Բիզնեսի մեջ կարեւորը լավ գովազդն է
Իր ուսանողների հետ Վանաձորում հյուրընկալված Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը խոստովանեց, որ Լոռիում լավ կոնտիգենտ է փնտրում իր բուհի համար. «Հետաքրքրվել եմ, ինձ ասել են, որ այս տարածքներում դպրոցներն ավելի լավ են սովորեցնում, քան մյուս տարածքներում»,- ասաց նա եւ լոռեցի գործարարների ու լրագրողների հետ հանդիպումը սկսեց իր ղեկավարած ինստիտուտի գովազդով, իսկ մյուս բուհերը` հակագովազդելով:
«Այսօր շատերը պատրաստում են տուրիզմի մասնագետներ: Ես տեղյակ եմ, որ ձեր մարզից շատերը սովորում են տուրիզմի տարբեր ֆակուլտետներում: Հետաքրքրվեք` ովքե՞ր են սովորում, ի՞նչ գիտելիք են ստացել, աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Ես կասեմ, որ ոչ: Ոչ թե գլուխ եմ գովում, այլ ձեզ ասում եմ` այն գիտելիքը, որ տալիս են մյուս բուհերում, այն չեն տալիս. չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Եվ դասավանդողներն այն չեն, եւ ծրագրերն այն չեն»,- նշեց Ռոբերտ Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական տուրիզմին վերաբերող որոշ խնդիրներ, մասնավորապես` գնահատելով Լոռու մարզի պոտենցիալ հնարավորությունը, մարդկային ու բնական ռեսուրսը, նշվեց, որ այստեղ նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար:
«Տուրիզմում ամենակարեւորը մարդն է, մարդկային գործոնը: Լոռու մարզում ապրող մարդիկ տարբերվում են իրենց բնավորությամբ, արտաքինով, հայացքով: Դա շատ կարեւոր է տուրիզմի համար: Շատ կարեւոր է, որ մարդը հյուրընկալ լինի: Տուրիզմի իմաստն այն է, որ դու քո երկիրն այնքան գրավիչ դարձնես, մարդիկ այնքան հյուրընկալ լինեն, որ համոզես ուրիշ երկրից եկածին` իր վաստակած փողը բերի քեզ տա ու գնա: Ու դու արդեն մեծ ներդրումներ չես անի»,- հավելեց նա: - Լոռու մարզը հարուստ է ու կարող է իր պոտենցիալը օգտագործել: Մի օր այստեղ մարդը շնչի, կես տարով կառողջանա: Ես նայում եմ, այստեղ վատ չի, ճանապարհը վատ չի, աղտոտված չի: Դեբեդի ափերն են միայն աղտոտված. բոլորը ինչ ասես` գցում են»:
Ռ. Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում կազմակերպված տուրիզմ չկա, խոսքը վերաբերում է եւ արտաքին, եւ ներքին տուրիզմին. «Կազմակերպված տուրիզմն այն է, երբ տուրիստները նախապես տուր-փաթեթը գնում են: Ես քննադատում եմ այն թվերը, որ մեր պետությունը ներկայացնում է վիճվարչություն: Ներկայացնում է, որ անցած տարի 570 հազար տուրիստ է եկել Հայաստան: Անցած տարի, երբ նշում էինք տուրիզմի օրը, վարչապետն էլ նույնն ասաց, ու շատերը ինձ մեջքից հրեցին: 570 հազար տուրիստից տարեկան կազմակերպված գալիս է 40-45 հազարը. մնացածը տարբեր ուղղություններով են գալիս: Երկրի ներսում կատարվող էքսկուրսիաներն էլ են անկազմակերպ: Այդ բոլորը ստամոքսի էսկսկուրսիաներ են:
Մարզի ղեկավարությունն ի վիճակի չէ պատասխանել` քանի՞ տուրիստ ա մտնում Լոռի, ո՞ր տուր-ֆիրմաներն են բերում, ո՞ր երկրից են գալիս: Չկա վիճակագարություն»,- ասում է ռեկտորը եւ շեշտում, թե կազմակերպված ներքին տուրիզմն է, որ եկամուտ է բերում:
«Ինչ է, պիտի ճանապարհ սարքե՞ք, բնությունը պահպանե՞ք, հուշարձանները վերականգնե՞ք, էդ մարդիկ գան էստեղ փող աշխատեն ու գնա՞ն: Ուրեմեն նրանց հետ էլ պիտի աշխատել, նրանք էլ պիտի մի օգուտ տան, չէ՞, չեմ թողնում իմ տարածքը գաս: Տուրիստները պետք է գան, օգտվեն ամեն ինչից` ճանապարհից, տրանսպորտից, սննդից, գիշերելու վայրից: Այդտեղից է փողը դուրս գալիս»,- ավելացնում է նա:
Ըստ Մինասյանի` ներքին տուրիզմը պետք է զարգանա տուրիստական ապրանքի հիման վրա: Պետք է նոր ապրանք ստեղծել եւ գովազդել այն, ընդ որում` ամեն ինչ կախված է լավ գովազդից. «Ստեղծենք տուրիստական ապրանքը Լոռու մարզում:
Ապրանքը կա ձեզ մոտ: Ահրաժեշտ է` մասնագետը լինի, հավաքի այդ ապրանքը, ներկայացնի, գովազդի, իսկ մարդիկ գան, օգտվեն այդ ապրանքից: Պետք է մտածենք` ինչ ստեղծենք, ինչ պայմաններ ստեղծենք, որ մարդիկ գան: Այն, որ երեկ էին գովազդում, չի անցնի այսօր: Ի՞նչ նորություն ունենք, ի՞նչ կարող է տեսնել մարդը, որ տասը տարի առաջ եկել է, չի տեսել: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե ճիշտ գովազդենք, ճիշտ բացատրենք, այստեղ ավելի լավ է հանգստանալ, եւ մարդն ավելի լավ կզգա իրեն, կվերականգնի իր ֆիզիկական ու հոգեւոր առողջությունը, քան եթե գնա Քոբուլեթի»:
Ռեկտոր Մինասյանի խոսքերով` ներքին տուրիզմի զարգացման գործում իր ղեկավարած ինստիտուտի մասնակցությունը լինելու է սպասարկման ոլորտի մասնագետների պատրաստումը, որոնց կարիքն այսօր զգալի է. «Սպասարկում չունենք: Հայաստանում մոտավորապես 8 հազար մատուցող կա, ոչ ոք կրթված չէ, ոչ մեկը մասնագիտական կրթություն չի ստացել: Պատահական չէ, որ Հայաստանի հյուրանոցների տարեկան ծանրաբեռնվածությունը 25-30% է: Մատուցողը սննդամթերքը խոհանոցից սրահ բերողը չի, պատմամշակութային ժառանգությունը փոխանցողն է: Պատրաստված պետք է լինի»:
Ռոբերտ Մինասյանի ներկայացմամբ` թեեւ Հայաստանում, ըստ էության, ներքին տուրիզմ չկա, սակայն մեծ է դրա պահաջարկը: Ուստի, այս գործում անհրաժեշտ է ներգրավել տուր-կազմակերպություններին. «Հայաստանից դուրս հանգստանալու է մեկնում, ասենք, մի 100 հազար մարդ: Իսկ Հայաստանում 100 հազար չի ապրում: Այսօր կա մարդկանց մի խավ, որ կարող է իրեն նեղություն տալ ու հագստանալ: Պետք է տուրիզմով զբաղվող ֆիրմաների ներկայացուցիչներին հրավիրենք մեզ մոտ, էքսկուրսիա կազմակերպենք, ցույց տանք, ներկայացնենք: Էդ ամեն ինչը նա պետք է տեսնի, համոզվի, որ գնա կազմակերպի»:
Տուրիզմի մասնագետը առողջարանային եւ արկածային տուրիզմի ուղղություններով Լոռիում տեսնում է զարգացման հեռանկար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել