Արմավիրի մարզպետը հավաստիացնում է, որ արտագաղթի ամենացածր ցուցանիշը Արմավիրում է
Արմավիրի մարզը Արցախյան ազատամարտում տվել է 423 զոհ եւ այսօր հպարտությամբ է տոնում Հայաստանի անկախության տոնը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքի» հետ զրույցում, ամփոփելով անկախության 20 տարիներն, ասաց, որ վերջին 10 տարիներն անհամեմատելի են առաջին տասնամյակի հետ, որովհետեւ պատերազմ էր, մութ ու ցուրտ տարիներ, փոշիացել էր ամբողջ արդյունաբերական համակարգը: «Փառք Աստծո, արդեն երկրորդ տասնամյակում բավականին աշխատանքներ իրականացվեցին արդյունաբերության գործարկման, կառուցման առումով, եւ այսօր ունենք գործարաններ, որոնք միջազգային շուկաներում են հայտնի»,- ասաց Ա. Ղահրամանյանը:
Ըստ Աշոտ Ղահրամանյանի՝ հատկապես վերջին 5 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են կատարվել դպրոցաշինության, առողջապահական հիմնարկների կառուցման եւ հիմնանորոգման ոլորտներում:
Վերջին 3 տարիների ընթացքում 13 մլրդ դրամ միայն ոռոգման համակարգի վերանորոգման համար է ծախսվել: Այս բնագավառում Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել են Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքները: Վերակառուցվել է Մրգաշատի միջտնտեսային ջրանցքը, կառուցվել է Շենիկի ինքնահոս համակարգը, վերանորոգվել է Ստորին Հրազդան ջրանցքը` 4.8կմ երկարությամբ, 28 համայնքներում վերանորոգվել են 60կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցեր: Աստիճանաբար ներդրվում են ոռոգման նոր տեխնոլոգիաներ: 100 հա-ի վրա իրականացվում է անձրեւային եղանակով ոռոգում: Շուրջ 300 հա-ի վրա իրականացվում է կաթիլային եղանակով ոռոգում:
Մարզպետի ասելով՝ լուրջ հաջողություններ են գրանցել նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Եթե 2006 թ. մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 83.5 մլրդ. դրամ էր, ապա 2010-ին այն հասել է 109.1 մլրդ.դրամի: Այժմ մարզն ունի 52.323 գյուղացիական տնտեսություն, որում ընգրկված է մարզի բնակչության գրեթե 65%-ը:
Միայն 2011 թ. ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից մարզին հատկացվել է 1 մլրդ. 330 մլն դրամ, որի առյուծի բաժինը հատկացվել է 18 դպրոցների վերանորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այլ աշխատանքների համար:
Աշոտ Ղահրամանյանը, անդրադառնալով գործազրկությանը, նշեց, որ ամենաքիչ աշխատատեղ պահանջող մարզը հենց իր ղեկավարած մարզն է, քանի որ եթե մարդը ցանկանա, կարող է աշխատանք գտնել: «Այսօր գյուղատնտեսության մեջ բանվորական ուժի խիստ կարիք ունենք: Իհարկե, բուհերն ավարտած երիտասարդների հետ կապված խնդիրը դեռ բավարար լուծում չի ստացել, եւ ունենք բազում հայրենակիցներ, որ իրենց մասնագիտությամբ չեն կարողանում աշխատանք գտնել: Այս առումով հանրապետության նախագահն ու կառավարությունը լուրջ աշխատանքներ են տանում»,-ասաց մարզպետը:
Անկախության տարիների բացասական երեւույթներից մեկն էլ արտագաղթն է, որը մինչ օրս շարունակվում է: Արմավիրի մարզպետը հավաստիացնում է, որ արտագաղթի առումով էլ ամենացածր ցուցանիշը բաժին է հասնում Արմավիրին:
Մարզում միայն համախառն արտադրանքի ծավալները նախորդ տարիների համեմատությամբ 20 մլրդ դրամով ավելացել են, այս տարի ավելի լավ արդյունք են ակնկալում:
Այս ամենով հանդերձ՝ մարզում քիչ չեն նաեւ խնդիրները: Մարզպետը դրանցից կարեւորեց նոր աշխատատեղերի ստեղծումը, հատկապես գյուղամիջյան ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Բազմաթիվ դպրոցներ եւս վերանորոգման կարիք ունեն: Մարզպետն ասաց, որ առաջիկա 2-3 տարում ամեն ինչ անելու են, որ Արմավիրում չվերանորոգված դպրոց չլինի: Մարզն արդեն նոր վերամշակող գործարանների կարիք ունի, եւ եկող տարի Վանանդում նոր արտադրամաս է կառուցվելու:
«Այսօր, իմ կարծիքով, ինչպես ողջ հարապետությունում, այնպես էլ մարզում կա գյուղի սոցիալ-կենցաղային դիմանկարը փոխելու, հայկական գյուղը ավելի մաքուր, ավելի կառուցիկ տեսնելու, ավելի լավ ճանապարհներ ունենալու, գյուղական հանգստի վայրեր, գյուղական այգիներ ունեցող բնակավայրերի վերափոխելու խնդիր, առավել եւս, որ այդ իմաստով մարզի առանձին համայնքներում ունենք օրինակելի փորձ, երբ գյուղական համայնքն իր կենցաղավարման մշակույթով ոչ միայն չի զիջում քաղաքային համայնքներին, այլեւ շատ իմաստներով առաջ է անցել նրանցից»,- եզրափակեց Աշոտ Ղահրամանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել