HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲ-ն անցնում է նոր քաղաքականության

Համաշխարհային բանկը վաղվանից սկսում է տեղեկատվության մատչելիության իր նոր քաղաքականության առաջին փուլի իրականացումը: Այն բանկի արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված հիմնական բարեփոխումներից է: Իր նախկին մոտեցումից, երբ հստակ սահմանվում էր, թե որ տեղեկություններն են ենթակա հրապարակման, Համաշխարհային բանկը սույնով անցում է կատարում տեղեկատվության բացահայտման նոր քաղաքականության, որով հանրությանը մատչելի է դառնում բանկի տրամադրության տակ եղած այն ողջ տեղեկատվությունը, որը ներառված չէ բացառությունների ցանկում (բացառությունների ցանկում են, օրինակ, աշխատակիցների մասին անձնական տեղեկությունները և խորհրդատվական փաստաթղթերը): Նոր քաղաքականությունը շատ ավելի մատչելի է դարձնում իրականացման փուլում գտնվող ծրագրերի մասին տեղեկատվությունը` հնարավորություն ընձեռելով հանրությանը հետևելու ծրագրերին` դրանց իրականացման ողջ ընթացքում: «Տեղեկատվության մատչելիության նոր քաղաքականությունը շատ ավելին է, քան սոսկ քաղաքականության փոփոխություն: Դա մշակութային մեծ տեղաշարժ է հաստատության համար` ինչպես արտաքին աշխարհի հետ մեր փոխհարաբերությունների, այնպես էլ` տեղեկատվության մեր գնահատման և կարգավորման տեսանկյունից»,- նշում է Համաշխարհային բանկի ծրագրային քաղաքականության և  ծառայությունների գծով փոխնախագահ Ջեֆ Գուտմանը: «Այլ հաստատությունների և երկրների` տեղեկատվության մատչելիության նման մասշտաբի քաղաքականության փորձը հստակորեն ցույց է տալիս, որ մենք սովորելու երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու, սակայն բանկը հավատարիմ է այն սկզբունքին, որն այս նոր քաղաքականության հիմնաքարն է, այն է`ապահովել տեղեկատվության առավել մատչելիություն` զարգացման գործընթացի որակը բարելավելու նպատակով»,- նշում է տեղեկատվության մատչելիության աշխատանքային խմբի ղեկավար և արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Փիթեր Սթիվենսը: «Պատրաստվելով քաղաքականության այս փոփոխությանը` մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ` ակնկալելով նրանց ներդրումը տարբեր շահագրգիռ կողմերի համար մատչելիություն ապահովելու բարդ հարցում, հատկապես` զարգացող երկրների մայրաքաղաքներից դուրս տարածքներում, ինչպես նաև թարգմանությունների և այն հարցում, թե ինչպես նրանք կարող են օգնել մեզ ստուգելու նոր համակարգը և հայտնաբերելու հնարավոր  չնախատեսված խոչընդոտները»,- նշում է արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Մարվան Մուաշերը: Նոր քաղաքականությունը, որը հիմնվում է նաև  Հնդկաստանի Տեղեկատվության իրավունքի մասին օրենքի և ԱՄՆ-ի Տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա, ներառում է նաև մի դրույթ, որը հնարավորություն կտա ժամանակի ընթացքում` 5, 10 կամ 20 տարի հետո, բացել որոշ սահմանափակված տեղեկություններ` գիտակցելով, որ ժամանակի ընթացքում նվազում է դրանց գաղտնիությունը: Դրույթը ներառում է նաև բողոքարկման իրավունք: «Դիմողը կարող է բողոքել, եթե կարծում է, որ Համաշխարհային բանկն անհարկի կամ անհիմն մերժել է տրամադրել տեղեկություն, որը, նոր քաղաքականության համաձայն,  ենթակա է  հրապարակման, կամ եթե դիմորդը ցանկանում է հանրային հնչեղություն տալ այնպիսի տեղեկության, որի մատչելիությունը սահմանափակված է գործող քաղաքականությամբ»,- ասում է Համաշխարհային բանկի  փոխնախագահ և գլխավոր խորհրդական Անն-Մարի Լերոյը: Տեղեկատվության մատչելիության նոր քաղաքականությունը վերաբերում է ՎԶՄԲ-ին (IBRD) և ՄԶԸ-ին (IDA): ՄՖԿ-ն (IFC) և ԲՆԵԳ-ն (MIGA) ունեն տեղեկատվության մատչելիության սեփական հայեցակարգերը: Ինչպես հայտնում են ՀԲ-ի մամլո ծառայությունից, Համաշխարհային բանկն իրականացնում է մի շարք  այլ ներքին բարեփոխումներ, որոնք վերաբերում են այնպիսի կարևոր ոլորտների, ինչպիսիք են վարկերի արդյունավետության բարձրացումը, զարգացող երկրների դերակատարման մեծացումը Համաշխարհային բանկում, բանկի աշխատակիցների թվի մեծացումը զարգացող երկրներում` աղքատության հաղթահարման գործում վարկառու երկրներին առավել մեծ աջակցություն ցույց տալու նպատակով, և անվճար ու դյուրին տեղեկատվության ապահովումը բանկի` զարգացման տվյալների ընդգրկուն շտեմարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter