
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Արցախի հակամարտության կարգավորման հայտարարությունը, ասել է հետևյալը.
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ»: (www.lragir.am, 27.06.2010թ.)
Բուն հայտարարության մեջ նման բան չկա: Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը` դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությո՞ւնն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը: Ընդհանրապես հստակեցված չէ` ով է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ:
Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը.
«определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения»: Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է
«final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will»: Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում է
его населения (նրա բնակչության) բառը:
Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն: Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին
(определение… правового статуса) պաշտոնական տեքստում չկա
իրավական (legal) բառը:
Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից: Դա է ինքնորոշման բուն էությունը: Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում: Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
27.06.2010թ.
P.S. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությանը, երբ
a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել:
Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին.
«Քարի մեջ արյուն կա»: Հիմա մենք մեր մեծերին (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք.
«Ձեր առաջարկների մեջ արյուն կա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել