հարցումներ` հասկանալու համար, թե բնակչությունը ինչպես է գնահատում իրավիճակը, որ խնդիրներն են կարևորվում. առաջնային խնդիրներ, նվաճումներ, բացթողումներ։ Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզում այլ մարզերի համեմատ մենք ունենք սոցիալ-տնտեսական ավելի վատ ցուցանիշներ, և աղքատության խնդիրը այստեղ ավելի արդիական է։
Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների և բնակչության համար առաջնայինը գործազրկության խնդիրն է, և նրանք այն կարևորում են մարզային մակարդակով, համայնքների և ընտանիքների մակարդակով։
Մարզային խնդիրներից երկրորդ տեղում բնակիչները կարևորում են ճանապարհների, առաջին հերթին` միջհամայնքային ճանապարհների վիճակը և գտնում են, որ դա սոցիալական, տնտեսական զարգացման կարևոր խոչընդոտներից է։ Մարզի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքների 28 տոկոսն ունի արտագնա աշխատողներ, և այդ ցուցանիշով մարզը մի քանի անգամ գերազանցում է մնացած մարզերին։
Հետաքրքրական է նաև, որ մարզի բնակիչները կարևորում են Սևանա լճի խնդիրը. այն չորրորդն է հիմնախնդիրների շարքում։ Այսպիսով, առաջին տեղում գործազրկությունն է, երկրորդում` ճանապարհները, երրորդ տեղում գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրն է և չորրորդում` Սևանա լճի խնդիրը։
Կարևոր է, որ Գեղարքունիքի բնակչության գերակշիռ մասը` շուրջ 80 տոկոսը, դրական է գնահատում կառավարության կողմից ձեռնարկվող այն միջոցները, որոնք առնչվում են Սևանա լճի հետ։ Նաև կարևոր է, որ բնակչության 78 տոկոսի կարծիքով կառավարությունը պետք է խստացնի իր մոտեցումները ձկնորսության հետ կապված, ինչն ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որովհետև կարծես թե ձկնաբուծությունը, ձկնորսությունը հնարավորություն են տալիս մեղմացնել նաև մարզի սոցիալական խնդիրները։ Բայց ստացվում է, որ բնակչության մեծամասնությունը, այնուամենայնիվ, պահանջում է, որ ավելի խստապահանջ լինենք այս ոլորտում։
Մարզի կարևոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ մարզերի, որտեղ մարզային խնդիրների համար մեկ պատասխանատու համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, 80 տոկոսը գտնում է, որ կառավարությունը լուրջ անելիքներ ունի, իսկ երկրորդ տեղում, ի տարբերություն այլ մարզերի, Գեղարքունիքի մարզի ընտանիքները գտնում են, որ իրենք են պատասխանատու իրենց ապագայի համար։ Այլ մարզերում երկրորդ տեղում հայտնվում էին այլ գերատեսչություններ, այլ կառույցներ, իսկ այս մարզում հենց ընտանիքներն իրենց համարում են պատասխանատու։ Դրանով է պայմանավորված այն, որ բարձր են ապագայի վերաբերյալ գնահատականները։
Չնայած մարզը սոցիալ-տնտեսական ցուցանիշներով զիջում է այլ մարզերին, բայց լավատեսության մակարդակն այստեղ բարձր է նույնիսկ Արարատի մարզից, որն իր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով ամենազարգացած մարզերից է, և մեր նախորդ նիստն այնտեղ էր։
Մարզի բնակչությանը առավել մտահոգող երկու ոլորտներից, որտեղ տեսնում են լուրջ անելիքներ և ամենաթերզարգացածն են համարում, առաջինն առողջապահությունն է, երկրորդը` մշակույթը։
Մարզի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բնակիչները կարևորում են մշակույթի զարգացումը, ինչպես նաև, ի տարբերություն այլ մարզերի, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը և կրթական համակարգին. տեսակարար կշռով այս ոլորտը նույնպես գնահատվում է կարևորագույն ոլորտ։ Մնացած գնահատականները նման են միջին հանրապետական գնահատականներին։
Ես ձեզ ներկայացրեցի հիմնական առանձնահատկությունները` ըստ մեր սոցիոլոգիական հարցման, թե ինչպես են բնակիչներն ընկալում մարզի առջև կանգնած խնդիրները։ Եվ նաև մարզը մյուս մարզերի համեմատ ավելի քիչ քաղաքականացված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել