HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ գյուղերում անկախության ամենամեծ ձեռքբերումը համարում են անկախությունը

Հայաստանի անկախության 20-ամյակի ամենամեծ ձեռքբերումը հենց անկախություն է, արցախյան ազատագրական պայքարի հաղթանակն ու կանոնավոր բանակը: Այս կարծիքի են Արմավիրի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները:

Հայ-թուրքական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա ապրող գյուղերում նույնպես նշում են Անկախության տոնը: Համայնքապետերի հավաստմամբ` իրենց գյուղերում միջոցառումները սկսվել են դեռեւս երեկվանից:

Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը դժվարացավ ասել, թե բացի կանոնավոր բանակից, ուրիշ էլ ինչ ձեռքբերում ունենք: «Հենց անկախությունն արդեն ձեռքբերում է, դրանից լավ ձեռքբերում էլ ի՞նչ լինի»,- ավելացրեց համայնքապետը: Երվանդաշատում տոնական միջոցառում կլինի վաղը:

Հարեւան Բագարանում, որտեղ ամեն առավոտ գյուղացին արթնանում է թուրք հովիվի դաշտ գնալու կամ մոլլայի աղոթքների ձայնից, եւս հնչեցրել են անկախ Հայաստանի հիմնը եւ երեկ դպրոցի շենքում նշել Անկախության տոնը:

Գյուղապետ Գեւորգ Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անկախության ամենամեծ ձեռքբերումը Արցախի ազատագրումն է եղել: «Դե, բանակի մասին էլ չասեմ, առանց բանակի հաղթանակ չէինք ունենա: Անկախության այս 20 տարիների ընթացքից կարող եմ միայն վերջին 5 տարիներն առանձնացնել, որ երկիրը սկսեց ձեւավորվել եւ որոշակի հաջողություններ ունենալ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»,- ասաց գյուղապետ Գ. Մարգարյանը:

Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը բավականին լավ տրամադրություն ուներ: «Ցավդ տանեմ, Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն անկախությունն ա, մեր համար ազատ ապրում ենք, ով ինչ ուզում, անում ա իրա համար, իրա քեֆին, ոչ նեղացնող կա, ոչ էլ: Ամեն ինչն էլ ձեռքբերում ա»,- ասաց համայնքապետը:

Մանվել Հարությունյանը որպես ձեռքբերում առանձնացրեց նաեւ Արազափի խնդիրների լուծումը՝ ասելով, որ գյուղը գազիֆիկացվել է, դպրոցը վերանորոգվել է, կառուցվել է գյուղի մանկապարտեզը, գյուղամիջյան ճանապարհները: Արազափում տոնական միջոցառման մեկնարկը տրվել է երեկ, իսկ վաղը դպրոցն առանձին է նշելու տոնը: «Ցանկացած միջոցառում էլ նշում ենք, մեզ էլ մահանա ա պետք, որ միջոցառում անենք, հավաքվենք, թեթեւ նշենք: Մի 2 ժամից էլ մարզպետն ա միջոցառման հրավիրել»,- անկեղծացավ համայնքապետ Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

հարիֆ
Իսկ ինչն է՞ այդ հայրենիքից իրոք մերը: Մեզ աշխատավորական ժողովրդին, այս հայրենիքներում, միայն մահից հետո մեր գերեզմաններն են պատկանում, եթե իհարկե այդ հողը գնելու համար փող ունենանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter