HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորի խոսքերը վարկաբեկիչ վիրավորանք են Մոնթե Մելքոնյանի հասցեին

Ալեք Ենիգոմշույան

Ցավո'ք, հաճախ է պատահում, որ Հայաստանի վերնախավերն իրենց ազգավնաս ծրագրերն անցկացնելու նպատակով շահարկեն մեր ազգի ամենալուսավոր դեմքերի անուները: Նման շահարկման վերջին օրինակը կապված է Մոնթե Մելքոնյանի անվան հետ: Այսպես, «Հայոց աշխարհ» օրաթերթի հունիսի 26-ի համարում լույս տեսած հարցազրույցում, անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ որոշման պատճառով ազգային անվտանգության առջեւ ծառանալիք հետեւանքներին (սպառնալիքներին),

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Համլետ Հարությունյանն ընդգծում է, որ ինքը որեւէ սպառնալիք չի տեսնում այդ առնչությամբ, եւ իր տեսակետը փորձելով հիմնավորել, նշում է. «Հայրենասիրությունը բնատուր զգացողություն է», ինչն էլ, ըստ նրա, փաստվում է Մոնթե Մելքոնյանի օրինակով, որը «Շատ վատ էր հայերեն խոսում», բայց ողջ ճակատամարտի ընթացքում, ինքը` պրն Հարությունյանը «չի տեսել մեկին որի հայենասիրությունը գիտակցական ավելի բարձր մակարդակ ունենար»:

Որպես Մոնթե Մելքոնյանին լավ ճանաչելու եւ նրա ընկերը լինելու պատիվն ունեցող անձ` ցանկանում եմ ամրագրել, որ այս ‎ֆոնին Մոնթե Մելքոնյանի օրինակին դիմելն առնվազն տգիտություն է, չարաշահություն: Որովհետեւ, նախ` օտարալեզու դպրոցների բացմանն առնչվող անվտանգության խնդիրները հայրենասիրության հարցին կապելը միայն խիստ մասնակի բնույթ ունի, քանզի անկախ բնական հայրենասիրության հարցից, այն, մասնավորապես, կապված է լեզվի եւ մշակույթի պահպանման եւ ընդհանրապես ազգապահպանման հիմնահարցերին, եթե անգամ անտեսենք օտարամոլության եւ օտարին ծառայողներին առնչվող անվտանգության խնդիրները:

Այնուհետեւ, Մոնթե Մելքոնյանի պարագան ընդամենը մեկ լուսավոր օրինակ է, ցավոք, գրեթե բացառիկ դեպք, մինչ կշեռքի մյուս նժարին են հայտնվել մայրենի լեզվի իմացությունից զուրկ, ուստի` ուծացման ենթարկված միլիոնավորները: Իսկ ընդհանրապես, պատգամավորի խոսքերը վարկաբեկիչ վիրավորանք են Մոնթե Մելքոնյանի հասցեին, որովհետեւ նենգափոխված են ներկայացնում նրա իսկական էությունը:

Այո', ճիշտ է, Մոնթե Մելքոնյանը մեծ հայրենասեր էր, ում հայերենը կատարյալ լինելուց հեռու էր, չնայած նրա խոսակցական արեւմտահայերենն ավելի քան հասկանալի էր, եւ, եթե պրն Հարությունյանը նրան լավ չէր կարողանում հասկանալ, ապա դա իր խնդիրն է:

Ավելին` ԱԺ պատգամավորն անտեսում է առավել կարեւորը` իր, դեռ Հայաստան տեղափոխվելուց առաջ բազում մշակույթների հետ շփված եւ բազմաթիվ լեզուների տիրապետող Մոնթեն, գիտակցելով մայրենիի բացառիկ կարեւորությունը, սկսել էր հիմնավորապես կատարելագործել հայերենի իր իմացությունը եւ այսօր նա հաստատապես կողմնորոշվելու էր հայ լեզվի կողքին` գիտակցորեն հակադրվելով օտարալեզու դպրոցների բացման որոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter