Խնդրում են արդյունավետ դարձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ջանքերը ՀՀ ոստիկանության բարեփոխման գործում
ՀԱԿ երիտասարդական թևը նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար-արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևին, որտեղ մասնավորապես ասված է.
«Սկսած 2003 թվականից, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի ոստիկանությունը ստորագրեցին իրենց առաջին փոխըմբռնման հուշագիրը, ԵԱՀԿ գրասենյակը նախաձեռնել է մի շարք ծրագրեր՝ ուղղված ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը: Հայկական մամուլը լայնորեն լուսաբանել է ոստիկանության վերակազմավորման գործում ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը.
Պարզապես համեմատության կարգով նշենք հետևյալը.
2004 թվականին հարևան Վրաստանը նույնպես սկսեց իրականացնել նմանատիպ ծրագիր: Խորը կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այսօր Վրաստանի բնակչության գրեթե 80%-ը վստահում է ոստիկանությանը: Այժմ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դարձել է երկրի ամենավստահելի և արդյունավետ պետական կառույցներից մեկը: Հակառակ Վրաստանի վերաբերյալ ցանկացած տիպի դրական տեղեկատվության հեռուստատեսային շրջափակմանը՝ ՀՀ քաղաքացիները նույնպես գիտեն, որ միջազգային կառույցների աջակցությամբ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը հաջողությամբ իրականացրել է ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարելու առաջադրանքը՝ դարձնելով իր աշխատանքը տեսանելի և թափանցիկ բոլորին:
Վերադառնալով Հայաստանին՝ այստեղ նույնպես մենք տեսնում ենք հայտարարություններ՝ հիմնականում ԵԱՀԿ-ի կողմից, ոստիկանության բարեփոխումների հաջողության վերաբերյալ: Սակայն այն ինչ տեսնում ենք իրականում դա այն է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության 5 տարիներից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանության կրակոցները սպանեցին 10 խաղաղ ցուցարարների և հրազենային վնասվածք պատճառեցին մոտ 200 անձանց, այդ թվում իրավապահ ծառայողների: Այնուհետև ոստիկանությունը ձերբակալեց ընդդիմության ավելի քան 150 աջակիցների և ահաբեկեց հազարներին: Մենք չենք պնդում, որ այս ամենը տեղի ունեցան միջազային կազմակերպությունների ձախողումների պատճառով, քանի որ տեղյակ ենք բարեփոխումներին միջազգային հանրության մասնակցության խորությանը և համագործակցության ծավալին: Սակայն մենք մեծապես ափսոսում ենք, որ այդ գործընթացն ուղղորդող կազմակերպության՝ ԵԱՀԿԻ-ի կողմից, չեղավ ոչ մի կոչ, հաղորդագրություն կամ հայտարարություն այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը պետք է գործի այնպես, ինչպես գործում է նման կառույցը ժողովրդավարական երկրներում: Ընդդիմության դեմ իրականացված արյունալի ճնշման վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակից չհնչեց դատապարտում կամ նունյիսկ որևէ արձագանք, չեղավ որևէ մեկնաբանություն մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմադիր գործիչների դեռ ամիսներ և տարիներ շարունակվող հետապնդումների մասին:
Հիմա արդեն ԵԱՀԿ-ն աջակցում է ոստիկանության բարեփոխման մեկ այլ ծրագրի, որն անդրադառնում է 11 կետերի: Ինչքանո՞վ վստահելի կարող է լինել այս ծրագիրը, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չարձագանքեց սույն թվականի մայիսի 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի և հունիսի 1-ի ոստիկանության վայրագ պահվածքին: Այս օրերին ՀՀ ոստիկանությունը սահմանափակեց քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ արգելելով նրանց մուտքն Ազատության հրապարակ: Նշված հինգ օրերի ընթացքում մոտ 30 ՀՀ քաղաքցիներ բերման ենթարկվեցին առանց որևէ օրինական հիմնավորման: Դավիթ Քիրամիջյանը, ով Թատերական ինստիտուտի ուսանող է, այդ քաղաքացիներից մեկն է: Իր թիկունքում հավանաբար զգալով ամենահայտնի միջազգային կազմակերպություններից մեկի աջակցությունը՝ ոստիկանությունը լուրջ մեղադրանքներ ներկայացրեց երեք անձանց նկատմամբ, որոնից մեկն էլ Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Անի Գևորգյանն է:
Դավիթ Քիրամիջյանը, ով ձերբակալվեց մայիսի 31-ին, այլ երիտասարդ ընդդիմադիրների հետ պարզապես ցանկանում էր մուտք գործել Ազատության հրապարակ: Դավիթը ձերբակալվեց ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք չէին կրում ոստիկանական համազգեստ: Այնուհետև ոստիկանություն փոխադրելու ճանապարհին նա ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից և վնասվել է նրա վիրահատված ոտքը: Բացի այդ, նա այժմ տառապում է մշտական գլխացավերից: Դավիթին առ այսօր չի ցուցաբերվել ոչ մի տեսակի բժշկական օգնություն՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությանը հասանելի է բժշկական զննության արդյունքները, որտեղ հստակորեն նշվում է, որ նա կարիք ունի բժշկական խնամքի և պատշաճ բժշկական միջամտությունների բացակայության դեպքում նա կարող է կորցնել ոտքի շարժողունակությունը:
Հունիսի 3-ին Դավիթ Քիրամիջյանին առաջադրվեց խուլիգանության մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: Դատարանի այս որոշումը անօրինական է՝ համաձայն հայկական օրենսդրության և տարբեր միջազգային համաձայնագրերի:
Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին տրամդրել է տեսանյութեր ոստիկանության հարձակման մասին, ուստի ոստիկանության հարձակման դաժանությունն ակնհայտ է: Մենք կարծում էինք, որ սրան կհետևեր համապատասխան արձագանք, ճնշում ոստիկանության վրա՝ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու նպատակով: Սակայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից չլսվեց որևէ արձագանք, ինչն էլ թույլ տվեց իշխանություններին շարունակել պահել երիրտասարդ ակտիվիստին բանտում:
Հարգելի պարոն նախարար,
Խնդրում ենք Ձեզ կոչ անել ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել Դավիթ Քիրամիջյանին, քանի որ նա չի կատարել որևէ հանցանք, այլ միայն օգտագործել է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը: Մենք նաև խնդրում ենք արդյունավետ դարձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ջանքերը ՀՀ ոստիկանության բարեփոխման գործում՝ Ձեր լիազորությունները իրացնելու միջոցով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել