Արզումանյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս անհապաղ հրաժարական տալ
«Հայաստանը ստիպված է լինելու անել այն, ինչ նրան կթելադրեն մեծ եղբայրները: Ոչ թե Սանկտ Պետերբուրգում կողմերի հետ հարց է քննարկվում, այլ նրանց ինչ-որ բան է ասվում, որից հետո այլ` երրորդ կողմեր իրար հետ քննարկում են այս երկու կողմերի անելիքները»,- այսօր լրագրողների հետ հինդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար և ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին իրավիճակից դուրս գալու համար անհապաղ հրաժարական տալ, քանի որ դա է թելադրում Հայաստան պետության ազգային շահը:
Նախկին արտգործնախարարը Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգ տեսնում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը գիտակցի, որ դրա միջոցով կարող է ավելի շահեկան վիճակում հայտնվել: «Հռետորաբանությունն արդեն անցնում է կոնկրետ գործողությունների, և կոնկրետ գործողություններում ի հայտ են գալիս տարրեր, որոնք մեզ մտահոգում են` բանակի պատրաստվածություն, իշխանությունների վարած քաղաքականություն»,- հավելեց Ալ. Արզումանյանը:
Անդրադառնալով սահմանում տեղի ունեցած միջադեպին`նա նշեց, որ դրանից հետո Հայաստանի դիվանագիտությունը պետք է իր ողջ կարողությունը ներդներ, որպեսզի միջազգային ոլորտում որևէ կասկած չառաջանար մի ակնհայտ բանի նկատմամբ. «Ադրբեջանի իշխանություններն ասում են` սև է, և դա ընդունվում է: Ղարաբաղի բանակը պիտի թույլ չտար նման բան լիներ: Ակնհայտ էր խախտող կողմը, ցանկացած քայլին կա հակաքայլ»:
Ինչ վերաբերում է Հայաստանը այլ երկրներում ներկայացնող դեսպաններին, ապա նախկին արտգործանախարարը նշեց, որ այդ մարդիկ իրականացնում են ՀՀ արտաքին քաղաքականությունը. «Նման երկիր չկա, որ ապրի սեսյայից սեսյա, հաշվի, թե քանի քաղբանտարկյալ պետք է ազատ արձակվի, որպեսզի սանկցիան չկիրառվի, որ դեսպանը ում հետ պետք է խոսի, կաշառք տա»:
Ալ. Արզումանյանի խոսքերով, այդ մասին պետք էր այն ժամանակվանից մտածել, երբ Արտաքին գործերի նախարարությունը վերածվեց PR գործակալության և զբաղված էր մտածելով, թե ինչպես ներկայացնի հայաստանյան հերթական կեղծված ընտրությունները արտասահմանում, մինչդեռ այդ գերատեսչությունը չպետք է մտնի ներքաղաքական խմորումների մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել