«Նեմեց» Ռուբոն ծեծել է «Փյունիկի» ֆուտբոլիստներին
Հայաստանի «Բանանց» ֆուտբոլային ակումբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այն բանից հետո, երբ «Փյունիկ-Բանանց» խաղում «Փյունիկը» 3:2 հաշվով պարտություն է կրել «Բանանցից», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մտել է հանդերձարան եւ ծեծի ենթարկել «Փյունիկի» մի քանի ֆուտբոլիստների: Միջադեպը տեղի է ունեցել «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի ներկայությամբ:
Մահ մոլիբդենի հանքում
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում բարձր լարման հոսանքալարի վնասման հետեւանքով էլեկտրահարվել է 30-ամյա Ղազար Առաքելյանը: Հարազատները հավաստիացնում են, որ տղան, որն աշխատել է որպես գծային էլեկտրիկ, զոհվել է տեխնիկական անվտանգության պայմանների բացակայության պատճառով:
Կիսաազ
ատ, կիսաբռնապետական
«Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Երկրները անցումային փուլում-2010» զեկույցը, որը նվիրված է հետխորհրդային ու նախկինում կոմունիստական վարչակարգ ունեցած եվրոպական 29 երկրներում վերջին տասը տարիներին տեղ գտած ժողովրդավարական զարգացումներին ու հետընթացին:
Զեկույցում Հայաստանը ներկայացվում է որպես կիսաազատ, կիսաբռնապետական երկիր: Նշվում է, որ Հայաստանի ժողովրդավար կառավարման ցուցանիշը չի բարելավվել, քանի որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդված մարտյան իրադարձություններից հետո հայ հասարակությունը շարունակում է մնալ շոկի ու բեւեռացման վիճակում, իսկ Մարտի 1-2-ի առնչությամբ ձերբակալված 15 ընդդիմադիրները շարունակում են մնալ անազատության մեջ:
Սպառազինել` պետարազմից խուսափելո՞ւ համար
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանը պետք է վարկավորի ոչ թե մի քանի օլիգարխների շինարարական ծրագրերը, այլ զինատեսակների արտադրությունը. «Եթե մենք ուզում ենք, որ պատերազմը չվերսկսվի, Հայաստանը պետք է ունենա այնքան ռեսուրս, որ կարողանա սպասարկել ցանկացած պատերազմ, սեփական միջոցներով անխափան մատակարարումներ իրականացնել` առանց կախված լինելու արտաքին մատակարարներից:
Հենց այդ կախվածությունը լինում է` նաեւ քաղաքական կախվածություն է առաջանում, այդ թվում` սեփական շահերից բխող գործողություններն այս կամ այն ձեւով սահմանափակելու առումով»:
Նոր մարտավարություն
«Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը հայտարարել է, թե եթե այսպես շարունակվի, Սերժ Սարգսյանը «ստիպված է լինելու իր օլիգարխների զորքերը, որ լավ զինված են, տանել ջակատ: Տեսնենք` կկռվե՞ն, թե՞ ոչ»:
ՉԻ - Իհարկե, կկռվեն: Ավելին` մարտավարական հնարքների առումով դա կլինի միանգամայն նոր խոսք ռազմարվեստի բնագավառում: Կենտրոնով առաջ է շարժվում մգեցված ապակիներով ջիպերի վաշտը, ձախ կողմից` գոլդ համարներով սպիտակ «Նիվա»-ների գումարտակը, աջից շարժվում է հետեւակը` «արի ստե լը, արա» գոռալով...
Պարզապես որպեսզի այդ ուժերը հաջողությամբ կռվեն, անհրաժեշտ կլինի որոշակի պայմաններ ապահովել: Օրինակ` անհրաժեշտ կլինի բացատրել, որ թշնամու զինվորները «շեֆին բան են ասել» կամ «աբգոն են արել» նրա ավտոմեքենան, հետո պետք կլինի հատ-հատ ոլորել նրանց ձեռքերը, որ իրենք հերոսաբար «քացու տակ քցեն» ոսոխին եւ այլն: Եվ հավատացեք` հաղթանակն ապահովված կլինի:
Օրհնվի էն սհաթը...
Կամ` Հյուսիասյին ծիածանը կոնգրեսի գլխավերեւում
Կարծում ենք` չենք մոռացել, թե հայրենի արմատականները, մասնավորապես ՀԱԿ-ի վերնախավը ինչպես էր արտահայտվում Ռուսաստանի եւ ռուսական իշխանությունների մասին: Մինչեւ երեկ սրանք քամահրանքով շպրտում էին, թե «կայսերապետական մեծապետական Ռուսաստանի հետ հույսեր կապելը քաղաքական անհեռատեսություն է»:
Սակայն այսօր, պարզվում է, ՀԱԿ-ի համար գերտերություններից ամենացանկալին ու ամենահարազատը հենց Ռուսաստանն ու նրա ղեկավարությունն է: Իհարկե, դժվարանում ենք բացատրել, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ ՀԱԿ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը, բայց դա իրողություն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել