HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ժամանակակից արվեստի միջազգայնացումը դրվում է պետական հենքի վրա

ՀՀ Մշակույթի նախարարության որոշման համաձայն Վիկտոր Վեհամի Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար: 1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Յուրաքանչյուր բիենալե ունի իր թեման: 2011-ի` 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կշարունակվի հունիսից նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար եւ համադրող /կուրատոր/, ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: Բայց մինչ այդ Հայաստանի Մշակույթի նախարարի և կոմիսարի անունից Բիենալեի տնօրեն Բիչե Կուրիգերին ուղարկվել է շնորհավորական նամակ: Ժամանակակից արվեստի վենետիկյան հարթակին են ձևավորվում արվեստի նոր «իզմեր», և ազգային տաղավարների կոմիսարներն ու համադրողները ջանք չեն խնայում իրենց երկրներն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Հունիսի 25-28-ը Վ.Մնացականյանը հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար կգտնվի Վենետիկում: Նրա հավաստմամբ, հուլիսի կեսին արդեն կկազմակերպվի բաց քննարկում արվեստի խնդիրներով մտահոգ մարդկանց, տեսաբանների, արվեստագետների մասնակցությամբ: Արդյունքում կընտրվի 2011-ի հայկական տաղավարի համադրողը, որն էլ կընտրի արվեստագետին կամ արվեստագետներին: Մինչև Բիենալեի գեղարվեստական խորհրդին հայկական տաղավարի նախագծի ներկայացնելը կհրապարակվեն նաև տաղավարի կազմակերպական մանրամասները և գտնվելու վայրը: Այս տարվանից հայկական ժամանակակից արվեստի միջազգայնացումը դրվում է պետական և հուսալի հենքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter