ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Զարուհի Փոստանջյանի կատարած աշխատանքը
2010 թվականի հունիսի 21-25-ը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: Աշխատանքային հինգ օրվա նիստերի ընթացքում Զարուհի Փոստանջյանը երեք ելույթ ունեցավ:
Հունիսի 22-ի առաջին ելույթը ԵԽԽՎ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» զեկույցի վերաբերյալ էր, հունիսի 23-ի երկրորդ ելույթը` «Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում եւ ԵԽԽՎ Մոնիտորիգի գործընթացի առաջընթացը» ընդունված բանաձեւի եւ քննարկված համապատասխան զեկույցի մասին էր, հունիսի 24-ի երրորդ ելույթը` «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» բանաձեւի եւ զեկույցի վերաբերյալ (հերթը չհասնելու պատճառով տկն Փոստանջյանը երրորդ ելույթը չի բարձրաձայնել. այն տեղադրված է ԵԽԽՎ կայքէջում):
Հունիսի 21-ին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Մակեդոնիայի ԱԳ նախարարին ուղղված չորս հարցից (երեքը` Ադրբեջանի պատվիրակների կողմից) Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր Ադրբեջանի իշխանության կողմից երկրի պետական եւ հասարակական ռազմականացման եւ վերջերս ընդունված ռազմական դոկտրինի ուժային անսահմանափակ բաղադրիչի վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի գնահատականին:
Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ եւ Վեհաժողովի անդամ տարբեր երկրների 20 պատվիրակների ստորագրությամբ (այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ում հայտնի ժողովրդավարության ջատագով Նիդերլանդների ներկայացուցիչ Պետեր Օմտցիգտը, ով Հայաստանում եւս ժողովրդավարության կայացմանը նպաստելու նպատակով հանձնառություն ստանձնեց` լինել փաստաթղթի առաջին ստորա•րողը եւ հետեւողականորեն աջակցել նրանում ամրագրված պահանջների կենսակոչմանը) հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես` ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները չկատարելու մասին փաստաթուղթ:
Փաստաթղթում նաեւ մտահոգություն է արտահայտվում ընդդիմության երեք ակտիվիստների, այդ թվում` լրագրող Անի Գեւոր•յանի դեմ նախաձեռնված քրեական հետապնդումների վերաբերյալ, որպես անպատժելիության մթնոլորտի հետեւանք շեշտվում է ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի մահը… Փաստաթղթի հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են բացահայտել եւ պատժել նրանց, ովքեր պատասխանատու են 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ 10 մարդու սպանությունների համար, ազատ արձակել քաղաքական շարժառիթներով դատապարտված բանտարկյալներին եւ մարտի 1-2-ին բանակի ապօրինի օգտագործման վերաբերյալ անցկացնել թափանցիկ ու արժանահավատ հետաքննություն:
ԵԽԽՎ-ում նաեւ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ Հայաստանի պատվիրակությունը կարողացավ պատկառելի թվով` Վեհաժողովի 56 պատվիրակի ստորագրություն ապահովել հայկական կողմի կազմած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ ու նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին» գրավոր հայտարարության համար, որը ազդեցիկ ու արդյունավետ հակակշիռ հանդիսացավ հունիսի 9-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանա-թուրքական գործակցության արդյունքում 34 պատվիրակի ստորագրությամբ շրջանառության մեջ դրված` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու» մասին գրավոր հայտարարությանը:
Ըստ էության, գլխավորապես հենց հայկական կողմի միասնական գործելակերպի եւ հավաքած` առավել թվով պատվիրակների ստորագրության շնորհիվ էր, որ թուրք-ադրբեջանական դաշնակցությանը եւ անձամբ Մեւլութ Չաուշօղլուին չհաջողվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կյանքի կոչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի)Հանրապետության հարցով ենթահանձնաժողովի վերստեղծումը…
ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կատարած ողջ աշխատանքի այս մասնակի ներկայացմամբ սահմանափակվելով` նաեւ լրացուցիչ հայտնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն իր հետ Ստրասբուրգ տարավ եւ ԵԽԽՎ անդամներին բաժանեց իր կողմից պատրաստված` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայիսի 23-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական նամակ-իրազեկումը, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գրավոր հրավերը ԵԽԽՎ ղեկավարներին` դիտարկելու մայիսի 23-ի ընտրությունները (ընդհանուր թվով` շուրջ վեց հարյուր ծրար):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել