Նախագահի այցը Արմավիրի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահը մասնակցել է Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի բացման արարողությանը, ծանոթացել առողջապահական այդ հաստատության շենքային եւ լաբորատոր պայմաններին: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում` Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահական համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:
Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Արմավիր քաղաքի վերանորոգված մանկապատանեկան շախմատի դպրոց: Նա շրջել է դպրոցում, դիտել` այնտեղ անցկացվող շախմատի մրցաշարը:
Այնուհետեւ, նախագահ Սերժ Սարգսյանն Արմավիրի մարզպետարանում, մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները քննարկել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ:
Աշխատանքային այցի շրջանակներում, նախագահը եղել է նաեւ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում, որտեղ մասնակցել է «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: Նորակառույցն օրհնել է Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կենտրոնի շենքի հիմնանորոգումն իրականացվել է «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի եւ մի շարք բարերարների աջակցությամբ: Շրջայցի ժամանակ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենն ու բարերար Ջորջ Փակումեանը ՀՀ նախագահին ներկայացրել են համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտներն ընդգրկող եւ տնտեսական զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս ծրագրերը:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ` այս համայնքում, գործունեություն է ծավալել հայրենասերների մի խումբ, որոնց նպատակը միայն ու միայն բարություն անելն ու իրենց հայրենակիցների հոգսերը թեթեւացնելն է: Ես պարոն Կարո Արմենին ճանաչում եմ գրեթե վեց տարի, եւ այդ տարիների ընթացքում այս մարդու եռանդը չի նվազել, ընդհակառակը` համախոհներ է ձեռք բերել եւ նոր բարի գործեր է կատարել»,- ասել է Սերժ Սարգսյանը` Կարո Արմենին հանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Հանրապետության ղեկավարի խոսքով, աշխարհում սփռված բոլոր հայերը պետք է վստահ լինեն, որ Հայաստանում նրանց համար միշտ տեղ կա թե' ապրելու ու գործելու, թե' բարեգործություն անելու համար:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ատենապետ Կարո Արմենն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու նշել, որ առանձնահատուկ հպարտություն է` անձնագիրն ստանալ անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահից: Կարո Արմենի հավաստմամբ, սփյուռքահայերի համար ամենամեծ հպարտությունն առաջին հերթին իրենց ազգային պատկանելիությունն է:
Ակնառու հայրենանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, մեկ այլ բարերար` Ջորջ Փակումեանը, «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողության ժամանակ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել