«Ոստիկանությունը փորձում է անօթևան մարդկանց մի կերպ տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում»
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը պարզաբանումներ է տալիս Ախթալայի բնակիչ 26-ամյա Արմեն Մղդսյանին դիսպանսեր չընդունելու փաստի վերաբերյալ
«Երբ որևէ հոգեկան հիվանդ կատարում է հանցագործություն կամ կասկածվում է հանցագործության մեջ, կատարում է քրեորեն պատժելի արարք, նա ևս պետք է կրի պատասխանատվություն: Եթե պարզվի, որ այդ արարքը նա կատարել է անմեղսունակության վիճակում, նա կստանա հարկադիր հիվանդանոցային բուժում կամ ամբուլատոր բուժում: Եթե դատահոգեբուժական փորձաքննությամբ պարզվի, որ նա արարքը կատարել է գիտակցելով, մեղսունակ վիճակում, նա կդապարտվի»:
Ըստ Գ. Քալանթարյանի` այն հանգամանքը, որ հիվանդը չի ունեցել անձնագիր, և նրան ուղեկցել է ոստիկանության աշխատակիցը, արդեն քննության առարկա է: Բացի այդ, նա հավաստում է, որ հիվանդին ուղեկցող բժիշկն ու ոստիկանն իրեն պատմել են հիվանդի արարքի մասին:
«Ուղեկցող ոստիկանը պարզ ասել է, և ուղեկցող բժիշկը, որ հիվանդը հանցանք է գործել, և խնդրում ենք այստեղ պահեք: Իսկ մենք այստեղ չենք պահում: Սա Էվակոպունկտ չէ: Հանցանք գործած մարդուն իրավունք չունենք ընդունել հոգեբուժական բաժանմունք: Ոչ մի անձ առանց հիմնավորման չի կարող պառկել: Ցանկացած հիվանդ, որը կընդունվի, պետք է ունենա հիվանդության պատմագիր: Եթե կատարում է քրեորեն պատժելի արարք, քննություն պետք է արվի, դատահոգեբուժական փորձաքննություն: Ես այդ քննության հետ գործ չունեմ: Դա իմ իրավասությունը չի: Մեզ հիվանդը հասնում է փորձաքննությունից հետո: Խոսել եմ Թումանյանի ոստիկանապետի հետ, ասել եմ` կատարեք ձեր քննությունն ու հիվանդին բերեք այստեղ:
Ո՞վ ասաց, որ հոգեբուժարանը պետք է քողարկի թեկուզ հոգեկան հիվանդի արած գործերը, ո՞վ է ասել դա: Եթե, ձեզնից հեռու, ձեր տունը այրեր, դուք ի՞նչ կմտածեիք` քողարկեցին, որ դատի առաջ չկանգնի: Չէ՞ որ մարդիկ այդպես կասեն:
Գ. Քալանթարյանի մյուս փաստարկն այն է, որ հիվանդը չի ունեցել անհետաձգելի բուժօգնության կարիք. «Երբ որ բերել են հիվանդին, հիվանդը դրսևորել է հանգիստ, ադեկվատ վարք: Բացառվում է, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդին չընդունենք: Այլ բան է, որ ոստիկանությունը փորձում է անտուն, անօթևան մարդկանց մի կերպ տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում»:
Բայց նաեւ հավելում է. «Եթե էլի անհետաձգելի դեպք լիներ, ու եթե հանցանք գործած լիներ, ես էլի չէի ընդունի, բայց էս դեպքում ես չգիտեի` հանցանք գործե՞լ է, չի՞ գործել, դատարանի հետ կապված ի՞նչ խնդիր կա: Դրա համար պետք է քննություն կատարվի, ինչպես լիարժեք մարդկանց պարագայում: Դա նախաքննական մարմինների գործառույթն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել