Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն արձագանքել է
Երեկ տպագրված «Արտակարգ իրավիճակ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում» հոդվածը արժանացել է ընթերցողների մեծ արձագանքին: Նշենք, որ «Հետքը» հոդվածը պատրաստել է` հիմնվելով ճեմարանի աշակերտներից ստացած տեղեկությունների վրա: Այն, որ Ճեմարանի ղեկավարությունն իր ներքին խնդիրները լուծելու համար դիմել է ոստիկանություն, արդեն իսկ վկայում է, որ ճեմարանում իրավիճակն իսկապես լարված է եղել, և հոդվածում իրադարձությունները չափազանցված չեն: Կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցին մտածելու տեղ ունի և պետք է միջոցներ ձեռնարկի ոչ միայն իրավիճակը շտկելու, այլ նաև հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք այս իրադարձություններին:
Ճեմարանում կատարվող իրադարձությունները ճշտելու և պարզաբանումներ ստանալու համար «Հետքը» հոդվածը հրապարակելուց առաջ դիմել էր Մայր Աթոռ, որտեղից խոստացել էին պարզաբանումներ տալ այսօր: Քիչ առաջ մենք ստացանք Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի պաշտոնական պատասխանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Աշակերտներից մեկը հեռացվեց ճեմարանից անհանդուրժելի արարքների և կարգազանցության համար`անհարգալից ընդդիմանալով և բացահայտ արհամարհանք ցուցաբերելով դպրոցի բարձր իշխանություններին`մի խումբ կրտսեր երեխաների ներկայությամբ: Արարք, որը խանգարում է կառույցի բնականոն ընթացքը:
Կարգազանց աշակերտի մեկնման պահին մի խումբ ընկերներ կատաղի դիմադրություն ցուցաբերեցին`սպառնալով, որ ընկերոջ գնալը ծանր հետևանքներ կունենա: Մտահոգված դպրոցի հնարավոր անդորրի խախտումով` իրավապահներին խնդրվեց`անհրաժեշտության դեպքում ապահովել դպրոցի խաղաղությունը: Հրապարակված նկարից, ոստիկանների դիրքից ակնհայտ է, որ նրանք այնտեղ էին անհրաժեշտության դեպքում խաղաղություն ապահովելու համար, այլ ոչ թե որևէ մեկին վնասելու կամ ձերբակալելու:
Անանուն չարաբարո մարդիկ, ովքեր հեղինակել են սույն հոդվածը, անձնական նեղ շահեր են հետապնդում`լուն դավա դարձնելով մի հարթության վրա, որտեղ իրենք իրավունք չունեն:
Դատավորի կեցվածք ընդունելուց առաջ նրանք պարտավոր էին կապվել պատկան մարմինների հետ, եթե իսկապես մտահոգված էին Հայոց մարդասիրական ճեմարանով, այլ ոչ թե զբաղվեին էժանագին լրագրությամբ- ժուռնալիզմով: Հոդվածի անանուն հեղինակը թող նաև ճշտի` արդյոք որևէ իրավապահ խոսել կամ հպվե՞լ է աշակերտներից մեկին:
Թաքնված հոդվածագիրը մեղադրանք է առաջ քաշում, որ աշակերտներից վերցված են եղել հաղորդակցության բոլոր միջոցները: Եթե այդպես է, ապա կես ժամ անց լուսանկարը ինչպե՞ս հասավ աշխարհի 4 ծագերը:
Աշակերտները այստեղ առավելաագույնս վայելում են իրենց ազատությունը, լուսանկարը և հոդվածը փաստեց, որ նրանցից ոմանք չարաշահում են այդ ազատությունը: Դպրոցի բնականոն ընթացքով հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում կապվել դպրոցի աշակերտի, ուսուցչի, պաշտոնյայի հետ, և նրանք անակնկալի գալով կտեսնեն, որ նենգ ու նախանձ քինախնդիրը չկարողացավ խախտել մեր անդորրը:
Յուրաքանչյուրն իր պարտականության մեջ`պարուրված սիրով, հերթական կանոնավոր օրն է անցկացնում մեզ մոտ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել