
«Բնակչության խնդիրների հիմնական մասը ավագանու միջոցով է հասնում համայնքապետարան»
«Ընկեր Հակոբյան» կանչող միջին տարիքի կինը հավանաբար չէր նկատել ինձ եւ դեռ հեռվից փորձում էր Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանին հասկացնել, որ ուզում է հետը զրուցել: «Արի, արի, մի քաշվի,-համագյուղացի կնոջը հորդորում է համայնքապետը,- թող լրագրողն էլ իմանա, թե ինչ խնդիրներով եք դիմում: Ասա տեսնեմ, ի՞նչ կա, ի՞նչ է պատահել»: Մի փոքր տատանվելով, այնուամենայիվ, կինը պատմեց, որ սկեսրայրը ուզում է երկրորդ կին առնի կնության եւ խնդրեց, որպեսզի համայնքապետը «խելք հասկացնի» 84-ամյա Պավել պապին ու ստիպի վերջինիս հրաժարվելու այդ մտքից:
Պարզվում է՝ 5 տարի առաջ Պավել պապի կինը մահացել է ու վերջինս մեկ տարի անց ցանկություն է հայտնել ամուսնանալու: 70-ամյա կնոջը Անուշավան գյուղ բերել էին Մարալիկ քաղաքից, իսկ հիմա պապը երկու ոտքը դրել է մի մաշիկ ու պնդում է, որ երկրորդ կին է ուզում ունենալ: «Այ ղուրբանդ էղնիմ,-Շիրակի մարզի Անուշավան գյուղական համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանին է դիմում բողոքավոր կինը,-արի դու խոսա, ինքը տղուն չի լսե, քեզի կլսե, արի ամոթանք տուր ըդպես բան չենե: Կպել է, թե լեննականցի 50 տարեկան կնիկմ կա, բդի բերեմ, թող էնիկ էլ տան գործերն էնե»:
Ապշած ու տարակուսած համայնքապետը խոստանում է այցելել Պավլուշենց տուն, իսկ հետո շուռ գալով դեպի ինձ նկատում է. «Տասը տարվա համայնքապետ եմ, հլա էսպիսի դեպքի ականատես չէի եղել, մտքովս անգամ չէր անցնի, թե էս տիպի խնդրով կարող է դիմեն ինձ: Գյուղ տեղ է, ամեն ինչ էլ կպատահի, բայց որ երկկնության խնդիր առաջանա, էդ մեկը անակնկալ էր իմ համար»,- խոստովանում է Երվանդ Հակոբյանը:
Արդեն համայնքապետարանում Երվանդ Հակոբյանը ներկայացնում է գրանցամատյանները: 2011 թ. 9 ամիսների ընթացքում համայնքի ավագանին բնակիչներից ստացել է 84, իսկ ղեկավարը` 321 դիմում: Համայնքի ղեկավարի անունով ստացված դիմումներն հիմնականում գրավոր են, իսկ ավագանու անդամներին անուշավանցիները դիմել են բանավոր: Ընտրովի այս մարմիններին անուշավանացիներն անհանգստացրել են հիմնականում իրենց վերաբերող սոցիալական խնդիրներով:
«Կան նաեւ թաղի անունից ներկայացված դիմումներ` ջրագծերի կամ ճանապարհների նորոգման վերաբերյալ»,- տեղեկացնում է պրն Հակոբյանը: Օրինակ, այս տարվա հուլիսի 20-ի ավագանու նիստում որոշում է կայացվել համայնքի բյուջեից 3 անապահով ընտանիքների դիմումների համաձայն նրանց 180 հազար դրամ հատկացնել, մայիսի 20-ի ավագանու նիստում էլ քննարկվել է 9 ընտանիքների ընդհանուր հաշվով 380 հազար դրամ հատկացնելու հարցը, որը հաստատվել է միաձայն, 200 հազարական դրամ էլ հատկացվել է հունիսի 11-ին պտտահողմի ավերածությունից տուժած Վաղինակ Զուլոյանին եւ Երեմ Նազարեթյանին, որոշումը ավագանին հաստատել է հուլիսի 1-ին կայացած նիստում: 465 հազար դրամ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձ են փոխանցելու, մոտավորապես 260 հազար դրամ էլ փոխանցելու են գյուղի միջնակարգ դպրոցին` սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ 38 դպրոցականների դասագրքերի գումար:
2200 բնակիչ ունեցող Անուշավանում երիտասարդներն ընտանիքները պահում են արտագնա աշխատանքով: Ովքեր հնարավորություն չունեն գյուղից դուրս գնալու, իսկ նրանք հիմանականում 50-ն անց անձինք են, զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Համայնքի սեփական եկամուտը 8 մլն 140 հազար դրամ է եւ բնականաբար իրենց ուժերով արվելիք աշխատանքներն էլ ծավալներով շատ մեծ չեն կարող լինել:
Ավագանին լավ է աշխատում, փաստում է համայնքապետը, խնդիրների հիմնական մասը նրանց միջոցով է հասնում համայնքապետարան: Բնակիչներին ընդունելու եւ աշխատելու համար ավագանին աշխատասենյակ չունի: Խնդիրը կրկին գումարային է: Համայնքապետարանի առաջին հարկում երկու ազատ սենյակ ունեն, բայց վերանորոգելու ու կահավորելու կարիք կա: Այս տարի մշակույթի տան մի սենյակն են վերանորոգել ու կահավորել գյուղի ծերերի համար. տաք եղանակին մարդիկ հավաքվում են համայնքապետարանի բակում դրված բացօթյա տաղավարում, իսկ ահա աշնան ցրտերն ընկնելուն պես թոշակառուները միմյանց հանդիպելու, զրուցելու, օրը կարճելու տեղ չունեն:
«Դե, մենք անընդհատ շփվում ենք մարդկանց հետ: Ես չէի ասի, թե մեր համայնքում ավագանին ձեւական բնույթ է կրում, մարդիկ վստահում են, կարող է տարիներ առաջ էդ բանը չկար, դե, իրանց էլ մեղադրելու չէ, մենակ համայնքապետի տեղը գիտեին, բայց էս վերջի տարիներին հատկապես ինչ հարց կունենան անպայման կդիմեն, պարտադիր չէ, որ հասնեն համայնքապետի մոտ: Առանձին աշխատավայր ունենալու առումով այնքան էլ չենք նեղվում, հարմարվում ենք, հույս ուեննք, որ 2012 թ. կունենանք»,- ասում է ավագանու անդամ Գարիկ Ղահրամանյանը:
Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Հրաչյա Ղահրամանյանը, ով եւս մասնակցում է զրույցին, ավելացնում է. «Որպեսզի նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծենք ավագանու համար` աշխատասենյակը կահավորենք, էդ արդեն մեկ միլիոն դրամը գերազանցող գումար է, որի համար պիտի մրցույթ հայտարարենք, դա էլ իր հերթին լրացուցիչ ծախսերի տեղ է` ավելացված արժեքի հարկ եւ այլն,- բացատրում է գլխավոր մասնագետը,- դրա համար էլ մտածում ենք այնպես կազմակերպենք աշխատանքները, որ որոշակի բաներ էլ մեր միջոցներով անենք, շատ թանկ չնստի մեր վրա»:
Երվանդ Հակոբյանն ասում է, որ 2001 թ.-ին ինքն ավագանու նիստեր անցկացնելու առումով շատ բարդ իրավիճակում է հայտնվել` ավագանիները մեկը մյուսի հետեւից մեկնել են արտագնա աշխատանքի: Իսկ ինչ սկսել են առաջադրվել մարդիկ, ովքեր բյուջետային հիմնարկների աշխատակիցներ են` պատկերը փոխվել է: «Մեր ավագանիներից Գարիկը սեփական խանութ ունի, Վարդանյան Գնելը էլեկտրիկ է, Ռաֆիկ Հարությունյանը` գազի հսկիչ, ունենք մեխանիզատոր ավագանի, ջրմուղի աշխատող, դրա համար էի ասում, որ մեր ավագանիների շփումը շատ սերտ է բնակիչների հետ,- համայնքապետը ծիծաղում է եւ շարունակում,- էնպես որ չուզենան էլ, գործից դուրս գալով գոնե ամիսը մի քանի անգամ պիտի մարդկանց տները մտնին դուրս գան»:
Անուշավան համայնքի քառամյա ռազմավարական պլանը կազմվել է 2011 թ. ապրիլինի, քանի որ այստեղ ՏԻՄ ընտրությունները կայացել են այս տարվա մարտ ամսին: Առաջադրված երկու թեկնածուներից անուշավանցիները նախընտրել են Երվանդ Հակոբյանին: 2011 թ.-ին 4 ծրագիր են ներկայացրել, բոլորն էլ իրականացրել են: Գյուղի թիվ 1, 13 եւ 30 փողոցներին հարող թաղամասերի հին ջրագծերը պոլիէթիլենային խողովակներով փոխարինումը արժեցել է 7 մլն 760 հազար դրամ, որից 6 մլն 760 հազար դրամը «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով է հատկացվել, իսկ 1 մլն դրամը եղել է համայնքային ներդրում: Աշխատանքն իրականացվել է մայիս-օգոստոս ամիսներին, մնացել է փոխելու 150 գծամետր, տարածքում կարտոֆիլ է ցանված, սպասում են, որ բանջարանոցի տերը բերքը հավաքի, իրենք էլ կարողանան աշխատանքներն ավարտել:
Երկրորդ ծրագիրը` գյուղի մանկապարտեզը լոկալ ջեռուցումով ապահովելն է, որը հնարավորություն կտա մոտ 50 փոքրիկների ողջ տարին մանկապարտեզ հաճախելու: Ծրագիրն արդեն իրականացվել է: Պահանջվող 2 մլն դրամը հատկացրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը: 2010 թ. գերեզմանատուն տանող 500 մ ճանապարհի կեսն ասֆալտապատվել էր համայնքի միջոցներով, իսկ մնացյալ 250 գծամետրի հիմնանորոգումը Անուշավանի համայնքապետարանը նախատեսել է իրականացնել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Մնացել է 30 մետր, որ ասֆալտապատվի, էդ էլ մինչեւ էս ամսվա վերջ կանենք, 3 մլն 600 հազար դրամ է ընդհանուր ծրագրի արժեքը»,- ասում է Երվանդ Հակոբյանը: 3 մլն 670 հազար դրամ էլ համայնքը սեփական եկամուտներից առանձնացրել է ներհամայնքային ճանապարհների կոպճային եղանակով նորոգման աշխատանքների համար:
2012 թ. Անուշավանի համայնքապետարանը պլանավորել է իրականացնել 2 ծրագիր` Արվեստի դպրոցի հիմնում մանկապարտեզի երկհարկանի շենքի երկրորդ հարկում 1 մլն 400 հազար դրամ համայնքային միջոցների հաշվին եւ բացօթյա շուկա կազմակերպելու նպատակով տաղավարների կառուցում: Համայնքը մեկական ծրագիր էլ պատրաստվում է իրականացնել հաջորդ 3 տարիներին: «Կան բաներ էլ, որ անում ենք, բայց ասենք ռազմավարական ծրագրում տեղ չի գտել,- տեղեկացնում է Հրաչյա Ղահրամանյանը,- օրինակ, գյուղի փողոցների լուսավորումը: Ամեն տարի 2-3 փողոց լուսավորման ցանց ենք անցկացնում: Դա հո փոքր գործ չէ: Ամեն ինչ չէ որ գրված է, բայց ասեմ, որ ավելին ենք անում»:
Մեկնաբանել