Ճգնաժամից տուժել են նաև միգրանտները
2009թ-ին ԱՊՀ տարածքում տնտեսական ճգնաժամի պատճառով դրամական փոխանցումները (դոլարի տեսքով) նվազել են մոտ երեք անգամ` 2008 թ-ի համեմատ: Պատճառը եղել է Ռուսաստանի Դաշնությունում շինարարական ոլորտի կտրուկ ետընթացը: ԱՊՀ տարածքում միգրանտներին ընդունող հիմնական երկիրը Ռուսաստանն է: Միգրանտներն ավելի շատ են տուժել տնտեսական անկումից, քանի որ աշխատում են ՌԴ շինարարության ոլորտում:
Այսօր միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ միջազգային սեմինարում իր հետազոտությունը ներկայացնելիս նշեց Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Սուդհարշան Քանագարջահին: Նա ուսումնասիրել է տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ԱՊՀ երկրների, մասնավորապես` Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի վրա:
«Հայաստանն էապես տուժել է արտերկրից ստացված ուղղակի ներդրումների ծավալի նվազման հետևանքով: Այս երկրները բավականին ինտեգրված և կապված են Ռուսաստանի տնտեսությանը` ներքին առևտրի, կապիտալի հոսքի, և հատկապես դրամական փոխանցումների տեսանկյունից»,- արձանագրել է մասնագետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել