Նալբանդյանը մեկնաբանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը
«Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»,- ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Հայլուրի» հարցին:
Հարց. Երեկ Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հանդես են եկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես կբեկնաբանե՞ք այդ հայտարարությունը:
Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Կարեւոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ, եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:
Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:
Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա:
Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել