HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կ.Մանոյանը նախընտրում է չասել երկրների անունները, որտեղ աշխատում են Արցախի ճանաչմանը հասնելու ուղղությամբ

Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձավ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի ընդունած որոշման հնարավոր ազդեցությանը Արցախի հակամարտության վրա և պատասխանեց լրագրողներին հարցերին: Կ.Մ. - Անհրաժեշտ է միջազգային արդարադատության դատարանի տեսակետի մեջ շեշտել այն, ինչի հակառակը շեշտեցին տարբեր շրջանակներ, հատկապես այն պետությունները, ովքեր ճանաչել են Կոսովոյի անկախությունը և նրանց առաջիններից ԱՄՆ-ը: Նրանց կողմից այն հաստատումը, որ իբր այս տեսակետը վերաբերվում է բացառապես Կոսովոյի հարցին, մեղմ ասած, իրականության չի համապատասխանում, և այդ տեսակետի մեջ շատ հստակ 2 տարբեր բաժիններ կան: Առաջինը մեկնաբանում է միջազգային իրավունքը, որտեղ ասվում է, որ տարածքային ամբողջականություն կոչվածը, ըստ ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան փաստաթղթի, վերաբերվում է միջպետական հարաբերություններին: Դատարանն արձագարել է փաստը, որ միակողմանի է եղել անկախության հայտարարությունների մեծ մասը, այդպես եղել է 18-րդ, 19-րդ դարում և 20-րդ դարում: Եվ միջազգային իրավունքի մեջ ոչ մի արգելք չկա անկախության միակողմանի հայտարարություն կատարելու: Եվ ուրեմն այս հաստատելուց հետո է, որ դատարանը ասում է, որ միջազգային իրավունքի մեջ չկա այդ միակողմանի հայտարարությանը հակասողը կամ արգելողը, և ուրեմն համապատասխանում է միջազգային իրավունքին: Երկրորդ բաժնով առանձնաբար անդրադառնում է Կոսովոյի հարցին, որովհետև Կոսովոյի հարցը նաև քննարկված է ՄԱԿ-ում: ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդը ունեցել է բանաձև, որոշում, և դա մաս է կազմում իրավունքին: Ուրեմն նայում է, որ արդյոք այդ հայտարարությունը հակասո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևին: Եվ այնտեղ էլ ասում է, որ չի հակասում այդ բանաձևին, մանավանդ որ քայլը, որին գնում են, արդեն չէր էլ նախատեսված այդ բանաձևով: Եթե չի նախատեսված, չի նշանակում, որ տեղի չի ունենա: Հատկապես առաջին բաժինը կարևոր է մատնանշել, որ ասում է, որ պարզ է, որ անկախության հռչակումները ընդհանրապես միակողմանի են կատարվում, իսկ տարածքային ամբողջականությոն կոչվածը միջպետական հարաբերությունների մասին է և ոչ թե անկախության հռչակման արգելք կարելի է նայել: Եվ ուրեմն կարևոր է մեզ համար շեշտել, որ դատարանը այս տեսակետն է հայտնել, որպեսզի կարողանանք հիմնավորել, որ ԼՂՀ անկախություն ճանաչելը միջազգային իրավունքի հակառակ չէ: Սա պարզապես հավելյալ հնարավորություն է` շեշտելու, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային իրավունքի հակառակ չէ, և ինչպես դատարանն է ասել, իրականում չի պահանջում Ադրբեջանի համաձայնությունը և չի պայմանավորվում Ադրբեջանի համաձայնությամբ: Ադրբեջանը համաձայն լինի, չլինի` եթե ճանաչվի անկախությունը, ուրեմն ճանաչվեց: Ի վերջո, Ղարաբաղի մասով գործելու է նախադե՞պը, այսինքն` Հաագայի դատարանի որոշումը մենք կարո՞ղ ենք նախադեպային համարել, որովհետև մինչև հիմա կարծես գործել է քաղաքական տրամաբանությունը: Օրինակ` Խորհրդային Միությունն էլ` ամենամեծ երկիրը, մինչև Ջենովայի կոնֆերանսը չճանաչված երկիր էր: Հետո արդեն ճանաչեցին: Սրանից հետո այս հարցերը պետք է իրավակա՞ն լուծում ունենան, թե՞ էլի քաղաքական լուծում կունենան: Չէ, ձև չկա, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը իրավական ինչ-որ ակտով լինի: Սա չի հստատում, որ ճանաչում է ինքը Կոսովոյի անկախությունը: Սա ասում է, որ Կոսովոյի անկախության հռչակումը միջազգային իրավունքի հակառակ չէ. այդքան բան: Ճանաչումը միշտ քաղաքական ակտ է, ի վերջո, որը հիմնված պետք է լինի իրավունքի վրա: Կոսովոն անկախության մասին հռչակագրում վերամբարձ ասում է, որ սա չի կարող նախընթաց ծառայել ուրիշին: Պարզ է, որ դա կոսովոցիները չէ, որ գրել էին, այլ կոսովոցիներին ներկայացրել էին առնվազն այդ կետը, ինչի մասին նաև խոսում են մոտ 70 այն երկրները, որ ճանաչել են Կոսովոյի անկախությունը` ասելով, որ «սա չի կարող նախընթաց լինել»: Դա արդեն իրենց իմանալիքը չէ` ով ուզում է ինչպես ուզի նախընթացը օգտագործի: Եվ հակառակն էլ ճիշտ չէ, այսինքն` ասել, որ միակողմանի հայտարարությունը չի կարող բավական հիմք լինել` բացի եթե յուրահատուկ դեպք կա, օրինակ` Հյուսիսային Օսիան կամ Աբխազիան: Դա էլ անհասկանալի է: Այսինքն` այն 2 թևերը, ովքեր ճանաչել են Կոսովոյի կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իրականում նույն բանն են արել: Բայց երկուսն ել ասում են, որ յուրաքանչյուրն էլ յուրահատուկ դեպք է: Օրինակ` Կիրպրոսի հարցով Գերմանիան շտապեց մեկնաբանել, որ սա չի վերաբերվում Կիպրոսին: Այդպես է, որովհետև Կիպրոսի պարագան անկախության հռչակում չէ: Կիպրոսի պարագան եկել է մեկ ուրիշ ուժ, զավթել է, գրավել է, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է և այլն: Կիպրոսին չի վերաբերվում, բայց մնացածին ասել, որ «սա յուրահատուկ է միայն Կոսովոյին», ճիշտ չէ: Պրն Մանոյան, Ձեր կարծիքով, Հաագայի դատարանի որոշումը ավելի շատ քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ իրավական: Որոշումը շատ հստակ իրավական որոշում է, բայց կարող է, որ դատավորների քվեարկությունները ինչ-որ քաղաքական ազդեցություն ունեցել են, որովհետև կա մեկնաբանություն, որ այն երկրներից եկած դատավորները, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, ավելի ի նպաստ են քվեարկել: Իսկ այն պետությունների դատավորները, որոնք դեմ են հանդես եկել, դեմ են քվեարկել: Բայց սա դատարանի վերջնական որոշումն է` բացարձակ մեծամասնությամբ առնված: Հաագայի դատարանի վճռից հետո ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ այս վճիռը չի կարող դիտվել որպես նախադեպ այլ դեպքերի համար: Այս դիրքորոշումը մասնավորապես Ղարաբաղի առնչությամբ ի՞նչ հետևանքներ կունենա: Դա զուտ քաղաքական մեկնաբանություն է, իրավական մեկնաբանություն չէ: Եթե ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը դա որպես համալսարանի դասախոս ասեր, պետք էր որ իրեն աշխատանքից արձակեին, որովհետև համոզված եմ, որ հաջորդ նման խնդրի դեպքում միջազգային դատարանը հղում է անելու այս որոշմանը, ինչպես իր որոշման մեջ բազմաթիվ հղումներ արել է բազմաթիվ նախկին որոշումների նույն դատարանի կողմից: Ճիշտ չի ասել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, երբ ասում է, որ «սա բացառապես վերաբերվում է Կոսովոյին»: Ասացի` որոշումը 2 հստակ բաժին ունի. մեկը հաստատում է, որ միջազգային իրավունքը ինչ է ասում, այդ միջազգային իրավունքին արդյոք հակասո՞ւմ է Կոսովոյի պարագան: Կոսովոյի պարագան թող մնա Կոսովոյի պարագա, բայց միջազգային իրավունքը մեկնաբանելիս դատարանը հստակ ասել է, որ ընդհանրապես միակողմանի ձևով հայտարարվել են անկախությունները, և 2-րդ` տարածքային ամբողջականությունը, որի մասին խոսվում է ՄԱԿ-ի խարտիայում, Հելսինկյան փաստաթղթում, վերաբերվում է միջպետական հարաբերություննրին և ոչ թե նման դեպքին: Եվ ուրեմն բոլոր նման դեպքերին էլ վերաբերվում է այս որոշումը: Սա ընդամենը խորհրդատվական կարծիք է: Դա չի նշանակում` արժեք չունի, բայց սա ոչ ոքի համար պարտադիր չէ այդ իմաստով, բայց որպես օրենքի մեկնաբանություն` սա վերջնական մեկնաբանություն է, սրանից տարբեր մեկնաբանելու տեղ չկա այլևս: Պրն Մանոյան, վերջին շրջանում վերլուծաբաններն առաջարկություններ արեցին, որ դատարանի որոշումից հետո ժամանակն է խորհրդակցություններ սկսել այլ երկրների խորհրդարանների հետ ԼՂՀ անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Արդյոք դա հնարավո՞ր եք համարում: Նախ, վստահ չեմ, որ խորհրդարանների հետ պետք է անպայման անել. խորհրդարանները չէ, որ իր ի վերջո տալիս են ճանաչումը: Ընդհանրապես գործադիր իշխանութուններն են, որ ճանաչումը տալիս են: Բայց ճիշտ է, որ սա առիթ է, որ ավելի ակտիվ լինենք, որպեսզի հանգստացնենք մարդկանց, որ «տեսեք, դուք միջազգային իրավունքի դեմ քայլ արած չեք լինի, եթե Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչեք»: Այդ իմաստով չափազանց կարևոր է, որ մենք այս հնարավորությունը, առիթը օգտագործենք բարձրաձայնելու, որ ԼՂՀ-ի անկախության հռչակումը և համապատասխան է սովետական օրենքներին, այսինքն` այդ ժամանակվա, այսպես ասած, ներքին օրենքներին, և փաստորեն միջազգային իրավունքին, և ուրեմն ճանաչող պետությունները միջազգային իրավունքի դեմ գնացած չեն լինի: Ուրիշ ի՞նչ քայլեր կարող ենք անել: Պետք է միջազգային քաղաքական շրջանակներին անպայման անընդհատ հիշեցնել Արցախի խնդրի հոլովույթները և այն, որ Արցախը իր անկախությունը հռչակեց, երբ արդեն նույնիսկ Խորհրդային Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր բերված, այսինքն` երբ կապված էր ուղղակի կենտրոնին` Մոսկվային: Ամեն դեպքում խորհրդային օրենքների համաձայն դա կատարվեց և կատարվեց, որովհետև տասնամյակներ շարունակ Խորհրդային Ադրբեջանը այդ խտրական քաղաքականությունը վարել էր Ղարաբաղի նկատմամբ: Հիմքերը պետք է որ դարձյալ հիշեցնենք աշխարհին, երբ խոսում ենք Ղարաբաղի հարցի մասին, որովհետև մարդիկ սկսել են արդեն մոռանալ, կամ նոր մարդիկ եկել են, որոնք այդ ժամանակ չկային` որպես քաղաքական դերակատարներ, և խոսում են մի քիչ այլ ձևով: Արցախի անելիքը ո՞րն է: Անկեղծ ասած, ես չհասկացա` ինչու, երբ խոսք եղավ, որ արդեն հավաք պիտի լինի, այս պիտի լինի, այն պիտի լինի, հանկարծ այդ ամբողջը մարեց: Չհասկացա, շատ տրամադրություն էլ չունեմ հասկանալու, որովհետև սա այն դեպքն է, երբ Արցախի ձայնը պետք է անպայման հնարավորինս բարձր լսվի և լսվի ոչ թե մինչև Երևան, այլ Երևանից այնկողմ: Այսինքն` այն, որ կուսակցությունները հայտարարություն կատարեցին, նախագահը հայտարարություններ կատարեց, կարծում եմ` բավարար չէ: Պետք է որ իսկապես միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղի վրա, և հուսով եմ, որ տակավին ուշ չէ այդ ուղղությամբ բարձրաձայնել: Պրն Մանոյան, այդ քայլերի մեջ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը արդյոք ամենակարևորը չէ՞: Ճիշտ չէ ասել, որ Հայաստանը չի ճանաչել: Մյուս կողմից` նաև ճիշտ չէ ասել, որ դե յուրե ճանաչել է: Դե ֆակտոյից մի քիչ էլ ավելի ճանաչել ենք, որովհետև մենք ունենք միջպետական պայմանագրեր, այսպես ասած, պետական փոխադարձ այցելություններ, հանդիպումներ: Ուրեմն, Հայաստանի պարագան ինչ-որ չափով կարելի է ասել, որ տարբեր է, բայց Հայաստանի կողմից ճանաչումը, պարզ է, կհեշտացնի մյուսների կողմից ճանաչումը: Դա չի նշանակում, որ անպայման պետք է այսօր, այս պահին Հայաստանը ճանաչի: Բայց դա չի նշանակում նաև, որ Հայաստանը այդ ուղղությամբ աշխատանք պետք չէ տանի: Հայաստանը կարող է ակտիվ աշխատանք տանել ԼՂՀ ճանաչման ուղղությամբ, և անհրաժեշտ է, որ այդ աշխատանքը կատարի: Պրն Մանոյան, հնարավո՞ր է, որ ակտիվ աշխատանքներ ասելով` նկատի ունենանք, որ Դաշնակցությունը միանա այն նախաձեռնությանը, որով «Ժառանգությունը» խորհրդարանին առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը: Ինչո՞ւ այսօր և ոչ երեկ, ինչո՞ւ երեկ և ոչ 91 թվին: Ընթացք կա, և պետք է այդ ընթացքի տրամաբանությամբ շարժվենք: Ընթացքը այն է, որ Հայաստանը ուզում է ինչ-որ բանակցություններով հարց կարգավորել, միշտ այդ այլընտրանքը բաց պահել: Եվ այդ այլընտրանքը տակավին, ըստ մեզ, վերջնական այլընտրանքն էլ չէ, այսինքն` եթե բանակցությունները փակուղի մտնեն, Հայաստանի առաջին քայլը պետք է լինի ճանաչում, իսկ հանկարծ ավելի մեծ բաներ եղան` ագրեսիա և այլն, միացման հռչակում ու վերջ: Մեր մոտեցումը եղել է այն, որ Հայաստանի կողմից ճանաչումը պետք է բխի բանակցությունների տրամաբանությունից, մանավանդ որ Հայաստանն է նաև բանակցում և այլն: Այսօր ճանաչումը կարող է ինչ-որ ձևով դիտվել որպես Հայաստանի կողմից խոչընդոտող քայլ և այլն, որ այս պահին այդքան էլ նպատակահարմար չէ: Բայց դա չի նշանակում, որ պետք չէ` Հայաստանը շատ ակտիվ աշխատանք տանի, որ ճանաչվի այլոց կողմից: Եվ համոզված եմ, որ կգտնվեն պետություններ, ովքեր կճանաչեն, այսինքն` պետություններ, որոնք շահ չունեն, կապ չունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մի քիչ աշխատանքով կարելի է հասնել դրան: Պրն Մանոյան, ո՞ր երկրները կարող են ճանաչել Ղարաբաղը: Օրինակ` Նիկարագուան ճանաչեց Աբխազիան և Օսեթիան, բայց քաղաքական հետևանք չեղավ: Միջազգային իրավունքի համատեքստում ծաղրանքով պետք չէ խոսել Նիկարագուայի մասին, որովհետև պետություն է: Եվ պարզ է ԼՂ-ն իրավական, քաղաքական և ամեն իմաստով շատ ավելի հիմք ունի ասելու, որ ինքը փաստացի պետություն է, և կարելի է ճանաչել, քան Հարավային Օսիան և Աբխազիան: Չեմ ասում, որ անպայման տասնյակներով շատ արագ պիտի լինի, բայց նաև նման պետությունների ճանաչումը պետք չէ անտեսել, որովհետև միջազգային ճանաչումը միջազգային ճանաչում է: Կապ չունի` փոքր պետություն ես, մեծ պետություն ես, հեռու ես, մոտ ես: Լավ կլինի, որ Ադրբեջանն էլ ճանաչի, բայց դա կարող է ամենավերջում լինել: Ես ուզում եմ հասկանալ` որտեղ է այդ սահմանը: Կոսովոն մոտ 60 երկիր ճանաչել է, բայց ՄԱԿ-ի անդամ երկիր չէ, ներկայացուցչություններ չունի, արտգործնախարար չունի և այլն: Ե՞րբ է գալիս այդ պահը: Քանի՞ երկիր պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որ Ղարաբաղը, ասենք, ՄԱԿ-ի անդամ լինի: Կարևորը` մեկը ճանաչի, մնացածները կհետևեն: Կարևորը առաջինն է: Կոսովոն 60 երկիր ճանաչել է: Այսօր չէ ՄԱԿ-ի անդամ, գալ տարի կլինի, կամ եկող տարի չեղավ` մյուս տարի կլինի: Ե՞րբ է որոշվում այդ սահմանը: Երբ մեծամասնությունը համոզվում է, որ այլևս այլ ելք չկա: Պրն Մանոյան, արդյոք Հայ դատի հանձնախումբը օգտագործելո՞ւ է իր լոբբիստական ներուժը տարբեր երկրներում` նպաստելու ԼՂ միջազգային ճանաչմանը: Դուք ասացիք, որ չեզոք երկրներ կարող են ճանաչել ԼՂ-ն: Ըստ Ձեզ` ո՞ր երկրները կարող են լինել: Հիմա բանակցություններ վարող բոլոր համանախագահները Ղարաբաղի դեպքում դեմ են միջազգային ճանաչմանը: Ոչինչ Ղարաբաղի բանակցությունները վարող համանախագահները նաև դեմ էին, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը բանաձև ներկայացնի: Բանաձև ներկայացրեց, բանաձևը որդեգրվեց: Իրենցով չէ պայմանավորված: Եվ թույլ տվեք` չասեմ` որ պետությունները կարող են: Սա նման է, որ հաջորդ ռազմական գործողությունը որտեղ պիտի արվի: Իսկ ինչ վերաբերվում է Հայ դատի հանձնախմբերը ինչ պիտի անեն, արդեն անում են: Բայց սա հավելյալ խթան է, որ մեկ անգամ ևս հիշեցնենք քաղաքական շրջանակներին, որ միջազգային իրավունքի հակառակ չէ: Պրն Մանոյան, կարելի՞ է ուղղակի հիմա ֆիքսել, որ ձեր հանձնախումբը այս ուղղությամբ քայլեր կատարում է տարբեր երկրներում: Քայլերը կատարում ենք նաև անուղղակիորեն: Պարզ օրինակ` ԱՄՆ կոնգրեսն արդեն տարիներ ի վեր Լեռնային Ղարաբաղին (ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) մարդասիրական օժանդակություն է տրամադրում: Մարդասիրական օժանդակությունը փոխվեց, եղավ զարգացման օժանդակություն: Տարբեր հարց է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունները անհրաժեշտ ոչ հրապարակայնությամբ և ոչ էլ հետևողականությամբ այդ գումարը չեն ծախսում ինչ-ինչ պատրվակներով, պատճառաբանություններով` ասելով, որ «դա սահմանված գումար է, որը մենք կարող ենք ծախսել. չի նշանակում, որ պետք է ծախսենք»: Սա էլ ուրիշ խնդիր է, որ արդեն բարձրացվում է ԱՄՆ-ում: Այսինքն` սա էլ մեկ ձև է, որ ի վերջո միջազգային ճանաչում լինի քայլ առ քայլ: Բայց, անշուշտ, ավելի ճիշտ կլինի, որ ինչ-որ պետություն կամ պետություններ, գործադիր իշխանություններ ուղղակիորեն ճանաչեն: Այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են: Կոսովոյի հարցով Սերբիան էր դիմել դատարան: Ադրբեջանը երբևէ նման քայլի կգնա՞: Սերբիան ինքը չէ, որ ուղղակի դիմել է դատարան (Սերբիան միայնակ չէր կարող դիմել դատարան): Սերբիան բանաձևը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Գլխավոր ասամբլեան մեծամասնությամբ համաձայնել է և որոշել է դիմել ու դիմել է: Դատարանը հնարավորություն տվել է նաև ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, որ իրենց տեսակետները հայտնեն դատարանին: Մոտ 3-4 տասնյակ պետություն իր տեսակետները հայտնել է: Հետաքրքիր է, որ այդ պետությունների մեջ կա Ադրբեջան, կա Իրան, բայց չկա Հայաստան, և չկա Վրաստան: Ադրբեջանը գնա նման քայլի ինչո՞ւ, որ նույն հա՞րցը տա, որ «անօրե՞ն է»: Պատասխանը մեջտեղն է, որ անօրեն չէ: Այսինքն` չեմ կարծում, որ այս ձևով և նման հարցումով Ադրբեջանը կգնա, իսկ վստահ եմ, որ Ադրբեջանը զգուշանում է հարցը իրավական դաշտ տանել ինչ-որ ձևով, որովհետև լրիվ տանուլ կտա ինքը, որովհետև իրավական ոչ մի կտոր հիմք չունի ինքը Ղարաբաղը հռչակելու որպես իր տարածքի մաս: Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, Սովետական միության օրենքներով Ադրբեջանի կազմից դուրս է եկել, վերջ, այսինքն` շատ պարզ է, միջազգային դատարան դիմելու պետք չկա այդքանը իմանալու համար: Այսօր Մինսկի խմբի համանախագահող երկրները հասկացել են, որ այլևս կարելի չէ ԼՂ-ն ինչ-ինչ սահմաններով վերադարձնել Ադրբեջանի կազմ: Դա հասկանալով է, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բերել կարգավորման գործընթացը և տանել քաղաքական այլ ատյաններ, որոնց լիազորությունների մեջ չկա նման հարցի կարգավորում, և որտեղ շատ մակերեսային մոտեցումով ինչ-որ բանաձևեր կարող են որդեգրել: Չի նշանակում` անկարևոր բաներ են դրանք, բայց բանակցությունների գործընթացը խափանելու Ադրբեջանի միջոցն է դա: Պրն Մանոյան, Կոսովոն անկախությունը հռչակեց ժամանակավոր կարգավիճակից հետո: Արդյոք այդ մոդելը Ղարաբաղի դեպքում կիրառելի՞ է: Պարտադրանք չկա, որ բոլորը այդպես լինեն: Ընդհակառակը` հարցերից մեկը, որը դատարանը քննարկել է, այն է, որ արդյոք այդ ժամանակավոր կարգավիճակով ստեղծված մարմինները իրավասու էին անկախություն հռչակելու: Սա եղել է նաև դեմ հանդես եկող կողմի տեսակետներից մեկը, որ «նրանք իրավասու չէին, լիազոր չէին և այլն»: Դատարանն ասում է, որ իրենք ներկայացնում են ժողովուրդ` անկախ, որ իրենց իրավասությունների մեջ կար, չկար: Սա արդեն այնպիսի քայլ է, որ այդ իրավասություններից դուրս գալու մասին է խոսքը: Ուրեմն ասել, որ իրենք իրավասու չէին այդ սահմանից դուրս գալ, բավարար հիմք չէ, այսինքն` դատարանը հստակ արձանագրում է, որ այդ շրջագիծը, որը ճշտված էր ժամանակավոր կարգավիճակով, չի նշանակում, որ վերջնականն էր: Դրա համար էլ ժամանակավոր է, և ուրեմն դրանից դուրս գալու համար ինչ-որ քայլ առնելը միջազգային իրավունքի դեմ չէ: Ղարաբաղը արդեն անցել է այդ բոլորով այն իմաստով, որ ժամանակավոր կարգավիճակ ունեցել է սովետական ժամանակ, վերջը եկել են և այդ ժամանակավոր կարգավիճակն էլ հանել են, իսկ նաև ոչ սահմանդրական են գտել Ադրբեջանի որոշումը ԼՂԻՄ-ը կազմալուծելու կամ կարգավիճակը վերացնելու մասին, բայց անկախության մասին հռչակագիրը հակասահմանդրական չեն գտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter