Հողի և անշարժ գույքի վարձակալումը` գիտությունը ֆինանսավորելու միջո՞ց
Այն, ինչ տրամադրվում է գիտությանը, այսօր չափելի չէ համախառն ներքին արդյունքի հետ, և այդ պայմաններում գիտության բնագավառում մեծ առաջընթաց սպասել` զուտ ֆինանսական առումով տեղին չէ: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը:
«Խնդիրը ոչ միայն ֆինանսական է (թեև դա շատ կարևոր բաղկացուցիչ է), այլև պետք է ճշտել, թե մեր հանրապետությունը ինչ կարող է առաջարկել գիտության զարգացման համար»,- կարծում է Արտակ Դավթյանը:
Մինչդեռ Նախագահի վերահսկող հանձնաժողովի գիտության ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետ, ֆիզիկոս Սասուն Գևորգյանն այլ կարծիք ունի. «Գիտությանը փող ինչքան էլ տաս, քիչ է: Հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այդ եղած գումարները: Ամեն երկիր գիտությունը կազմակերպում է` իր ոտները իր վերմակին համապատասխան ձգելով: Հայաստանը շատ վատ ֆինանսական պայմաններում է, գիտությունը` ամենատխուր վիճակում: Դատարկ, սին բառեր են հնչում` նախկինում եղած ինչ-որ նվաճումների մասին»,- ասաց նա:
Սասուն Գևորգյանը թիվ մեկ խնդիր է համարում պարզել, թե ով պետք է ֆինանսավորի գիտությունը: Նա ընդունելի չի համարում, որ հիմնարար գիտությունները ֆինանսավորում է պետությունը. ամբողջ աշխարհում դրանք ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից, իսկ Հայաստանում այդ աղբյուրները բացակայում են:
Սասուն Գևորգյանի խոսքերով` Հայաստանում ճիշտ չի գնահատվում գիտության վիճակը, այն անկազմակերպ է բազմաթիվ ուղղություններով: Բանախոսն օրինակ է բերում, որ գիտությամբ զբաղվում են տարբեր նախարարություններ, Ազգային ժողովը: Ֆիզիկոսը չի տեսնում նաև հետաքրքիր գաղափարներ, չնայած չի բացառում, որ դրանք կան:
Գիտության ոլորտը կարգավորվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, իսկ ներկայումս շրջանառության մեջ է նաև «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը, որը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում և կընդգրկվի Կրթության և գիտության հանձնաժողովի օրակարգում:
ՀՀ-ն որոշակի գումար է տրամադրում գիտության համար: Սասուն Գևորգյանի խոսքերով` գիտության զարգացման համար մշակված ռազմավարության մեջ բավականին ծիծաղելի բաներ կան, օրինակ` ի՞նչ է նշանակում զարգացնել գիտահետազոտական տուրիզմը. «Իմ պատկերացմամբ` դա այն է, որ Մերձավոր Արևելքում հայերի ընտանիքում զարթնում են, ամուսինը կնոջն ասում է. «Պիտի երթամ Հայաստան, երկու հատ նեյտրոն նկարեմ ու գամ»»:
Իսկ Արտակ Դավթյանը կարծում է, որ «խնդիրները պետք է դիտարկել փոխադարձ կապվածության և շաղկապվածության մեջ, և եթե մենք իրավամբ ասում ենք, որ այս ուղղությունը մեզ անհրաժեշտ է, ապա հարց է առաջանում, թե մյուս ուղղությունների հետ ինչպես պետք է վարվենք»:
Ֆիզիկոս Սասուն Գևորգյանն էլ նշեց, որ բոլոր երիտասարդ, լավ գիտնականներին աշխատանքից ազատել են, թողել են թոշակառուներին, և սոցիալական խնդիր առաջանում է ոչ թե այդ մարդկանց վեցերորդ անգամ թոշակի ուղարկելիս, այլ այն ժամանակ, երբ երիտասարդ գիտնականներին «հանեցին գցեցին փողոց», վերջիններն էլ գնացին տարբեր երկրներ: Օրինակ` Ֆիզիկայի ինստիտուտում աշխատում է 180 մարդ, որոնք 70-90 տարեկան են:
Անդրադառնալով Արտակ Դավթյանի հարցին, թե ինչ եք առաջարկում` Սասուն Գևորգյանն ասաց, որ զարմանում է, որ համապատասխան մարմինները չգիտեն` ինչ անել: Ֆիզիկոսի խոսքերով` արտասահմանյան տարբեր երկրներում գիտությանը ֆինանսավորում է ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները, գիտությունը կարող է ֆինանսավորվել նաև անշարժ գույքի միջոցով: «Քանի որ Հայաստանում մասնավոր սեկտորը պատրաստ չէ գիտությանը ֆինանսավորելու, ապա պետք հողի և անշարժ գույքի սեփականացմամբ ֆինանսավորել»,- առաջարկում է Սասուն Գևորգյանը: Օրինակ` եթե Ֆիզիկայի ինստիտուտին սեփականության իրավունքով տրվեն այն հողերն ու շենքերը, որոնք ունի Ֆիզիկայի ինստիտուտը, և վերջինին ազատեն գույքահարկից, ապա վիճակը բավականին կբարելավվի, առավել ևս որ շատերն են հետաքրքրված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքների վարձակալմամբ:
Ֆիզիկոսը նշում է, որ եթե ֆիզիկայի ինստիտուտը դառնա սեփականատեր, ապա դա կարելի է օգտագործել եթե ոչ հիմա, ապա 20 տարի հետո: Նա բերեց ԱՄՆ-ի օրինակը, որի համալսարանների բյուջեի 1/4-ը հենց շենքերի վարձակալումից ստացված գումարներից է ձևավորվում: «Տվեք սեփականության իրավունքը այդ ինստիտուտներին: Ամերիկայի գիտությունը հենց այդպես ծաղկեց»,- ասում է Սասուն Գևորգյանը:
Մինչդեռ Արտակ Դավթյանը սա համարում է ոչ թե հարցի լիակատար լուծում, այլ ճանապարհներից մեկը: Նա ասում է, թե պետք է հասկանալ, թե հողերի ու շենքերի որ մասն է անհրաժեշտ այդ ինստիտուտի գործունեության համար, ապա մտածել մնացած հատվածը վարձակալության տալու մասին:
«38 հազար դրամով աշխարհում ոչ մի տեղ գիտություն չեն պահում»,- ասաց Սասուն Գևորգյանը: ԱԺ պատգամավորը նշեց, որ նորմալ չի վերաբերում, երբ երիտասարդը և գիտությամբ է զբաղվում, և սրճարան է աշխատեցնում: Իսկ ֆիզիկոսը նշեց, որ այդտեղ վատ բան չկա, երեխա է, թող աշխատի, «հո ասպիրանտներին չի մորթում, մսից քյաբաբ սարքում»:
Հարցին, թե գիտության զարգացման համար համաձայն կլինե՞ք պատգամավորների աշխատավարձը կրճատել` Սասուն Գևորգյանը պատասխանեց, որ դրանով հարցը չի լուծվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել