Վինտիլը տարան
Առաջիկայում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը կապող գազամուղի վրացական հատվածը կարող է վաճառքի հանվել: Այսօրվա դրությամբ ամենահավանական գնորդը Ադրբեջանի նավթային ընկերությունն է:

«ՉԻ» - Եթե այդ գործարքը կայանա, հետևանքները (մեզ համար) կարող են բավական ծանր լինել: Բայց մյուս կողմից էլ` սա այն դեպքը չէ, որ ինչ-որ ձևով առարկենք կամ «փող քցվենք» ու ինքներս գնենք գազամուղի այդ հատվածը: Գնորդ լինեինք` մեր հատվածը չէինք վաճառի:
Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է. եթե ադրբեջանցիները գնեն այդ գազամուղը, անպայման օրումեջ «վերանորոգելու» են, ռուսական կողմն էլ, բնականաբար, անընդհատ շտապեցնելու է (բա էլ ո՞ր օրվա ռամավարական դաշնակիցներն ենք):
Ու ստացվելու է` Հայաստանին գազ մատակարարել-չմատակարարելու հարցերը որոշվելու են ռուս-ադրբեջանական բանակցություններում:
Ի դեպ, թարսի պես, Իրան-Հայաստան գազամուղն էլ անցնում է Իրանի ադրբեջանական շրջաններով: Բայց մտահոգվելու կարիք չկա: Մի բան կմտածենք:
Համյանքապետերի 73-ից 56-ը ՀՀԿ-ական են
2010 թ.-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի 73 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում համայանքապետեր են ընտրվել Հանրապետական կուսակցության 51, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7 և Հայ հեղափոխական դաշնակցության 3 անդամներ և 12 անկուսակցական:
Նորընտիր 5 անկուսակցական համայնքապետերը ևս անդամագրվել են ՀՀԿ-ին:
Նշել են առանձին
«Առավոտի» տեղեկություններով` չորեքշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանն իր ծննդյան տոնը նշել է ընտանեկան միջավայրում: Իսկ մի խումբ հանրապետականներ` պատգամավորներ և նախարարներ, նույնպես նշել են նույն իրադարձությունը «Արքայաձոր» ռեստորանում առանձին` առանց իրենց կուսակցության ղեկավարի:
Օգնություն
2011-ի ֆինանսական տարում Հայաստանը Միացյալ Նահանգներից ստանալու է 44 մլն դոլարի ուղղակի օգնություն, ևս 10 մլն դոլար ամերիկյան բյուջեից հատկացվելու է Լեռնային Ղարաբաղին: Նման որոշում է կայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը:
Ավելի վաղ Սպիտակ տունը առաջարկել էր Հայաստանին 40 մլն դոլարի օգնություն ցուցաբերել` 2010-ի 41 մլն-ի դիմաց: Ենթահանձնաժողովի անդամները, սակայն, քննարկումների արդյունքում որոշեցին Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալն ավելացնել շուրջ 10 տոկոսով:
Վանո Սիրադեղյանը չի մերժել առաջնորդին
«Հրապարակի» հավաստի տեղեկություններով` վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը բանագնացի միջոցով խնդրել է Վանո Սիրադեղյանին միջամտել ՀՀՇ-ի ներսում կատարվող իրադարձություններին և ազդել Արարատ Զուրաբյանի վրա, որ նա հպատակվի իրեն:
Վանո Սիրադեղյանը չի մերժել առաջնորդին և օրերս նամակ է հղել Զուրաբյանին, որտեղ հորդորել է ենթարկվել Տեր-Պետրոսյանին և չքանդել ՀՀՇ-ն:
Մեղադրում է Հովիկ Աբրահամյանին
Երեկ «ՀԺ» թղթակցի հետ ունեցած զրույցում Բելգիայում քաղաքական ապաստան ստացած արտաշատցի Գրիշա Վիրաբյանը ասել է. «Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ աշխատած ժամանակ ներկայիս գործող կառավարության անդամներից մեկից 3 մլն դոլար է վերցրել` Ռոբերտ Քոչարյանին տալու պայմանով` ասելով, որ կատարում է նրան հանձնարարությունը, բայց վերջինիս տվել է միայն 1 մլն-ը»:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ասաց. «Գրիշա Վիրաբյանի հերթական անհեթեթությունն ու սուտն է»: Իսկ Գրիշա Վիրաբյանը ասել էր. «Եթե Աբրահամյան Հովիկը կամ Ռոբերտ Քոչարյանը մամուլում հերքեն այդ լուրը, ես պատրաստ եմ կոնկրետ անուններով հրապարակել և ասել, թե որ ժամանակահատվածում է եղել դա, և ամենակարևորը` ինչ հետևանքներ է ունեցել հետո»:
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի առաջին ռեկտորը
Հայստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ներկայացրել է նորանշանակ ռեկտոր Վահե Գաբրիելյանին:
«Դեսպան Գաբրիելյանի կուտակած փորձն ու հմտությունները, անշուշտ, կնպաստեն դպրոցի առջև դրված խնդիրների իրականացմանը»,- ասել է արտգործնախարարը` հավելելով, որ ԱԳՆ կադրերի դարբնոցի առաջին ղեկավարը դառնալը պատվաբեր, միաժամանակ պարտավորեցնող ու բարդ աշխատանք է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել