HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների ջերմությանը հետևելու նորարարությունը

Ուսանողներից կազմված «Կասպեր» թիմը բարձրագույն տեխնոլոգիաների միջոցով ստեղծել է նոր սարքավորում, որը կօգնի հետևել երեխաների առողջությանը: «Կասպեր» թիմը «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախաձեռնած «Համաշխարհային երևակայական գավաթ» մրցույթին, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր, արժանացավ առաջին մրցանակին: Հուլիսի 2-ին թիմը կմեկնի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ կայանալու է 72 երկրների եզրափակիչ մրցույթը: Եթե ծնողը կամ ընտանեկան բժիշկը երեխայի հարբուխի ժամանակ ուզում է մշտապես տեղեկանալ երեխայի ջերմության փոփոխություններին, ապա կարող է ամրացնել փոքրիկ սարքավորումը երեխայի թևին, և  հետևել տատանումներին: Սարքավորումը հատուկ անուն չունի, բայց կասպերականները ծրագիրն անվանում են «Baby care»` երեխայի խնամք: Համակարգը GPRS-ի և ինտերնետի միջոցով հետևում է տվյալների փոփոխմանը, և համակարգի միջոցով տվյալները մեխանիկորեն փոխանցում է ծնողին, բժշկին կամ այլ հետաքրքրված անձի: «Հիմնական գաղափարը SMS-ի վրա է դրված, որ մարդիկ յուրաքանչյուր վայրում կարողանան տեղեկանալ, թե իրենց երեխան այս պահին ունի՞ ջերմություն, թե՞ չէ»,- «Հետքին» պատմեց «Կասպեր» թիմի անդամ Արթուր Մկրտչյանը: «Կասպեր» թիմի անդամ Սոնա Արամյանն ասաց, որ իրենց ստեղծած սարքի համակարգը ճկուն է, կարող է ներառել նաև այլ ծառայություններ, օրինակ, չափել սրտի զարկերը, արյան մեջ շաքարի պարունակությունը և այլն: Սա երիտասարդների ստեղծած ուսումնական ծրագիրն է, բայց նմանատիպ ծրագրեր օտագործվում է տարբեր երկրներում: Արտասահմանում այն արժե մոտ 150 ԱՄՆ դոլար: Երիտասարդները համոզված են, որ Հայաստանում հնարավոր է շատ ավելի մատչելի գներով պատրաստել և ձեռք բերել: «Նման ծրագրերը պետք է հասարակությանը մատչելի լինեն, որովհետև պետության մակարդակով պետք է այս խնդիրները լուծվեն: Կարելի է նաև գրանտի միջոցով հովանավորել և ունենալ 100 սարքավորում ու փորձարկել»,- ասում է Արթուր Մկրտչյանը: Երիտասարդները նաև հարցում են անցկացրել: 20 հարցվածներից 17-ը դրական են արձագանքել և հետաքրքրված են եղել` ձեռք բերելու սարքավորումը և ծրագրավորման փաթեթը: Արթուր Մկրտչյանի կարծիքով, Հայաստանում նորարարության ոլորտում որոշ քայլեր արվում են, բայց դեռ անելիքներ շատ կա: «Բացը պետական ու բիզնեսի աջակցությունն է այն հաստատություններին, ինչպիսիք են ինստիտուտները և կրթական այլ հաստատությունները: Ուսանողներին պետք է խրախուսել, տալ հնարավորություններ, ինչպես այս ծրագիրն է անում, բայց ինչքան դրանց քանակը շատ լինի, այնքան լավ: Ցանկալի է նաև, որ ինչպես մենք ենք գնալու Լեհաստան, նման խմբեր Հայաստան գան ու փորձի փոխանակում լինի»,- ասում է Արթուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter