HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյան. «Ես զինվոր եմ»

Հունիսի 29-ին` ժամը 13:30-ին, Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» Մոնթե Մելքոնյանի մասին հուշերի գրքի շնորհանդեսը: Գրքում համառոտ ներկայացված է նաև Մոնթեի կենսագրությունը, լուսանկարներ, որոնք տրամադրել են «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպությունը, ՆԳՆ մայոր Ջիվան Ղահրամանյանը:

Աշխատելով Պաշտպանության նախարարությունում` հեղինակը ցանկացել է Մոնթեի մարտական ընկերների ու ժամանակակիցների հուշերը ի մի բերել` նրա մարտական գործունեությունը առանց «առասպելական» գունավորման ներկայացնելու նպատակով` անուղղակիորեն լուծելով նաև լրջագույն խնդիրը` բացահայտել հերոսի վախճանի մասին ճշմարտությունը: «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեք Ենիգոմշույանը պատմում է 1978-1979թթ. Մոնթեի Լիբանանում ապրած տարիների, Հայ գաղտնի բանակին անդամագրվելու, Լիբանանում հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը մասնակցելու և հերոսի կենսագրական այլ մանրամասնությունների մասին: «Արցախը սուր կարիք զգաց Մոնթեի որակի կազմակերպչի ու հրամանատարի և գտավ նրան,- պատմում է Ա.Ենիգոմշույանը:- Իսկ Մոնթեն Արցախում գտավ այն դաշտը, որտեղ պիտի կարողանար դրսևորվել հոգեպես և լիովին, ինչպես վայել էր իրեն. և նա պարզապես գերազանցեց ինքն իրեն»: Մարտիրոս Ժամկոչյանը նույնպես եղել է հայ գաղտնի բանակի անդամ, Մոնթեի հետ ծանոթացել է Լիբանանում: Նա ևս մասնակցել է ազատագրական կռիվներին, մանավանդ Թոդանի մարտերին: Մ.Ժամկոչյանը հիշում է, որ «զինվորական ի՞նչ աստիճան ունես» հարցին Մոնթեն միշտ պատասխանել է. «Ես զինվոր եմ»: Մոնթեի մասին` նրա մարդկային և հրամանատարական գծերը բացահայտող հուշերով գրքում հանդես են եկել Վահիկ Շահմուրադյանը, ՀԱՀԳԲ-ի նախկին մարտիկ Զավեն Պետրոսյանը, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Մուշկապատի ջոկատի հրամանատար, Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանը, Մոնթեի զինակից-ուղեկից, այժմ «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող կառավարիչ Հրայր Կարապետյանը, Մոնթեի հրամանատարության օրոք Մարտունու պաշտպանական շրջանի օպերատիվ բաժնի պետ Լեոնիդ Հայրապետյանը, գեներալ-մայորներ Հմայակ Հարոյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար /2004թ.` ԼՂՀ ՊԲ հրամանատար/, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և ուրիշներ: «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոնթեին բնութագրում է որպես «ազնիվ անձնավորություն», որը «երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով: Զինվորական մարտավարության հմուտ վարպետ էր, փոքր օղակի ստորաբաժանումներից մինչև խոշոր զորամիավորմանը քաջ տիրապետող անձնավորություն»: Ասպրամ Ծառուկյանի գիրքը պատմում է Մոնթեի կյանքի հատկապես վերջին տարիների մասին, որը արցախյան ազատամարտին հրամանատար Մոնթեի մասնակցության տարեգրությունն է: Գիրքը Մոնթեի գործունեության, հերոսության, հիշատակի, նրա սխրանքի դասերի մասին, նրան ճանաչողների հետ համահավաք երկխոսություն է:

Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter