Պատրա՞ստ ենք
«Ժողովրդական առածը չպետք է մոռանանք, որ եթե խաղաղություն ես ուզում, պատերազմին պատրաստ եղիր: Մենք այսօր պատրաստ ենք զարգացման ցանկացած սցենարի, բայց չենք պաշտպանում մեր հասարակության մեջ տարածվող այն արհեստական ասեկոսեներւ, լուրերը, որ, այ, շուտով պատերազմ է լինելու եւ այլն: Հակառակը, ես դատապարտում եմ նման հայտարարությունները»,- երեկ հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը`

հավելելով, թե հարկավոր է գիտակցել, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք չկարգավորված հակամարտություն, եւ «քանի դեռ տիրում է այս հարաբերական խաղաղության շրջանը, սա նշանակում է, որ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած ագրեսիայի դիմակայելու»:
Սպասում են կոչին
«Ադրբեջանը չի ցանկանում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմ չի ուզում, բայցեւայնպես` ռազմական տարբերակը չի բացառվում: Իսկ մեր բանակը ի զորու է կատարել ցանկացած խնդիր»:
Երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ՊՆախարար Սաֆար Աբիեւը: Իսկ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտթեւը երեկ դիմել է Իլհամ Ալիեւին` հայտնելով, թե «երիտասարդները սպասում են նախագահի կոչին` թշնամուց ազատելու սրբազան հողերը»:
Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները
ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ: Վերջինիս նախաձեռնությանը միացել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնյակ խորհրդարանականներ:
Երեկ` հունիսի 25-ին, ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրվել է այսպիսի խորագրով մի գրավոր հռչակագիր. «Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները»: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը չի կատարել ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, մասնավորապես` ասված է` որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել մարտի 1-2-ի իրադարձություններիժամանակ 10անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել 2008 թվականի մարտյան իրադարձություններում բանակի «ապօրինի» ներգրամվան հանգամանքները:
Գրավոր հռչակագիրը ստորագրել է 20 պատվիրակ, հայկական կողմից` միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Համաձայն ԵԽԽՎ կայքէջի` այս փաստաթուղթը վերաբերում է միայն այն պատվիրակներին, ովքեր այն ստորագրել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել