HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Իմ փողոցը դատարկ չէ

Դաշնամուրի կցկտուր հնչյուններ էին լսվում: Նայեցի պատերին ու մոռացա, որ եկել էի հարցազրույցի: Աբստրակտ գծերի ու չոր բարձրահարկ շենքերի, ակտիվ դեղինի, կապույտի, կարմիրի եւ սեւի համադրությունը, կերպարների վերացական եւ անչափ իրական լինելը տպավորիչ էին:

Երբ Ժամանակակից արվեստի թանգարանի սրահի պատերից հայացքս չկտրելով հասա սրահի մյուս ծայրին, նկատեցի մեծ սեւ ռոյալը ու դրա առաջ գլուխը կախ նստած նկարչին. մոտեցա, սկսեցի լսել: Գագիկը բարձրացրեց գլուխը ու, ինձ տեսնելով, չզարմացավ: «Նվագու՞մ եք»,- հարցրեց: «Չէ»,- պատասխանեցի: «Ես էլ»,- ժպտալով ասաց նկարիչը: Գագիկ Ղազանչյանի առաջին անհատական ցուցահանդեսն է Երեւանում: Մինչ այդ մի քանի անհատական եւ բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել մի շարք երկրներում: Սակայն իր ցուցահանդեսների մեծ ցանկում Երեւանի անհատականը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում` 50-ամյակի կապակցությամբ այդքան տարիների աշխատանքի հաշվետվությունն է:

 Գագիկն ասում է, որ երբեք չի մտածել ոճի մասին: Ոճն ինքնաբերաբար է ստացվում, առանց պարտադրանքների ու կանոնների: «Իմ նկարները մեկը մյուսի շարունակությունն են, ու այդ ոճ ասվածն ինքն իրեն է գոյացել իմ նկարներում»: Ասում է, որ իր կտավներում ամենաշատը էմոցիան է, զգացմունքի պոռթկումը, ոչ միտքը: «Միգուցե տեսաբանները կարողանան ինչ-որ մտքեր գտնել, տեսնել, մեկնաբանել, բայց իմ նկարում խոսողը զգացողությունների ժայթքումն է»:

Գագիկի նկարներում շատ են փողոցային աղմուկը, վառ գույներն ու կոնտրաստ ստեղծող գծերն ու պատկերները: Աբստրակտ նկարի անկյունում վեր է խոյանում բարձրահարկ շենքերի մի համալիր: Ու դրանով այդ աշխուժությունը կապվում է քաղաքի հետ: Շարժումն ու ակտիվությունը, քաղաքին բնորոշ արագությունն առաջին հերթին նկարչին են բնորոշ, հետո` նրա կտավներին: Էներգիայով լեցուն` նա իր օրը սկսում է արվեստանոցում, ապա շարունակում ընկերների հետ` աշխույժ միջավայրում, քաղաքի մարդաշատ վայրերում: Նկարիչն իրեն անվանում է քաղաքի մարդ: «Քաղաքն իմ բնական վիճակն է: Աշխույժ փողոցը իմ հոգեվիճակն է: Իմ փողոցը դատարկ չէ, ես վախենում եմ այդ դատարկ փողոցից: Դրա համար գիշերը չեմ սիրում. այն դատարկ է, ու այդ լռությունից մի քիչ նեղվում եմ»:

«Մի բան եմ, գիտես, շատ սիրում. միայն Երեւանում է լինում, երբ տաքացած ասֆալտի վրա անձրեւ է թափվում: Այդ հոտը զգացե՞լ ես` ինչ լավն է: Չգիտեմ ինչի հոտն է` փոշո՞ւ, գոլորշո՞ւ, չգիտեմ: Բայց այն միայն Երեւանում է այդպիսին»: Երեւանում ծնված եւ մեծացած նկարիչը որքան էլ հեռու է մեկնում, «hենց ինքնաթիռը պոկվում է Հայաստանի հողից, միանգամից կարոտը սկսում է խեղդել կոկորդը»: Միշտ վերադարձել է` չնայած դրսում ապրելու բազմաթիվ գայթակղիչ առաջարկներին: Երեւանում առկա խնդիրների մասին չուզեց խոսել. «Ես ոչ թե դրանք չեմ տեսնում եւ դրանք ինձ չեն մտահոգում, այլ ուղղակի ուզում եմ տեսնել լավը` իմ ընկերներին, իմ շրջապատը, ընտանիքս, մթնոլորտը»: Հետաքրքիր են նաեւ նրա քանդակները: Նույն արագությունն ու սլացքը այստեղ ավելի ակնհայտ են: Ասում է` քանդակում է, երբ կտավի ծավալը սկսում է չբավականացնել: «Հիմա արվեստագետին սահմանափակող հին սովետական կարգերը չկան, որ ասում էին` դու նկարչական բաժինն ես ավարտել, ուրեմն պիտի միայն նկարես: Ես ասելիք ու զգացմունք ունեմ փոխանցելու, թե ո՞ր արտահայտչամիջոցով ես այն կփոխանցեմ, արդեն կարեւոր չէ: Իհարկե, ես առաջին հերթին նկարիչ եմ: Իմ քանդակներն էլ են նկարչի քանդակներ, ես դրանք ներկում եմ, ինչ-որ դեկորներ ավելացնում, ֆոն ստեղծում: Դա նկարչի տեսանկյուն է եւ ոչ քանդակագործի»

:

Գագիկը նկատել է, որ մարդն ուզում է շոշափել, զգալ, իր ձեռքում ունենալ: Այդ պատճառով էլ քանդակը հաճախ ավելի է հետաքրքրում մարդկանց: «Քանդակները շատ հետաքրքիր են: Դրանք երկար նույն տեղում մնալով` դադարում են նկատվելուց: Օրինակ` ես կարծում եմ, որ Երեւանի սիմվոլը Սասունցի Դավթի արձանն է: Բայց մենք դադարել ենք այն նկատել: Շվեյցարիայում իրենց գլխավոր հրապարակի արձանը հանել էին, բերել կանգնեցրել կայարանում` երկու երկաթգծերի արանքում: Ես զարմացա, հարցրի, թե ինչու եք այս արձանը այստեղ կանգնեցրել: Պատասխանեցին, որ մարդիկ դադարել էին այն նկատել եւ հիմա բերել են այստեղ, ու կարծես բնակիչները վերաարժեւորում են այն»: Գագիկը մի քանի րոպե լռեց, զգում էի, որ մտածում է, չընդհատեցի: «Գիտե՞ս ինչ էի նոր պատկերացնում: Մի գիշեր մեր արձանները հոգնեն իրենց նկատմամբ անուշադրությունից ու փոխվեն տեղերով. Մայր Հայաստանը գա Վարդան Մամիկոնյանի տեղը կանգնի, Սասունցի Դավիթը` Արամ Խաչատրյանի եւ այդպես շարունակ ու վիճեն, թե ում տեղն է ավելի լավը, թե որտեղի մարդիկ են ավելի մակարդակով...Հետաքրքիր ֆիլմ կստացվեր»: Գագիկ Ղազանչյանը «Նկարիչ» անվանումով մի կտավ ունի: Մի տղա է` թղթապանակը ձեռքին, շենքերի մեջ, փողոցում: Հենց այդպիսին էր իր պատկերացմամբ ինքը` նկարիչը, երբ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում ուսումնառության տարիներին խելագարի պես տարված էր գեղանկարչությամբ ու հանճարեղ նկարիչ դառնալու երազանքներով: «Դարձա՞ք այդպիսին»,-հարցնում եմ: «Եսի՞մ»,- ժպտում է նկարչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter