Նոր մեղադրանք. Սարիբեկը կարող է դատապարտվել 14-րդ անգամ
Նախկինում 13 անգամ դատապարտված Սարիբեկ Աղրամանյանի գործը կրկին դատարանում է: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել թրաֆիքինգի հոդվածով, ըստ որի` 60-ամյա Սարիբեկը, որ ավելի շատ հայտնի է Սամո անունով, օգտագործելով 3 կանանց վիճակի խոցելիությունը, նրանց բռնությամբ ներգրավել է պոռնկության մեջ, ինչի արդյունքում ստացված գումարները ծախսել է սեփական կարիքների համար:
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, Սարիբեկի գործի քննությունն անորոշ ժամանակով հետաձգվեց: Դատարանը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք ամբաստանյալն ունա՞կ է լսելու եւ ընկալելու դատավարությունը: Փորձագետները պատասխանել են, որ վերջինս ունի երկկողմանի ծանր լսողություն, իսկ լսողական սարքը, որը նա կրում է, ունի տեխնիկական վերանորոգման կարիք: Մեղադրող Հունան Բաբայանը դատարանին խնդրեց, որպեսզի միջնորդի «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներին (ՔԿՀ)` ամբաստանյալի լսողական սարքի խնդիրը լուծելու համար: Իսկ պաշտպան Աննա Ջովանովան նկատեց, որ ամբաստանյալ Աղրամանյանը տառապում է թոքախտով, ուստի նրան պետք է դատարան բերեն հատուկ հանդերձանքով, որպեսզի վերջինս չվտանգի իրեն ուղեկցողների եւ դատավարության մասնակիցների առողջությունը: «Ընդհանրապես, նա պետք է լիներ ոչ թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այլ «Դատապարտյալների հիվանդանոցում»»,- ավելացրեց հանրային պաշտպան Ջովանովան: Դատավոր Գրիգորյանը որոշեց ուղարկել երկու գրություն. առաջինը` «Նուբարաշեն» ՔԿՀ` ամբաստանյալի առողջության խնդիրներով պայմանավորված, մյուսը` առողջապահության նախարարություն` լսողական սարքի հարցերով: Դատավարությունը կշարունակվի, երբ դատարանը կստանա գրությունների պատասխանները: Թե դա ե՞րբ կլինի, դատարանին առայժմ հայտնի չէ:
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հաջորդ հինգշաբթի` «Հետք» շաթաթաթերթի հուլիսի 8-ի համարում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել