HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբուժվի՞, արդյոք, Նուբարաշենի հատուկ դպրոցի «կույր աղին»

«Հետք»-ի հարցերին պատասխանել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը Հայաստանի հատուկ դպրոցներում ստուգայցեր իրականացնելու նպատակով հանձնաժողովն արդեն ստեղծվե՞լ է: Ն. Մանուկյան: Կանոնադրությունը, ծրագիրը, կարգը` ամեն ինչ հաստատվել է, եւ հիմա «Յունիսեֆը» ցանկանում է վերապատրաստել այդ անձանց, որպեսզի նրանք անպատրաստ չմտնեն հաստատություններ եւ հանիրավի սխալ պահանջներ չներկայացնեն, եւ դպրոցում բարյացակամորեն ընդունեն այդ անձանց, ոչ թե որպես իրենց թշնամիների, որոնք գնում են ինչ-որ կեղտ հայտնաբերելու, այլ մարդկանց խումբ, ովքեր գնում են ինչ-որ թերություններ տեսնելու եւ համատեղ ջանքերով այդ թերությունները վերացնելու: Հույս ունենք, որ ամռան ընթացքում այդ գործընթացը կավարտվի, եւ նոր ուսումնական տարվա սկզբից հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը: Իհարկե, ասել, որ դրանք վերեւից եկած հրեշտակներ են եւ միանգամից կփրկեն համակարգը, միամտություն կլինի, բայց որ դրանք մեծ օգուտ կտան համակարգին, միանշանակ է, որովհետեւ ներսի մարդկանց աչքը սովորել է այդ վիճակին, գուցե նրանք շատ են ուզում վերացնել, բայց չեն տեսնում: Ովքե՞ր են ընդգրկվել այդ հանձնաժողովի կազմում, ի՞նչ մասնագետներ են` հոգեբաններ, մանկավարժներ ընդգրկվա՞ծ են: Բոլոր այն կազմակերպությունները, ովքեր զբաղվում են կրթական ծրագրերով կամ հանրակրթական հաստատություններում կրթական ծրագրեր են իրականացրել: Ի սկզբանե 15 միջազգային հասարակական կազմակերպություն է հաստատվել: Դրանից բացի, ստեղծվում են խմբեր, որոնք գնում են դպրոցներ: Յուրաքանչյուր խմբում կարող է 3-4 մարդ ընդգրկվել: Հոգեբանը, մանկավարժը պարտադիր են, մնացածը` Աստված իրենց հետ: Բայց բոլորը պետք է վերապատրաստված լինեն եւ երեխայի հետ աշխատելու հմտություններ, փորձ պետք է ձեռք բերած լինեն: Մեզ անհանգստացնող ամենակարեւոր պահը երեխայի հետ առանձնազրույցն էր, որովհետեւ մտավոր հետամնաց երեխաներ կան` խորը, միջին, թեթեւ, որոնց հետ զրույցը շատ մասնագիտական պիտի լինի: Մանկավարժի ներկայությունը, մասնակցությունը, խոսակցության կողմնորոշումը, հոգեբանական-մանկավարժական ուղղվածություն տալը շատ էական է: Եվ մենք առաջարկում էինք, որ մեր ներկայացրած կամ տվյալ դպրոցի մանկավարժը լիներ, իսկ իրենք ասում էին` մենք կներկայացնենք: Վերջում համաձայնության եկանք, որ իրենք ներկայացնեն, բայց անպայման որակավորված մասնագետ լինի, որ այդ երեխան միամիտ մի բան չասի, հետո կրակի մեջ ընկնի: Որքա՞ն են տեւելու այդ ստուգումները: Դրա համար ոչ մի վերջնաժամկետ սահմանված չէ: Վերջը բարեփոխման դրական արդյունքն է: Դա գործընթաց է, որը նախատեսում է շարունակականություն, զարգացում, նոր հեռանկար, եւ եթե ինչ-որ մի օր այդ մարմինը գտնի, որ դպրոցներում ամեն ինչ լավ է, եւ այլեւս իրենց ներկայությունն անհրաժեշտ չէ, այդ համակարգը բուժված է եւ առողջ վիճակում է, կարող են ընդհանրապես չգնալ: Ո՞վ է ֆինանսավորելու հանձնաժողովի գործունեությունը: Ոչ ոք: Դրանք հասարակական կազմակերպություններ են, իրենք ունեն ֆինանսավորում, դոնոր կազմակերպություններ: Մենք չենք ֆինանսավորում: Հիմա «Յունիսեֆը» ուզում է ֆինանսավորել նրանց վերապատրաստումը եւ գործիքաստեղծ աշխատանքը: Եթե հանձնաժողովը խախտումներ հայտնաբերի, ի՞նչ է անելու, ի՞նչ իրավասություններ ունի: Զեկուցագիր է ներկայացնելու նախարարին: Եվ իրավունք ունեն մամուլում հրապարակելու: Ն. Հովհաննիսյան: Նախարարը հանձնաժողովին նաեւ թույլ է տվել նախարարության տեսչական ստուգումներին մասնակցել: Իսկ նախարարության տեսչական ստուգումների արդյունքում որեւէ խախտում, մինչ այս վերջին դեպքերը, հայտնաբերվե՞լ էր, որեւէ երեխա չի՞ ասել, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Ն. Մանուկյան: Դա մի քիչ դժվար է, մութ անտառ է: Երբ հեռուստահաղորդումը եղավ, մենք տիկին Հովհաննիսյանի ղեկավարությամբ հանձնաժողով կազմեցինք եւ մոտ տասը հոգով գնացինք: Երեխաներին նստեցրինք, բոլորի հետ զրուցեցինք, մեզ չեն ասել: Անուշը եւ մեկ այլ աղջիկ կար, որ հազար բանից խոսեց, բայց այդ բանից չխոսեց: Մենք չենք լսել: Ն. Հովհաննիսյան: Այնպես չէ, որ Ավագյանը բոլորի նկատմամբ նույն վարքագիծը ընդհանուր դրսեւորած լինի: Դա եղել է մի օր, մի անգամ: Բայց, փաստորեն, ապացուցվեց, որ մի անգամ չի եղել: Ն. Մանուկյան: Մի անգամ եղել է 1995 թ., մի անգամ` 1998 թ.: Տարբեր ժամանակներում եղել է, բայց չի բացահայտվել: Մարդ կա` անբարոյական վարքով ապրում է, մեռնում, եւ ոչ ոք չի իմանում: Մարդ էլ կա` մի անգամ անում է, բացահայտվում է: Մենք չենք իմացել: Ն. Հովհաննիսյան: Իհարկե, տնօրենը պետք է իմանար, տնօրենը պիտի տեղյակ լիներ` ով ոնց է շնչում: Տնօրենի տեղյակ չլինելը պատիժ է, վերջ: Երեխաների հավաստմամբ` մանկավարժների մի մասն էլ է տեղյակ եղել, այդ մարդիկ պատժվելո՞ւ են: Ն. Մանուկյան: Որեւէ մեկը, ով մասնակցել է կամ տեղյակ է եղել եւ չի ահազանգել, իր համապատասխան պատիժը կստանա: Պատիժը սահմանում է դպրոցի տնօրենը: Տնօրենն ազատվել է աշխատանքից, նոր տնօրենը պիտի գա եւ խորանա այդ գործերի մեջ, դատարանի վճիռը կարդա եւ տեսնի, թե դատարանի վճռով իրոք հաստատվա՞ծ է, որ Պողոսը, Պետրոսը մասնակից են այդ պրոցեսին, եւ սանկցիա կիրառի: Այս մասով ԿԳՆ-ն որեւէ իրավասություն չունի՞: Ն. Մանուկյան: Պետական ոչ առեւտրային կազմակերպության նկատմամբ տույժեր կամ խրախուսանքներ կիրառելու իրավունք չունի, կարող է առաջարկել կամ հանձնարարել տնօրենին: Հիմա որ նոր տնօրեն եղավ, նոր տնօրենին կհանձնարարվի, ով մեղավոր է` կպատժվի: Մեր կողմից ամենախիստ պատիժը կիրառվեց. տնօրենն ազատվեց աշխատանքից` անվստահության հոդվածով: Դպրոցում տնօրենի բարեկամներն են աշխատում: Դրանից էլ տեղյակ չէ՞իք: Ն. Մանուկյան: Կիսագյուղական բնակավայր է, համայնք է, որտեղ մի քանի հիմնարկ կա, եւ հիմնարկներից մեկն էլ այդ դպրոցն է: Բնական է, որ այդ դպրոցում պետք է աշխատեն կրթություն ունեցող մարդիկ: Բնական է, որ այդ ընտանիքից աշխատողներ լինեն: Այդ հարցը մեկ անգամ նախարարությունում ես քննարկել եմ, անձամբ ես ասել եմ տնօրենին, որ այսպիսի խոսակցություն կա, որ Ձեր ընտանիքի անդամներից շատ են աշխատողները: Ասաց. «Եթե որեւէ մեկին խախտումով եմ ընդունել` սա ունի այսպիսի կրթություն, մյուսը` այսպիսի, եւ աշխատում են»: Օրենքն այդպիսի սահմանափակում չի նախատեսում: Հայաստանի գյուղերում կան մտավորական ընտանիքներ, եւ այդ ընտանիքների բոլոր երեխաներն ունեն բարձրագույն կրթություն: Եվ բոլորն աշխատում են այդ դպրոցում: Հիմա բռնեն այդ տնօրենին դատի տա՞ն: Իսկ ստուգե՞լ եք, իսկապես բոլորն աշխատու՞մ են, թե՞ պարզապես գրանցված են, եւ քանի՞ նման հաստիք կա: Ն. Մանուկյան: Չգիտեմ` քանիսն են: Մեզ ասել են` աշխատում են: Մեր աշխատակցին խնդրել եմ, որ կողքից նայի, ասել է, թե բոլոր հաստիքները զբաղեցրած են, եւ մարդիկ աշխատում են: Քնած հաստիքներ չեն: Ախր ո՞վ իրավունք ունի գա ասի` այս մարդը քո հետ ի՞նչ կապ ունի: Ն. Հովհաննիսյան: Մենք այդ ամբողջ հատվածները նոր տնօրենին կհանձնարարենք բանավոր, որ ամենն անի: Պետք է մաքրվի, խնդիրը բարձրացվել է, եւ նոր տնօրենին դա կհանձնարարվի: Նուբարաշենի դպրոցի օրինակը ձեզ ի՞նչ սովորեցրեց: Ն. Մանուկյան: Կույր աղիք հասկացություն կա, կույր աղիք բոլորն ունեն, բայց ինչ-որ մարդկանց մոտ է այն բորբոքվում: Բայց դա չի նշանակում, որ եթե այդ դպրոցում այդպիսի բան եղել է, ուրեմն համատարած բոլոր դպրոցներում այդպիսի բան կա: Ուղղակի պետք է բարոյաքաղաքական, դաստիարակչական մթնոլորտը, տնօրենների հետ աշխատանքն այնպիսին լինի, որ եթե ինչ-որ ծիլեր են տեսնում, այդ ծիլերն արմատախիլ արվեն: Ն. Հովհաննիսյան: Այսօր 24 հատուկ, գիշերօթիկ ռեժիմով դպրոցներ կան: Մենք ունենք այնպիսի ռազմավարություն, որ նրանք նույնպես հնարավորինս բեռնաթափվեն: Դրանք 52-ից են դարձել 24: Բավականին մեծ աշխատանք է տարվել, այսօր երեխաների մեծ մասը վերադարձել է տուն: Ծայրահեղ դեպքում սոցիալապես անապահով երեխաները խնամքի կենտրոնից են գնում հանրապետական դպրոց: Բայց հույս ունեմ, որ խնամքի կենտրոններն էլ մի օր պետք է դատարկվեն: Այնտեղ էլ է հիմա բեռնաթափում կատարվում` տուն, մայրիկի մոտ: Մեր ռազմավարական ծրագիրը զուգահեռ եւ՛ այդ 24 դպրոցնում իրավիճակը բարելավելն է, եւ՛ 24-ից ազատվելը, բեռնաթափելը: Հուսով ենք` կգա մի օր, երբ կլինեն 5-6 հատուկ դպրոցներ: Նուբարաշենի հատուկ դպրոցում էլ առողջ երեխաներ են եղել: Ո՞վ է պատասխանատու, եթե հատուկ դպրոցում առողջ երեխա է սովորում: Ն. Հովհաննիսյան: Դա բոլորի մեղքն է: 90-ականներից, երբ երեխաները լույսի, սննդի խնդիր ունեին, տարանք լցրինք, ապրելու խնդիր կար, հետո լցվեցին, լավացան ու սկսեցինք բեռնաթափել: Անօրինակությունը եկել է այդ վիճակից: Ն. Մանուկյան: 2008 թ. մենք ստեղծեցինք բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն: Հիմա հասանք նրան, որ օժանդակ դպրոցներից հանել ենք այդ երեխաներին, եւ մտավոր հետամնաց երեխաների հետ ոչ մի առողջ երեխա չի սովորում: Չի սովորում նաեւ 11-րդ դպրոցում: Բոլորը գնահատված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter