Հոգեկան հիվանդը 5 օր վտանգ էր ներկայացնում շրջապատի համար
Լոռու մարզի Ախթալայի բնակիչ 26-ամյա Արմեն Մղդսյանը երեկ` ժամը 11:00-ի սահմաններում, հրդեհել է Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցու դուռը, եկեղեցու սրահի պահարանը, գորգը, մոմերը: Արմենը հոգեկան հիվանդ է: Նա եկեղեցում կատարել է նաեւ այլ ավերածություններ: Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցու քահանա Վիգեն Տեր-Ղազարյանն ասաց, որ Արմեն Մղդսյանը եկեղեցուն պատճառել է մեծ չափի վնաս:
Սակայն սա դեռ բոլորը չէ: Կեսգիշերին Արմեն Մղդսյանը այրել է նաեւ Գնունի 2 շենքի առաջին հարկում գտնվող իրենց 2 սենյականոց բնակարանը: Հրդեհը մարվել է շենքի բնակիչների ջանքերով:
Ախթալայի Սարահարթ եւ Սվինեց թաղամասերի խաչմերուկում, տեսնելով ոստիկաններով շրջապատված հիվանդին, քահանա Վիգեն Տեր-Ղազարյանը սկսեց նախատել, մինչեւ որ Ախթալայի ոստիկանության տեղամասային տեսուչ Գագիկ Անդրեասյանը, մի կողմ տանելով քահանային, նրան ներկայացրեց երիտասարդի վիճակը:
Արմեն Մղդսյանը արդեն 4 տարի է` տառապում է հոգեկան ծանր հիվանդությամբ: Նրա եղբայրը` Արթուր Մղդսյանը, հայտնեց, որ մինչեւ վերջերս նա հանգիստ աշխատել է, սակայն «արդեն 5 օր է` խանգարված վիճակում է եւ դանակը ձեռքին ծնողներին եւ հարևաններին վախեցնում է»: Դանակը ձեռքից վերցնելու համար որեւէ մեկը չի համարձակվել այդ օրերին մոտենալ նրան: Հարեւանուհին` Աստղիկ Կոնինյանը, Արմեն Մղդսյանին հոգեբուժարան տեղափոխելու համար երեկ առավոտյան դիմել է «Հետք»-ի աջակցությանը:
«Արմենը 5 օր վատ վիճակում է, դիմեցինք Ախթալայի հիվանդանոց, ասացին` սպասեք, հետը մի շփվեք, լավ կլինի: Ախթալայի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Կարեն Ազարյանը զանգահարեց ոստիկանության տեղամասային տեսուչ Գագիկ Անդրեասյանին, վերջինս էլ ասաց` էս ա գալիս եմ, չեկավ: Մեր սաղ շենքավորը ողջ գիշերը դռանը նստած սպասել ա, ոչ մեկը չեկավ: Արմենի ծնողները վախենում էին տուն մտնել, երեխաները վախենում էին շքամուտք մտնել: Դրանից հետո գիշերը սկսեց տան եղածը ջարդուփշուր անել: Դանակը, կացինն ու մուրճը ձեռքին ոչ մեկի տուն չէր թողնում, վախենում էինք մոտենալ: Լուսադեմին նկատեցինք, որ տունը հրդեհել է»,- պատմում է Ա. Կոնինյանը:
Իրենց շենքի բակում ընդառաջ գալով` Արմենի մայրը` Հայկուշ Մղդսյանը, արտասվելով ասաց. «Հոգեբուժարան տեղափոխելու մեր խնդրանքը մեկը մյուսի վրա գցեց, հմի լավ ա, գնա հլա մեր տան օրը տես , բոլորին տեղյակ ենք պահել, ոչ մեկը տեր չեղավ: Զանգահարել ենք միլիցիա, միլիցիայից ասել են` մենք գործ չունենք, 5 օր ա էս վիճակում ենք: Ոչ մեկը չի եկել: Ոչ մեկը տեր չի լինում, ես էլ գումար չունեմ, անտեր ենք, հլա մեր տան վիճակը նայիր»:
«Շենքում տղամարդ չունեինք, որ Արմենից մեզ պաշտպաներ, լուսադեմին` ժամը 5:10 րոպեին, տեսանք, որ ուգար ենք լինում, ծուխը լցվեց պադեզդները, չէինք կարողանում վեդրո գտնենք, որ իջնենք, օգնենք: Վերջը մի կերպ օգնեցինք: Մայրը ուղեգիրը էս անցած օրերին վերցրել ա, 4 ոստիկան 21-ի գիշերը եկան, ասացին, թե` մեր գործը չի, արդեն հոգեկաններին հոգեբուժարան տեղափոխելու հարցը մեր վրից հանված ա»,- պատմեց շենքի բնակիչ Արուս Ասրյանը:
Հիվանդը երեկ կեսօրին Վանաձորի հոգեբուժարան տեղափոխվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի միջամտությունից հետո:
Լոռու մարզային ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ներսես Նոնինյանը մեր հարցմանը պատասխանեց, որ էքստրեմալ վիճակում հայտնված հոգեկան հիվանդների հրատապ մեկուսացման խնդիրը չի մտնում ոստիկանության պարտականությունների մեջ:
Ոստիկանությունը հիվանդի տեղափոխմանը կարող է մասնակցել միայն առողջապահական մարմինների գրավոր պահանջի դեպքում, իսկ Արմեն Մղդսյանի դեպքում ոստիկանության Թումանյանի բաժինը նման գրություն չի ստացել:
Ն. Նոնինյանը դժգոհեց, որ շատ դեպքերում հոգեբուժարան հասցնելուց հետո այնտեղ չեն ընդունում հիվանդին` տեղ չլինելու պատճառով, եւ իզուր ծախսեր են արվում: Ախթալա քաղաքի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Կարեն Ազարյանը, ով հիվանդին այսօր ուղեկցեց հոգեբուժարան, հայտնեց, որ նման հիվանդներին հոգեբուժարան տեղափոխելու պարտականությունը Ալավերդու առողջապահական կենտրոնի հոգեկան հիվանդների դիսպանսեր հսկողությունն իրականացնող հոգեբուժական կաբինետինն է:
«Ես տեղյակ չեմ, ինձ ոչ ոք չի դիմել: Եթե ես չեմ սխալվում, նմանատիպ հիվանդների համար ՀՀ -ում գործում է մասնագիտացած բրիգադ եւ ծառայողական մասնագիտացված մեքենա կա: Պետք է նրանց կանչ արձանագրել, էդ հատուկ անձնակազմը իր մասնագիտացված ավտոմեքենայով գա, տեղափոխի»,- ասաց Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
«Իսկ բնակչությունն ումի՞ց պետք է պարզի այդ բրիգադի գտնվելու վայրը, հեռախոսահամարը» հարցին Ս. Մոսինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` կոնկրետ ես էլ դրա տեղը չգիտեմ, ուղղակի կարդացել եմ առողջապահական կառույցների կառավարման չափորոշիչներում»:
Ս. Մոսինյանը հայտնեց, որ մինչեւ օրս շրջապատի համար վտանգավոր վիճակում հայտնված հիվանդներին հոգեբուժարան տեղափոխելու համար ոստիկանության բաժինը տրամադրել է ոստիկան, քաղաքապետարանը բենզինի խնդիրն է լուծել, իսկ առողջապահական կենտրոնը տվել է բուժքույր եւ սանիտարական մեքենա:
«Բայց դրա դիմաց մենք չենք վճարվում պետությունից: Այսինքն` այդ ամենը եղել ա հայավարի»,- ասաց Ս. Մոսինյանը:
Ալավերդու առողջապահական կենտրոնում հաշվառված է շուրջ 700 հոգեկան հիվանդ: Նրանք Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Հիվանդներից 167-ը շրջապատի համար խիստ վտանգավոր է: Վերջիններից մեկն էլ Արմեն Մղդսյանն է:
Ս. Մոսինյանը տեղեկացրեց, որ ամեն անգամ վերջիններիս հոգեբուժարան տեղափոխելու կարիքն առաջանալու դեպքում գործել է «հայավարի» սկզբունքը. «Մենք օրենքով էլ չենք գործել, մեր ամբողջ շրջանի հոգեկան հիվանդների դիսպանսեր հսկողությունը իրականացնում է մեր հոգեբուժական կաբինետը, մենք միայն նրանց հաստատագրված էպիկրիզներով դիսպանսեր հսկողություն ենք իրականացնում եւ դեղորայք ենք տալիս: Իսկ մնացած պարագաներում հոգեբուժական կաբինետի վարիչ Սվետլանա Քառյանը, որ սրտով էլ ցանկանա, նրանց տեղափոխման խնդիրը չի կարող կազմակերպել»:
Տնօրենը նաեւ հայտնեց, որ Առողջապահական կենտրոնի բժիշկը հոգեբույժ չէ եւ տվյալ իրավիճակում չի էլ կարող հիվանդին դեղորայքով օգնել:
«Օրենքով հիվանդի տերերը մեր դրամարկղ պիտի վճարեն, որ կարողանանք տեղափոխել հիվանդին, այլապես մենք նույնիսկ մասնագետ էլ չունենք: Նմանատիպ հարց է առաջացել մոտ օրերս նաեւ Թումանյան քաղաքում: Չենք կարողացել տեղափոխել: Լավ, հիվանդներին տեղափոխելիս ոչ միայն բենզին ենք ծախսում, մեքենան ամորտիզացիայի է ենթարկվում, սենց հարցեր են առաջանում: Աշխատողն էլ է դժգոհում: Ասում է` ես իմ աշխատանքից դուրս գնում եմ, չեմ վճարվում: Ես իմ վերադասին ասել եմ, պատասխանել է` հիվանդի տերը թող վճարի ծախսերը: Չեն վճարում, դրա համար էլ չենք ուղարկում»,- ասաց Ստեփան Մոսինյանը:
Թե որ վերադասն է նման հրահանգ տվել իրեն, Ստեփան Մոսինյանը չցանկացավ պատասխանել. «Բերեք ազգանուններով չխոսենք»:
Այս անգամ հիվանդի արարքները, բարեբախտաբար, ավարտվել են միայն հրդեհով եւ իրեր կոտրելով, սակայն Ա. Մղդսյանը կարող էր նաեւ իր մոտ եղած դանակով վնասել մարդկանց:
Ժամանակն է, որ Առողջապահության նախարարությունն իր «դարակազմիկ» ծրագրերի մեջ ավելացնի մի աննշան կետ` հոգեկան հիվանդներին հիվանդության սրացումների ժամանակ հիվանդանոց տեղափոխելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել