Պայքարում են
Հունիսի 18-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների հարձակման հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Անդրանիկ Արզումանյանի վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են: Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և ավելացրեց, որ չնայած դրան` բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ինչ վերաբերում է մյուս երեք վիրավորներին, ապա նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հունիսի 24-ին ԼՂՀ-ում գտնվող Սերժ Սարգսյանը այցելել է նաև Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ և տեսակցել հունիսի 18-ին վիրավորված երկու զինծառայողներին:
Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան: Նա ԼՂՀ էր մեկնել հունիսի 18-ին սահմանամերձ գոտում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Արցախի ժողովուրդը մի որոշում ունի
«Մենք բազմիցս նշել ենք, որ ցանկացած փոխզիջում, առաջին հերթին, որոշելու է Արցախի ժողովուրդը: Իսկ Արցախի ժողովուրդը այդ առումով դեռ ոչ մի որոշում չի կայացրել: Արցախի ժողովուրդն ունի մի որոշում, որն էլ ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` արձագանքելով Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ նշված «հարակից տարածքների» վերաբերյալ հարցին:
Տեսնենք` քանի ամիս կդառնա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն այլևս թափուր չէ: Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԲՀԿ-ական 41-ամյա Արթուր Գրիգորյանի նշանակման հրամանը: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետն էր: Իսկ դրանից առաջ եղել է Կոտայքի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի պետը:
Հիշեցնենք, որ վերջին մեկուկես տարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երրորդ նախարարն է փոխվում. ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում այս աթոռին համապատասխան կադր նշանակել, որը վեց ամսից ավելի կդիմանա պոստում: Լավատեղյակներն այս անգամ էլ են հերթական ձախողումը կանխատեսում, քանի որ Արթուր Գրիգորյանը 10 հոգուց ավելի աշխատակազմ չի ղեկավարել, իսկ սոցապ նախարարությունը համարվում է բավական բարդ ոլորտ: Նախարարի աթոռն էլ քաղաքական պաշտոն է, մինչդեռ Գրիգորյանին նեղ շրջանակից բացի այլ մարդ չի ճանաչում:
ԲՀԿ քվոտայով մեկ այլ` Վայոց ձորի մարզպետի պաշտոնը դեռ շարունակում է թափուր մնալ, քանի որ այս պաշտոնում նախատեսված թեկնածուն` Սերգեյ Բագրատյանը, պետք է նշանակվի կառավարության որոշմամբ: Երեկվա դրությամբ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում դեռ ընդգրկված չէր մարզպետի հարցը:
Հրաժարվել է
Հունիսի 12-ին Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի մահից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է: Կոալիցիոն քվոտայով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված այդ պաշտոնում նոր վստահելի մարդ նշանակելու համար ԲՀԿ առաջնորդը դեռևս փնտրտուքների մեջ է: Թերթի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մարզպետի պաշտոնն առաջարկել է ԲՀԿ-ական Սերգեյ Ադումյանին, ով արդեն 6 տարի է, աշխատում է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես տնօրեն, և նրա համար բավականին վստահելի մարդ է:
Ս. Ադումյանը քաղաքակիրթ ձևով հրաժարվել է այդ բավական խոստումնալից պաշտոնից` պատճառաբանելով` իբրև հեռուստատեսային աշխատանքն իրեն ավելի հոգեհարազատ է: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, Ս. Ադումյանը հրաժարվել է, քանի որ առջևում ընտրություններ են, և պատշաճ գործունեություն չծավալելու դեպքում կարող էր զրկվել ոչ միայն մարզպետի պաշտոնից, այլ նաև Գ. Ծառուկյանի աջակցությունից ընդհանրապես:
Նրա «հրաժարումից» հետո միայն ԲՀԿ առաջնորդը որոշել է Վայոց Ձորի մարզը վստահել Սերգեյ Բագրատյանին: Նշենք, որ Ս. Բագրատյանը 2007-ին թիվ 39 ընտրատարածքից մեծամասնական կարգով մասնակցել է պատգամավորական ընտրություններին, սակայն պարտվել է ՀՀԿ-ական Սամվել Սարգսյանին:
Ս. Բարգրատյանը գործարար է և ղեկավարում է հեղուկ վառելիքի և սննդի առևտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը: Նա ունի նաև տպագրական բիզնես, բացի դրանից` Նորագավիթում գտնվող նույնանուն ռեստորանի սեփականատերն է:
Վայոց ձորի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից թերթին տեղեկացրել են, որ մարզպետի թեկնածուները 3-ն են, սակայն բոլորի անունները չեն հիշում, քանի որ ամենահավանական թեկնածուն Ս. Բագրատյանն է: Ներկայումս մարզը ժամանակավորապես ղեկավարում է փոխմարզպետ, ՀՀԿ-ական Սամվել Թարվերդյանը:
Նշենք նաև, որ թեև ԲՀԿ-ն արդեն նախորդ հինգշաբթի կառավարությանը ներկայացրել էր Ս. Բագրատյանի թեկնածությունը, սակայն նրա նշանակման հարցը կառավարության վերջին նիստում չքննարկվեց, ինչն էլ առիթ դարձավ խոսակցությունների, որ նա վարչապետի համար ցանկալի թեկնածու չէ:
Հիմնադրել էին` մինչև իսկ օրենքը փոխել փորձելը
«Դիլիջան» միջազգային դպրոցի ղեկավարները հունիսի 28-ին փակ հանդիպումներ են ունեցել ինչպես «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամների, այնպես էլ որոշ ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ:
Հիշեցնենք, որ այս դպրոցի մասին պաշտոնապես հաղորդվեց 2009թ. հունիսի 9-ին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր «Տրոյկա դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին, ու նա հայնտել էր այդ ծրագրի մասին (550 աշակերտ, դասավանդումը` անգլերեն), և վարչապետը հավաստիացրել էր, որ այդ ծրագիրը կլինի կառավարության հատուկ ուշադրության ներքո: Իսկ 2010-ի ապրիլի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկա էին այդ դպրոց-պանսիոնի հիմնադրման արարողությանը, որը նախատեսված էր 2013 թվականի սեպտեմբերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել