
Տրանսպորտի ոլորտում կուտակված խնդիրներ կան, մասնավորապես խնդիր է դրվել ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Գաղափարը հավանության է արժանացել թե' ՀՀ նախագահի, թե' վարչապետի կողմից: «Մեր համայնքներում անհրաժեշտություն ունենք աստիճանաբար փորձելու տրանսպորտային սխեմաների կամ տրանսպորտային գլխավոր հատակագծերի ստեղծումը»,- նշեց նախարարը:
Դա ենթադրում է տրանսպորտային միջոցների չափաքանակի սահմանում` ավտոբուսների, միկրոավտոբուսներ, տաքսիների, լիցենզիայի տրված քանակների աշխատանքը, էլեկտրոտրանսպորտի և ավտոբուսի համակցման խնդիրները, երկաթգծերի և ավտոբուսների երթուղիների չհամընկնելու, կանգանռների անվտանգությունը և այլ խնդիրներ: Նախարարի գնահատմամբ, վերջին 15 տարիներին այս ոլորտում աշխատանք չի իրականացվել:
Մանուկ Վարդանյանը չթաքցրեց, որ այս ոլորտում միջազգային փորձի և խորհրդատվության լուրջ կարիք ունեն: Անհրաժեշտ են մասնագետներ և վերապատրաստման գործընթացներ: Այդ նպատակով ստեղծվել է «Տրանսպորտային փոխադրումների» ՊՈԱԿ-ը:
Վերանայելու են նաև ուղևորափոխադրումների հետ կապված մրցույթների կարգը և պայմանները: «Մենք ապրում ենք Երևան քաղաքում և շատերիս բակում կանգում է միկրոավտոբուս կամ ավտոբուս, և այդ մարդը, որ առավոտյան դուրս է գալիս, անմիջապես գնում է իր աշխատանքին` առանց սահմանված կարգերը պահպանելու, իսկ մենք պետք է մտահոգվենք, որ այդ տրանսպորտային միջոցներով մարդիկ են տեղափոխվում»,- նշեց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել