HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամբաստանյալը խոստանում է մանրամասներ հրապարակել նախաքննական մարմնի եւ Ջրմուղի աշխատակիցների հանցավոր գործունեության մասին

Հունիսի 15-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց ««Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն` ընդդեմ Մուշեղ Հովհաննիսյանի» քրեական գործի լսումը: Մուշեղ Հովհաննիսյանը մեղադրվում է ջրաչափական հանգույցները հափշտակելու, դրանք յուրացնելու եւ կազմակերպությանը առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու մեջ: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ չի ընդունում իրեն մեղսագրված հանցանքը: «Մեղադրանքը կեղծ է եւ շինծու: Մեղադրական եզրակացության մեջ նշված թվերը համաձայնեցրել են էն թվերի հետ, որոնք իրենց հովանավորյալները գրպանել են: Էստեղ միայն մեկ թիվ կա, որ համապատասխանում է իրականությանը` 600 ջրաչափը, որոնք ես ոչ թե ստացել եմ, այլ գնել, հատը 1000 դրամով,- հայտարարեց Մուշեղ Հովհաննիսյանը,- եւ ես պատրաստվում եմ դատարանում ապացուցել իմ անմեղությունը»: Մուշեղ Հովհաննիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարեց խայտառակ խեղկատակություն, որը զուրկ է իրավական հիմքերից: «Ես համարում եմ, որ «Ջրմուղկոյուղու» միակ նպատակը իմ կալանավորումն էր: Խնդիր կար կազմակերպությունը մի տիրոջից հանձնել երկրորդին, եւ որպեսզի աչք ծակող շորթումները ինչ- որ ձեւով արդարացվեին, նրանց պետք էր իմ նման մեկը, ում վրա կարելի կլիներ բարդել փոշիացրած գումարների մի մասը»,- դատարանում տված ցուցմունքում նշեց ամբաստանյալը: Թեեւ հրապարակված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ Մուշեղ Հովհաննիսյանը եղել է «Շիրակ Ջրմուղկոյուղու» ջրաչափերի տեխնիկական վերահսկողության եւ կարգաբերման ենթաբաժնի աշխ-ղեկը, ամբաստանյալը ժխտեց այդ փաստը` ասելով, որ ինքը 2008 թ. ընդամենը համագործակցել է ընկերության հետ, ունեցել է իր սեփական ՍՊԸ-ն, որը զբաղվել է բուկլետների տպագրությամբ: «Սա էլ հերթական սարքոցին է: Ես երբեք չեմ եղել կազմակերպության մի բաժնի աշխղեկ, որի վերնագիրն էնքան երկար է, որ 10 ամիս է անգիր եմ անում, էլի չեմ հիշում,- նկատեց ամբաստանյալը,- անգամ առերեսման ժամանակ այդ բաժնի պետը չճանաչեց ինձ: Մի՞թե դա հնարավոր է, եթե ես իրոք աշխատեի այդտեղ: Իմ ղեկավարը, ով, այսպես ասած, 600 ջրաչափ է վստահել ինձ, գոնե պիտի ճանաչեր, ճ՞իշտ է, բայց չէ, երեւի վատ «տրիներովկա էին» արել, իմ «պետն» ինձ չճանաչեց»: Մուշեղ Հովհաննիսյանը պատմեց, որ 2008 թ. նոյեմբերին ինքը Ջրմուղ է գնացել` բուկլետների պատվեր ստանալու: Հանդիպել է կազմակերպության առեւտրային տնօրեն Սիմոն Պողոսյանի հետ, ով առաջարկել է իրենցից հատը 1000 դրամով ջրաչափ գնել, տեղադրել բնակիչների բնակարաններում, իրենց փոխանցել միայն հասցեները, որպեսզի իրենք կարողանան հետագայում կապարակնքել եւ պայմանագրեր կնքել: «Սիմոնն ասեց` ախպեր ջան, ծրագիր պիտի ստանանք, ցուցանիշներ պիտի հանենք, ուղղակի չենք հասցնում, պիտի օգնես: Էդ Ջրմուղում մենակ մի կարգին մարդ կար, Մելիքսեթյան Վանիկը, ով ինձ զգուշացրեց, թե` տղա ջան, զգույշ մնա, վաղը մյուս օրը գլխիդ կսարքեն, ում ինչ կտաս, թող ստորագրեն»,- ասաց Մուշեղ Հովհաննիսյանը: Ամբաստանյալը նշեց, որ ջրաչափերի տեղադրման ծրագրի իրականացման ընթացքում ինքն էլ, շատերի նման, առանց որեւէ պարտավորության, առանց ստացականի գնել է ջրաչափեր, դրանք վերավաճառել, իսկ բնակիչների հասցեներն ու ստորագրությունները հանձնել կազմակերպության նախկին աշխատակիցներին: «Կատարվել է հանցագործություն ոչ միայն ինձ մեղադրող մարդկանց կողմից, այլեւ նախաքննական մարմնի: Էդ իմ պաշտպանն է, որ շատ կիրթ գրել է, թե թերացել են, չեն թերացել, կատարել են կանխամտածված հանցագործություն, թաքցրել են հանցագործություններ, կատարել են պաշտոնական կեղծիքներ, որոնք ես անպայման կապացուցեմ դատարանում,- հայտարարեց ամբաստանյալը,- քննիչ Արա Դարբինյանը Սիմոն Պողոսյանի դրդմամբ գործը տարել է իրենց ուզած ձեւով: Ես քննության արդեն 3-րդ օրը բացարկ եմ հայտնել այդ քննիչին»: Մուշեղ Հովհաննիսյանը պատմեց, որ իրեն փորձել են ճնշել նաեւ «գողականով», որպեսզի ինքը սուտ ցուցմունքներ տա նախկին տնօրեն Վարդան Հովսեփյանի դեմ եւ զգուշացրել, որ ոստիկանությունում հանկարծ չտա Սիմոն Պողոսյանի անունը: Ամբաստանյալի վստահեցմամբ` ճնշումների են ենթարկվել այն 99 մարդիկ, ովքեր որպես տուժողներ ընդգրկված են գործում, վերջիններիս վախեցրել են, ստիպել ցուցմունք տալ` ասելով, թե գողացված ջրաչափեր են գնել: «Ինձ հմտորեն 10 ամիս պահեցին «բերդում», 10 ամիս շարունակ ինձ մեղադրական եզրակացություն չներկայացրին: Իմ գործի մեջ առկա 11 հատորը կեղծիք է, ես չգիտեմ` ով է ուզել իր պոչը պրծացնել, դա երեւի կպարզվի, բայց փաստն էն է, որ գործը սարքած է սկզբից մինչեւ վերջ: Սկզբում ինձ մեղադրում էին 4 մլն 900 հազար դրամի յուրացման մեջ: Իմ նստած ժամանակ երեւի շատ էին փնտրել, չգիտեմ որտեղից հայտնաբերել էին կորած 107 ջրաչափը, հետո, երբ ես էլի նստած էի, հայտնաբերվել էր 3 մլն դրամ կորած գումարը: Ստացվում է` եթե մի քիչ էլ նստեմ, Ջրմուղի հետ էլ ոչ մի խնդիր չեմ ունենա»,- տարակուսեց ամբաստանյալը: Մուշեղ Հովհաննիսյանը խոստացավ դատաքննության ընթացքում ոչ միայն ապացուցել իր անմեղությունը, այլեւ մանրամասներ հրապարակել նախաքննական մարմնի եւ Ջրմուղի նախկին աշխատակիցների հանցավոր գործունեության մասին: «Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի եղբոր տղու հետ քյալա տալ չէի կարող» Հունիսի 21-ի դատական նիստում ամբաստանյալին հարցեր ուղղեցին դատախազներ Ժ. Սադոյանը, Հովհաննիսյանը եւ տուժող կողմի ներկայացուցիչը` իրավաբանախորհրդատվական ենթաբաժնի պետ Արամայիս Հայրապետյանը: Դատախազ Ժորա Սադոյանին հետաքրքրում էր, թե ամբաստանյալն ինչ տեսակի փաստաթղթերի տակ է ստորագրել, արդյոք ստացե՞լ է աշխատավարձ, գրե՞լ է դիմում աշխատանքի ընդունման կապակցությամբ, ունեցե՞լ է աշխատանքային պայմանագիր «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ: Մուշեղ Հովհաննիսյանը հաստատեց, որ ինքը Սիմոն Պողոսյանի առաջարկով դիմում գրել է, որտեղ բացակայել է ամիս-ամսաթիվը: «Սիմոնն ինձ ասաց` թող սա մնա, մենք հետո, երբ քեզ ընդունեցինք աշխատանքի, այսինքն` մի երկու ամսից, էն ժամանակ էլ թիվ կգրենք: Իմ ստորագրությունները կան երեք տեղ, երբ իմ մեքենան հիմնարկի հաշվին բենզին են լցրել իրենց գործերը անելու համար ու հաշվապահությունում առաջարկել են ստորագրել, որ ես գումար եմ ստացել, մի անգամ` 11 հազար, հետո` 17 հազար, մի անգամ էլ 22 հազար դրամի բենզին են լցրել: Բայց 4-րդ ստորագրությունը կեղծված է, ես էդ 38 հազարը չեմ ստացել,- հայտարարեց ամբաստանյալը,- կեղծ է նաեւ իրենց սարքած պայմանագրի տակ դրած ստորագրությունը»: Մուշեղ Հովհաննիսյանը դատավորի այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում իր համագործակցությունը Ջրմուղի հետ, անկեղծորեն պատասխանեց. «Շահույթ, պարոն դատավոր, շահույթ էր հետապնդում, արել եմ մի բան, որ էդ ընթացքում հարյուրավոր մարդիկ անում էին` գործարքի մեջ մտնելով այդ կազմակերպության հետ, գնել եմ, վերավաճառել եմ»: Նախաքննական փուլում ամբաստանյալը դիմել էր քննչական 6-րդ վարչություն: «Ինչու՞»,- հետաքրքրվեց դատախազ Հովհաննիսյանը: «Պատասխանեմ,- պատրաստակամ արձագանքեց ամբաստանյալը,- երբ որ քննիչ Արա Դարբինյանը ձեռքը ոտքին զարկելով ինձ կառաջարկեր, թե եթե 5 մլն բերես, կարող է քո մասով մի բան անենք, ինձ ուրիշ բան չէր մնում, քանի որ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի եղբոր տղու հետ քյալա տալ չէի կարող, քան դիմել 6-րդ վարչություն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դիմելս օգուտ չուներ, միայն մի բան հասկացա, որ մենք շատ հզոր կառույց ունենք` ի դեմս ձեզ (դատախազության) եւ մյուս օրինապահ կառույցների, եւ որ Շիրակի մարզի գործերը միայն Շիրակի մարզում պիտի քննվեն: Իմ ամբողջ պայքարը, որ Շիրակի մարզի սահմաններից դուրս բերեմ գործի քննությունը, պսակվեց անհաջողությամբ»: Մուշեղ Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) եւ 179 հոդվածի 3-րդ մասով (յուրացում): Ի դեպ, Շիրակի մարզի դատախազությունում 2010 թ. ապրիլին հարուցվել է եւս մեկ քրեական գործ` «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային տնօրեն Սիմոն Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մուշեղ Հովհաննիսյանի գործի դատաքննությունը կշարունակվի վկաների հարցաքննությամբ: «Մեծ ուրախությամբ,- հայտարարությանն արձագանքեց ամբաստանյալը,- վերջապես կտեսնեմ այդ տուժողների դեմքերը, որոնց հետ այս 10 ամիսների ընթացքում քննիչը զլացել է առերեսում կազմակերպել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter