Ավտոպատահար` Երևանում

Հունիսի 28-ին` ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա եւ Չարենցի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 23.23-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 008 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ որոշ բարձրությունից ընկել Չարենցի 45 հասցեին հարակից ցածրադիր հատվածը:
Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել` 21-ամյա Գագիկ Գասպարյանը, 22-ամյա Հովհաննես Թոքմանյանը եւ 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը:
Մինչեւ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական համալիր: Բժիշկների կողմից տուժածների վիճակը բնութագրվել է բավարար: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել