HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի մշակույթի պալատները սեփականացրել է սփյուռքահայ գործարարը

Հարցազրույց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հետ Օրերս Ձեր ծննդավայր Ախթալա քաղաքի թոշակառուները, հիմնականում հանքափորներ, դժգոհում էին իրենց ցածր թոշակներից: Ինչու՞ են այդքան ցածր հանքափորների թոշակները: Թոշակների բարձրացումը չի կրում տեղային բնույթ, դա համահանրապետական բնույթի է: Եթե կա գոհ կամ դժգոհ վիճակ, ամբողջ հանրապետությունում պետք է լինի: Ինչ վերաբերում է թոշակների չափերին, ապա ամեն ինչ պետք է դինամիկայի մեջ դիտել. 5-6 տարի առաջ մոտ 3-4 անգամ ավելի պակաս թոշակ էին վճարում, քան հիմա: Բայց 30 հազար դրամ թոշակն էլ շատ քիչ է, հանքափորները դժգոհում են, որ դա իրենց տրվում է հանքում 40 տարի աշխատելու համար: Մենք չենք ասում, թե մեր սահմանած թոշակները շատ բարձր են, բայց ամեն ինչ պետք է դինամիկայի մեջ տեսնել, այսինքն` նախկինում ինչքան էինք կարողանում վճարել, եւ թե այսօր Հայաստանում որքան է միջին աշխատավարձը, որքան է հանրապետության ներքին արդյունքը, եւ որքան միջոցներ են ուղղվում կենսաթոշակների վճարմանը: Պետական բյուջեի 25 տոկոսն ուղղվում է թոշակների վճարմանը: Դուք ծննդով Ախթալայից եք, այնտեղ միջոցառումներ եք կազմակերպում, ասենք` «Խորովածի մրցույթ» եւ այլն, այսինքն` ուզում եք, որ Ախթալան հանրապետությունում ճանաչում ստանա: Բայց չեք կարծու՞մ, որ կարեւոր է նախ մարդկանց ապրելակերպը: Հայաստանի մակարդակով բնակավայրերի մեջ Ախթալան առանձնանում է նաեւ նրանով, որ միջին եկամտի չափով, մեկ շնչի բաժնով Հայաստանի լավագույն բնակավայրերից մեկն է: Ախթալայում աշխատող միակ արտադրական ձեռնարկությունը լեռնահարստացման կոմբինատն է, որտեղ 600 աշխատողներից 300-ն են ախթալացիներ: Այո, բայց 300-ն էլ քիչ չէ: Ըստ Համաշխարհային բանկի չափանիշների` Ախթալան համարվում է Հայաստանի ամենից ապահովված բնակավայրերից մեկը, եւ բնակիչների կենսամակարդակը դիտվում է հանրապետական միջինից բարձր: Եթե այսօր նայենք, Ախթալայում աշխատունակ տարիքի տղամարդկանց զբաղվածության խնդիր չկա: Ինչ վերաբերում է կանանց զբաղվածությանը, որը ժամանակին ապահովում էին պահածոների գործարանը եւ տրիկոտաժի ֆաբրիկան, դժբախտաբար, տարբեր պատճառներից ելնելով` այդ երկու ձեռնարկություններն էլ չեն գործում, եւ այսօր Ախթալայում ռեալ այլընտրանք կանանց համար աշխատատեղ ստեղծելու` թերեւս փոքր եւ միջին ձեռնարկություններն են, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացումը: Ձեր կարծիքով, Ախթալայում փոքր եւ միջին ձեռներեցությունը զարգանու՞մ են: Չեք գտնու՞մ, որ Ախթալայի տնտեսությունը, Ալավերդու նման, հենվում է միայն հանքահումքային արտադրության վրա: Դժբախտաբար, դա հնարավորություններից մեկն է: Մեր կազմակերպած միջոցառումներով փորձում ենք բարենպաստ միջավայր ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի համար: Անցած տարի Կառավարության հավանությանն արժանացած «Հյուսիսային դարպաս» ծրագիրն ուղղակի դրան էր միտված: Ախթալան շուտով ամբողջովին կգազիֆիկացվի, այս տարի կլուծվի խմելու ջրի խնդիրը, կասֆալտապատվեն փողոցները, կվերանոգովեն զբոսահրապարակը եւ թիվ 1 մանկապարտեզը: Մանկապարտեզը կոչվում է պատվարժան ախթալացի Ծովինար Բլուդյանի անունով, որի մոսկվայաբնակ որդին` Նորայր Բլուդյանը, Մոսկվայի կառավարության տրանսպորտի փոխնախարարի միջոցներով առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ախաթալայի բնակիչները «Հետք»-ին դժգոհեցին, որ քաղաքի մշակույթի պալատները պատկանում են «Մեթըլ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին եւ իրենց նպատակին չեն ծառայում: Մինչդեռ աշխատելու դեպքում դրանք կարող են նաեւ աշխատատեղեր ապահովել: Դրանք Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն են դարձել, որովհետեւ գրանցված են եղել լեռնահարստացման կոմբինատի հաշվեկշռում, եւ վերջինիս ղեկավարությունը որոշել է դա սեփականաշնորհել իր բաժնետերերից մեկին` Սերոբ Տեր-Պողոսյանին: Բայց ի սկզբանե եւ կոմբինատը եւ մշակույթի պալատի շենքերը եղել են ոչ թե մասնավոր, այլ պետական սեփականություն: Դա լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերի որոշումն է: Հնարավոր չէ՞ Կառավարությունում հարց բարձրացնել եւ, ինչպես սահմանված է մանկապարտեզների շենքերի դեպքում, արգելել նաեւ մշակութային շենքերի սեփականաշնորհումը: Արդեն բավականին ուշ է խնդիրը լուծելու համար: Ձեզ չի անհանգստացնու՞մ կոմբինատին պատկանող պոչամբարների վիճակը, երբ փորձում եք այստեղ զբոսաշրջության ծրագրեր իրականացնել: Լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարներից երկուսն են գտնվում Ախթալայի տարածքում: Որքան հասկանում եմ` եկեղեցամերձ տարածքի պոչամբարը չի շահագործվում, մյուսի ճակատագրով ես չեմ էլ հետաքրքրվել: Ես կարծում եմ, որ եթե Սերոբ Տեր-Պողոսյանն այս ոլորտում խնդիրներ ունենար, ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ տարբեր վերստուգող մարմինները կարձագանքեին: Որքան հասկանում ենք, Դուք պարզապես ջանում եք Ձեր հարաբերությունները չփչացնել նրա հետ: Ես տեխնիկական մասնագետ չեմ, որ գնահատականներ տամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter