HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային կրթության համակարգը կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում

DvelopWay ընկերությունը «Մայքրոսոֆթ-Հայաստանի» և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ստեղծել է «Microsoft Learning Gateway» համակարգը, որը էլեկտրոնային կրթության և հեռաուսուցման համակարգ է: Այն յուրաքանչյուր դպրոցին և դասարանին հնարավորություն է տալիս ստեղծել իր պորտալը, որտեղ կարող են մուտք գործել ծնողները, աշակերտները և ուսուցիչները` համապատասխանաբար ունենալով իրենց էջերը: Ծնողները հնարավորություն ունեն հետևելու իրենց երեխաների հանձնարարություններին, գնահատականներին, մասնակցությանը` դասերին: Իսկ ուսուցիչները կարող են օնլայն հանձնարարություններ տալ աշակերտներին, դիտել, թե ինչպես են կատարվում դրանք: «Ինքն ընդհանուր առմամբ կառավարման համակարգ է, որտեղից կարելի է տեղեկություններ ստանալ, թե քանի դպրոց կա, քանի աշակերտ կա, քանի ուսուցիչ»,- «Հետքին» մանրամասնեց DvelopWay ընկերության ներկայացուցիչ Դավիթ Քոչարյանը: Ցանկացածը կարող է ավելացնել պորտալ, էջ, բայց յուրաքանչյուր դպրոցում մեկ մոդերատոր է լինելու: Պորտալն ունի նաև ֆորում, ալբոմներ, նորությունների և այլ բաժիններ: Համակարգը (www.mlg.am) պիլոտային շահագործման փուլում է: Դեռևս 6 դպրոց է գրանցվել, իսկ Վանաձորի թիվ 1 դպրոցը փորձում է ակտիվություն ցուցաբերել: Արդեն կազմակերպվել է նաև օնլայն դասախոսություն, երբ մի դպրոցում դասատուի կարդացած դասը մյուս դպրոցներում լսել են աշակերտները: Նույն դասընթացը ցանկացած ժամանակ կարելի է մտնել և դիտել: Համակարգը բաղկացած է տարբեր գործառույթներից, որը հնարավորություն է տալիս նաև կառավարել կրթական ոլորտը: Դավիթ Քոչարյանն ասում է, որ նման համակարգ գործում է Անգլիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում, որտեղից էլ փորձել են քաղել դրական փորձը: Նախատեսվում է պորտալը և կառավարումը հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: «Այստեղ խնդիրն այն է, որ հանրապետությունում կա մոտ 1000-ից ավելի դպրոց, և նախատեսվում է, որ նրանք նույնպես միանան այս համակարգին: Այսինքն` հիմնական խնդիրն այն է, որ նրանց պետք է ապահովել կապով. ինտերնետ կապը պետք է բարձր որակի լինի, որպեսի նրանք հանգիստ կարողանան մուտք գործել այս համակարգ»,- նշում է Դավիթ Քոչարյանը և հավելում, որ մոտ 256 կիլոբիթ արագությամբ ինտերնետը կբավարարի համակարգից օգտվելու համար: «Արդյո՞ք համակարգի ստեղծումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակի կրթական ոլորտի համար»` «Հետքի» հարցին Դավիթ Քոչարյանը պատասխանեց. «Հակառակը, կենտրոնացման իմաստն այն է, որ ավելի հեշտացնի ամեն ինչը. ոչ թե նպաստել, այլ վերացնել կոռուպցիան, օրինակ, վերահսկել, թե որ դպրոցում ինչքան գույք կա և այլն»: Համակարգի ստեղծողները հաշվարկել են, որ եկող տարվա վերջ գոնե քաղաքների դպրոցները կներառվեն համակարգում: «Բայց դա մեզնից չի կախված, մենք միայն համակարգը ստեղծել ենք»,-ամփոփեց Դ. Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter