HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«ՌեԱնիմանիան»` խթան հայ անիմատորների համար

«ՌեԱնիմանի» ամենամյա միջազգային անիմացիոն փառատոնը այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 9-13-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր տնօրեն Վրէժ Քասունին տեղեկացրեց, որ այս տարի ծրագրում ավելացել են հեռուստատեսային գովազդների եւ տեսահոլովակների մրցութային ծրագրերը. «Մենք նկատել ենք, որ Հայաստանում այդ ոլորտներում օգտագործվում է անիմացիան եւ դրանց որակի բարելավման մեջ ներդրում ունենալու համար ավելացրել ենք ծրագրերի մեջ»:

Այս տարվա փառատոնը ավելի հետաքրքիր եւ արդյունավետ կլինի հատկապես երիտասարդ անիմատորների, սցենարիստների եւ պրոդյուսերների համար: Կինոփառատոնի հետ համագործակցություն են հաստատել Մշակույթի նախարարությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Հայտարարվելու է 18-23 տարեկան երիտասարդ կինոգործիչների մրցույթ: Մասնակիցները պետք է ներկայացնեն 3-5 րոպե տեւողությամբ կարճամետրաժ ֆիլմի գաղափար:

Հաղթող գաղափարի հեղինակը հնարավորություն կստանա նկարահանել իր  ֆիլմը Ազգային կինոկենտրոնի` դեբյուտային ֆիլմերի համար նախատեսված ֆոնդի միջոցներով. «Այդ նկարահանված ֆիլմն էլ կներկայացվի 2011-ի  «ՌեԱնիմանիայի» ժամանակ»,-ասաց Վրէժ Քասունին:

Ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ շատ է կարեւորում այս փառատոնի` երիտասարդներին աջակցելու եւ նկարահանելու հնարավորություն տալու ծրագրերը. «18-23 տարեկան երիտասարդին, ով հետաքրքրվում է անիմացիայով, պետք է ուղղություն տալ, փորձել նրան սովորեցնել ճիշտ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել այս գործին»:

Վրէժ Քասունին էլ հավելեց, որ փաստացի մենք այսօր ունենք շատ նկարիչներ, որոնք աշխատանք չունեն, եւ միայն համակարգչային գրաֆիկայով զբաղվելը նկարիչներին նոր որակի ու մակարդակի չի բերի:

«Մենք այսպիսով փորձում ենք նոր սերունդ ձեւավորել արդեն ապագայի համար: «ՌեԱնիմանիան» հենց այդ առաքելությունն ունի»,- նշեց Վ. Քասունին: Հայ անիմատորներին համար եւս մեկ  հնարավորություն է ընձեռվում փառատոնի կազմակերպիչների կողմից: Այս տարվա օգոստոսին կիրականացվեն անիմացիոն ֆիլմերի արտադրության երկշաբաթյա վարպետության դասընթացներ աշխարհահռչակ Մաքս Հաուրադի ղեկավարությամբ:

«Այս դասընթացի նպատակն էլ տեղական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենար գրելու եւ այն իրագործելու մշակույթի զարգացումն է: Այս դասընթացը 3 փուլով է իրականացվելու: 1-ին փուլը կիրականացվի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը: 2-րդ փուլը նախատեսվում է իրականացնել «հեռաուսուցման» ֆորմատով (օնլայն տարբերակով)  6 ամիս անց ` Ֆրենկ Գլեդսթոունի կողմից, իսկ 3-րդ փուլը տեղի կունենա 2011-ի «ՌեԱնիմանիայի» շրջանակներում»,-մանրամասնեց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Իսկ 2010-ի փառատոնի ժամանակ երիտասարդ անիմատորները կամ նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել անիմացիայով, կարող են իրենց աշխատանքների պորտֆոլիոն ներկայացնել փառատոնի համար Հայաստան ժամանած հանրահայտ անիմատորներին: Լավագույնը ճանաչված պորտֆոլիոյի հեղինակը հնարավորություն կունենա մասնակցել հատուկ անիմացիոն դասընթացի: 

Այս նախաձեռնությունը Վրէժ Քասունին անվանում է «տաղանդների որս»: Փառատոնի հիմնադիր տնօրենի խոսքերով` Հայաստանում, համեմատած մյուս երկրների հետ, անիմատորների քանակը շատ է, սակայն կա որակի խնդիր: «ՌեԱնիմանիան» կոչված է հենց այդ որակը ստեղծելու`անիմատորնորի համար խթան հանդիսանալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter