HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մեր զբոսաշրջային ռեսուրսը` հացատուն, աղբ, գառների մորթ...

Գառնիի տաճար այցելած մի քանի զբոսաշրջիկներ նստեցին Երեւան մեկնող երթուղային տաքսին: Նստարանին տեղավորվելուց հետո երիտասարդ աղջիկը բավական ժամանակ չէր կողմնորոշվում, թե ուր խցկի ձեռքի տոպրակը` մեքենայի հատակին, ծնկներին... Պոլիէթիլենային փաթեթն ակնհայտորեն խանգարում էր նրան ու ուղեկիցներին: Նրանց անհանգստությունը գրավեց ուշադրությունս. տոպրակում աղբ էր` սննդի մնացորդներ ու ջրի շշեր, որը հետները Երեւան էին տանում: Պարկեշտ մարդիկ էին եւ չէին ցանկացել աղբը ձորը նետել կամ թողնել մայթերին, ինչպես սովորաբար արվում է այն պարզ պատճառով, որ տուրիստական առաջավոր վայր համարվող Գառնի գյուղում, անգամ տաճար տանող ճանապարհին ոչ մի աղբաման չկա: Մեկ ուրիշ անգամ Գառնի-Գեղարդ մայրուղում գտնվող Ողջաբերդ գյուղում ականատես եղա, թե ինչպես սողանքային գյուղի քանդված ճանապարհի մի հատվածում տուրիստական ավտոբուսների վարորդները թափքից դուրս էին բերում տախտակներ, այն կամրջի վերածելով` հերթով անց էին կացնում իրար ետեւից շարված ավտոբուսները, ապա գլուխները տարուբերելով` տեղավորվում էին մեքենայի մեջ ու հեռանում: «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգմանը վերաբերող Կառավարության որոշման ընդունումը (18 դեկտեմբերի, 2008 թվականի N 1575-Ն), ինչպես նշված է որոշման մեջ, պայմանավորված էր Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Որոշումով հաստատվել էր «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկ, որի ժամանակացույցով միջոցառումները պետք է ավարտվեին 2009 թ. հուլիսին, եւ կատարողները 10 օրվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն պետք է ներկայացնեին ծրագրի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարին։ Հայաստանի` որպես զբոսաշրջավայրի մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ թելադրված այս ծրագրում առաջնային է համարվել զբոսաշրջային երթուղու աղբահանումն ու բարեկարգումը: Սույն որոշման ժամանակացույցով Կոտայքի մարզպետարանը պարտավորվում էր մեկ մաքրման եւ աղբահեռացման կազմտեխնիկա ձեռք բերել եւ նվիրաբերել Գողթ համայնքին` Գողթի եւ «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված մյուս համայնքների միջեւ, պայմանագրի առկայության դեպքում, կանոնավոր աղբահանություն ապահովելու համար: Նաեւ` ձեռք բերել 200 մեծ եւ 150 փոքր աղբամաններ եւ նվիրաբերել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված համայնքներին (երթուղում 5 համայնք է ընդգրկված): Այդ նպատակով, Կառավարության որոշման համաձայն, պահուստային ֆոնդից Կոտայքի մարզպետարանին պետք է հատկացվեր 29 մլն դրամ: Ծրագրի այս մասը, ինչպես պարզեցինք, նոր է իրականացվում` 2010 թ. հունիսի 1-ից, երբ Գողթի համայնքը ձեռք է բերել աղբահան մեքենա: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ ծրագիրը պետք է ավարտվեր 2009 թ., սակայն այդ խնդիրը միանգամից լուծելը շատ մեծ ծախսեր էր պահանջում եւ այս պահին հնարավոր չէր կատարել: Պետբյուջեով նախապես արված հաշվարկները փոփոխության են ենթարկվել, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով էկոնոմիկայի նախարարությունը բյուջեի վերաբախշում է կատարել, եւ նախատեսված 29 մլն դրամից Կոտայքի մարզպետարանին փոխանցվել է 15.5 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աղբամանները համայնքները պետք է սեփական բյուջեով ձեռք բերեն: Գողթի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սիրակ Հովսեփյանը հայտնեց, որ Կառավարության հատկացրած գումարը չի բավականացրել անգամ նոր մեքենա գնելուն, հայտարարվել է մրցույթ, որով աղբահան մեքենայի նվազագույն արժեքը 18 մլն 300 հազար դրամ է եղել, եւ տարբերությունը համայնքապետարանը սեփական բյուջեից է ավելացրել: Համայնքապետարանի հաշվապահ Էմին Ղարիբյանը տեղեկացրեց, որ եւս 1 մլն դրամ աղբամանների համար են հատկացրել, որով ձեռք են բերել 15 հատ աղբաման եւ տեղադրել Գողթից մինչեւ Գեղարդ վանական համալիր ճանապարհին: Սակայն այս քանակությունը բավարար չէ, միայն մայրուղու ճանապարհը աղբամաններով ապահովելու համար եւս 15 հատի անհրաժեշտություն կա, որը կգնեն այս տարի: Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը վստահեցնում է, թե ինքը նույնպես 20 հատ աղբաման է պատվիրել, որը հունիս ամսվա վերջին կտեղադրեն գյուղի կենտրոնական փողոցներում: Համայնքապետի ասելով, այս տարի ավելին անելու հնարավորություն չունի: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, կարծես թե, դժգոհ չէ ծրագրի կատարման ընթացքից, հատկապես, երբ ներկան համեմատում է մինչեւ ծրագրի մեկնարկը «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում տիրող վիճակի հետ: «Մինչեւ ծրագրված միջոցառումներն իրականացնելը անհրաժեշտ էր մեկ անգամ ամբողջ ճանապարհահատվածը մաքրել, եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ու համայնքների համատեղ ջանքերով աղբահանություն կազմակերպվեց: Ակցիային մասնակցել են նաեւ երիտասարդական կազմակերպություններ, եւ բոլորի համատեղ ջանքերով երթուղին մեկ անգամ հիմնավոր մաքրվեց: Աղբամանները տեղադրելուց հետո մենք նվազագույնի կհասցնենք աղտոտվածությունը»,- հայտնեց նա: Զբոսաշրջային երթուղու բարեկարգումը, իհարկե, աղբահանումով չի ավարտվում, բարեկարգմանը միտված միջոցառումների ցանկն ավելի ընդգրկուն է: Համաձայն ծրագրի` Կոտայքի մարզպետն ու Երեւանի քաղաքապետը պարտավորվում են Երեւան-Ջրվեժ ավտոճանապարհին հարակից մանր եղջերավոր անասունների վաճառակետերը տեղափոխել այլ` սահմանված պահանջներին համապատասխան վայրեր: Մեզ հայտնի չէ` «համապատասխան վայրերի» ընտրությունը կատարվե՞լ է, թե՞ ոչ, սակայն վաճառակետերը շարունակում են գործել` ոչ միայն կենդանի գառներ են իրացվում, այլեւ տեղում մորթը ու մսի բացօթյա վաճառքը երբեւէ չեն ընդհատվել: «Գառների վաճառքի կետն անընդհատ հսկողության կարիք ունի, հանել ենք, որոշ ժամանակ հետո կրկին հայտնվել են: Այս տարի այն չկա, ես կիրակի օրն եմ անցել երթուղով եւ չի եղել»,- ասում է պրն Ապրեսյանը: Վարչության պետին ցույց տվեցինք նախօրեին մեր նկարահանած կադրերը: «Այստեղ երկու խնդիր կա` մսի վաճառքը պետք է կատարվի սննդին համապատասխան վայրերում, եւ երկրորդ` այն հարիր չէ մեր նկարագրին` մայրուղու կողքին գառ են մորթում»,- դրա բացասական ազդեցությունն է ներկայացնում վարչության պետ Մ. Ապրեսյանը: Մշակույթի նախարարությունը պարտավորվել է «Երեւան-Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու ավտոճանապարհի վրա գտնվող ավանդական ուտեստների, հուշանվերների ու արհեստագործական արտադրանքի վաճառակետերի համար միանման տաղավարների նախագծեր պատվիրել եւ տրամադրել համայնքներին: «Մեր խնդիրը դրանց նախագծերը հաստատելն էր, տաղավարները ֆինանսավորելու է ՄԱԿ-ը, եւ դրանք տեղադրվելու են երեք տեղ` Գառնու տաճարի դիմաց, Գեղարդ վանական համալիրում եւ Չարենցի կամարի մոտ: Տաղավարները տեղադրելու համար Գառնիում հենապատն արդեն կառուցվել է, Գեղարդինը` համաձայնեցման փուլում է Մայր Աթոռի հետ: Հուսով ենք` Գառնի-Գեղարդի տաղավարներն այս տարի կլինեն»,- ասում է պրն Ապրեսյանը: Վարչության պետի ասելով, չնայած նոր տաղավարները դեռեւս չեն տեղադրվել, սակայն այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարվել են` մայրուղում տեղադրված երկաթի ջարդոններից շատերը հանվել են, ժանգոտածները` ներկվել, տեսքի են բերվել: Վարչության պետը ծրագիրն, ըստ էության, ավարտված է համարում: Իրոք, ժամանակացույցով նախատեսված գործողությունները պետք է ավարտվեին 2009 թ. կեսերին, սակայն միջոցառումների հիմնական մասը չի իրականացվել: Այսպես. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետք է իրականացներ մի շարք կարեւոր միջոցառումներ, որից առանձնացնենք հետեւյալը` Գառնի համայնքում, մայրուղու եւ դեպի Գառնիի տաճար տանող ճանապարհի խաչմերուկի կահավորում լուսացույցերով: Նրան է վերապահված նաեւ ճանապարհի սողանքային գոտու հատվածների ամենամյա բարեկարգումը մինչեւ տվյալ տարվա մայիսի 30-ը, ինչպես նաեւ ավտոճանապարհի անբարեկարգ հատվածների նորոգումը եւ այլն: Ողջաբերդ գյուղում գտնվող կիսաքանդ շինության ապամոնտաժումը պետք է իրականացներ քաղաքաշինության նախարարությունը, իսկ մայրուղում գտնվող մյուս կիսաքանդ շինությունների պատասխանատուն հայտնի չէ: Անբարեկարգ հատվածների մեջ պետք է նկատի ունենալ նաեւ Գառնիի տաճար տանող ճանապարհի բաց դիտահորերը, որոնք տասնամյակի պատմություն ունեն, սակայն, չգիտես ինչու, դրանք ոչ ոք չի «նկատում»: Բնապահպանության նախարարությունը պետք է կառուցեր Ջրվեժի գերեզմանոցը մայրուղուց տարանջատող պատը, որը չի կառուցվել: Ողջաբերդ գյուղում մայթեզրին ընկած են ժանգոտված երկաթի կտորներ, որոնք որպես տաղավարներ են ծառայել, խոտանված մեքենաներ եւ այլն: Հարցն այն է, որ այս երթուղին չի բարեկարգվում անգամ այն դեպքում, երբ կա Կառավարության հատուկ որոշում, ֆինանսական հատկացումներ` պետական բյուջեից եւ միջազգային կազմակերպությունից: Պլանավորված միջոցառումները չեն իրականացվել, իսկ այն, ինչ փաստացի կատարվել է, համայնքապետարանների պարտավորությունների շրջանակում է եւ, կարծում ենք, հենց այդ նկատառումով է նրանց հանձնարարվել աշխատանքներն իրականացնել սեփական բյուջեի միջոցներով: Սակայն, ցավալին այն է, որ պատասխանատուներն այսքանով գոհացել են ու վերջակետ դրել: Արդյունքում` աղբահանման գումարի վերջանալու հետ երթուղին կամաց-կամաց իր նախկին տեսքին է վերադառնում` աղբակույտերն արդեն տեսանելի են այս ու այն հատվածում, իսկ Գողթ գյուղ մուտքը նշանավորվում է մի հսկայական աղբանոցով, որի վաղեմությունը որոշելը դժվար է: Ծրագրով նախատեսված է նաեւ ինֆորմացիոն կենտրոն ստեղծել: Վարչության պետը վստահեցնում է, որ Գառնիի համայնքապետարանը մշակույթի տան շենքում անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրել տեղեկատվական-մարկետինգային կենտրոն հիմնելու համար, որը կվերանորոգվի պետբյուջեի միջոցներով: Այն պետք է տեղեկատվությամբ ապահովի զբոսաշրջիկներին ու ծառայի տեղի բնակչությանը` ներկայացնելով նրանց մատուցած ծառայությունները: Տեղի բնակչությունն առայժմ միայն մեկ ծառայություն է մատուցում. ամեն տարի երթուղում ավելանում են միայն կերուխումի ծառայություն մատուցողները: Սա խոսում է այն մասին, որ մենք տուրիզմ չենք զարգացնում` մեր պատմամշակութային ժառանգությունը, հայկական ավանդույթներն օտարներին ներկայացնելու համար: Մեր ստեղծածը «հացատունն» է` հայրենակիցների բացօթյա կերուխումը կազմակերպելու համար, եւ անբարեկարգ ճանապարհները, գառների մորթը, բաց դիտահորերը, պատմամշակութային վայրերում ու մայրուղում գոյացող աղբակույտերը խորթ չեն այս տրամաբանությանը: Ափսոս, որ օտարերկրացի զբոսաշրջիկը այդ ամենը չի կարողանում համատեղել Գեղարդա վանքի ու Գառնիի տաճարի վեհության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter