HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպեց Վեհաժողովի մասնակիցներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցների հետ: Ողջունելով  հյուրերին` Հանրապետության Նախագահը խորհրդանշական է համարել, որ վեհաժողովը որոշել է իր տարեկան նիստը գումարել Հայաստանում` հնագույն քրիստոնեական եւ քաղաքակրթության օրրաններից մեկում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարեւորում են քրիստոնեական արժեքների պահպանումը, տարածումն ու հոգեւոր դաստիարակությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած Հայաստանը, նաեւ Հայոց եկեղեցու շնորհիվ, դարեր շարունակ` անգամ պետականության կորստի ժամանակահատվածում, ամուր կանգնած է եղել այդ արժեքների պահպանման դիրքերում եւ հպարտ է դրա համար: Կարեւորելով վեհաժողովի` «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգեւոր եւ մշակութային  հուշարձանների պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձեւը, Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ ձեր ընդունած բանաձեւը մեծապես արժեւորվում է այս բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման, խաղաղության, փոխվստահության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից»։ Նախագահը բարձր է գնահատել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նպատակները` ծայրահեղ ազգայնամոլության եւ կրոնական անհանդուրժողականության հաղթահարման, մարդու իրավունքների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության գործում: Նա ողջունել է վեհաժողովի մասնակիցների որոշումը` այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ տեղում ծանոթանալ դարեր շարունակ իր բնօրրանում ապրող ու արարող քրիստոնյա ժողովրդի ներկայիս մարտահրավերներին,  խաղաղության պայմաններում սեփական որոշմամբ իր ապագան կառուցելու` արցախահայության ցանկությանն ու կամքին: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցները եւս խորհրդանշական ու հաճելի են համարել վեհաժողովը հայկական հինավուրց հողում, առաջին քրիստոնեական պետության մեջ գումարելը: Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը գոհունակությամբ է խոսել վեհաժողովի աշխատանքի մասին` հետաքրքիր ու բովանդակալից որակելով զեկույցներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումները: Նա վստահություն է հայտնել, որ այդ քննարկումներն այնուհետեւ կտեղափոխվեն կազմակերպության անդամ գործընկերների խորհրդարաններ, իսկ ընդունված փաստաթղթի բովանդակությունը` խորհելու տեղիք կտա պետությունների ղեկավարներին ու շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին, ԼՂ հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հանդիպման ավարտին վեհաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանում վեհաժողովի անցկացմանն աջակցելու համար` ընդգծելով, որ նման ընտրությունը պայմանավորված է եղել նաեւ տարածաշրջանի ընդհանուր վիճակով, մտահոգություններով ու գործընթացներով: «Մենք ձեր կողքին ենք, եւ արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», - ասել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խիտիրիս Տիլեմախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter