Շրջիկ համերգներ` ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում
Այսօր աշխարհում շուրջ 33,4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: 1988թ. մինչև 2010թ. մարտի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 842 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով ՀՀ-ում բնակվում է մոտ 2,300 ՄԻԱՎ վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը մեծ է:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր: 2006 թ.-ից ի վեր ՀԿԽԸ իրականացնում է «Կողմնորոշվելու ժամանակն է» ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ հիմնադրամի կողմից և ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր, իրազեկման բարձրացմանը նպաստող տեղեկատվական նյութերի տրամադրում:
«Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի ընթացքը կշարունակի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված «Համերգ անիվների վրա» խորագրով շրջիկ համերգների շարքը` ՀՀ մշակութային և անհատ կատարողների մասնակցությամբ: Շրջիկ համերգները տեղի կունենան Հրազդան, Իջևան, Եղեգնաձոր, Կապան, Էջմիածին և Երևան քաղաքներում: Համերգներն իրականցվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ աջակցությամբ:
Այս ակցիայի նպատակն է տարածել ճշգրիտ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Համերգի մասնակից կատարողներն ակտիվորեն ներգրավված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման գործընթացում, սիրված երգիչներ բեմից անընդմեջ կհնչեցնեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կոչեր: Համերգների ընթացքում կցուցադրվեն հոլովակներ, ֆիլմեր, կանցկացվեն հարցումներ, հանդիսատեսներին կբաժանվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարը խորհրդանշող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ: Համերգի տարածքում կտեղադրվեն նաև տեղեկատվական ստենդներ:
Այս մասին նշվում է ՀԿԽԸ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել