Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը
Մենք` Ռուսաստանի դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներ, հաստատում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին աջակցելու մեր պարտավորությունը` նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ավարտին հասցնելու գործում:
Մենք ողջունում եւ որպես կարեւոր առաջընթաց ենք դիտարկում երկու կողմերի այն փաստի ընդունումը, որ հիմնարար կարգավորումը պետք է խարսխված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտում առկա սկզբունքների եւ այն դրույթների վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009 թվականի հուլիսի 10-ին Աքվիլայում կայացած Ութնյակի խմբի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ:
Նրանց շարքում` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի` անվտանգության երաշխիքներ եւ ինքնավարություն տրամադրող միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի վերջնական որոշում նրա բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ` խաղաղարար գործողությունը:
Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն եւս մեկ քայլ եւ ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի սկսել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակումը: Մենք հանձնարարում ենք մեր նախարարներին եւ համանախագահներին շարունակել ակտիվ աջակցություն ցուցաբերել կողմերին Ալմա-Աթայում ԵԱՀԿ ոչ ֆորմալ նախարարական ֆորումի ժամանակ նրանց հանդիպման նախապատրաստական աշխատանքներում եղած տարաձայնությունները հաղթահարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել