
«Հայելի» ակումբի այսօրվա ասուլիսը պետք է վերաբերեր երկրի` վերջերս արձանագրած տնտեսական փոքրիկ աճին, սակայն տնտեսագետ Վահագն Ղազարյանը բացատրեց, որ դեռեւս 2-րդ եռամսյակը չփակած իմաստ չունի խոսել տնտեսական աճի մասին, իսկ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ ժողովրդին հետաքրքրում է ոչ թե պետական բյուջեի տնտեսական աճը, այլ սեփական եկամուտները:
Լրագրողներն այդպես էլ լուրջ տնտեսագիտական գնահատականներ չլսեցին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանից: Նա հարցերից շատերին «պատասխանում» էր` հիմնավորելով, թե ինչու ինքը չպետք է պատասխանի այդ հարցին, թեեւ լրագրողներին ընդամենը նրա
կարծիքն էր հետաքրքրում:
Իսկ երբ խոսվում էր Կառավարության բացթողումների մասին, պատգամավորը հարցնում էր. «Դուք ուզում եք, որ ես քննադատե՞մ Կառավարությանը»: «Բարգավաճ Հայաստան» խմբացկության անդամը նշեց, որ ինքը սիրում է մեր պետությունը եւ ցանկանում է նկատել դրական փոփոխությունները:

Անկախ տնտեսագետ Վահագն Ղազարյանը կարծես ավելի բովանդակային էր ցանկանում խոսել, սակայն լրագրողները նրան պատշաճ ուշադրություն չդարձրին: Նա խոսում էր տնտեսական մոնոպոլիայից, Կառավարության` խոսքի եւ գործի անհամապատասխանությունից, իսկ Վարդան Բոստանջյանն ասում էր` 2010-ը կայունանալու տարի է, դրանից հետո առաջընթաց կգրանցենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել