Քասախում վերակառուցված սոցիալական տուն է բացվել
Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղի է ունեցել վերակառուցված բազմաբնակարան սոցիալական տան բացման արարողությունը, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ՏԿՆ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ սոցիալական տան վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2009թ. ամռանը, այդ նպատակով հատկացվել էր համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը: Սոցիալական տան քսան բնակարանից 18-ը կհատկացվի Քասախ համայնքում եւ մերձակայքում բնակվող փախստական ընտանիքներին, 2-ը` Քասախ համայնքի կարիքավոր ընտանիքներին: Փախստականների արդյունավետ ինտեգրման համար պայմաններ ստեղծելու նպատակով սոցիալական տան առաջին հարկում բացվել է նաեւ համակարգչային սրահ, կարի արտադրամաս, վարսավիրանոց, առեւտրի կետ, ինչպես նաեւ համայնքային նշանակության հանդիսասրահ:
Փոխվարչապետը բարձր է գնահատել կատարված աշխատանքը` գոհունակություն հայտնելով փախստական ընտանիքներին մշտական կացարանով ապահովելու առնչությամբ: Նա ընդգծել է միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության անհրաժեշտությունը` կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրները լուծելու հարցում եւ հույս հայտնել, որ վերջիններս ակտիվ մասնակցություն կունենան այդ նպատակով աշնանը Երեւանում կազմակերպվելիք համաժողովին:
Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել