Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիաներ են կազմակերպելու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին յայտարարութիւնը` կապուած Ղարաբաղեան կարգաւորման խնդրի հետ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Այսօր երիտասարդները ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ներկայացուցիչներին յանձնեցին բողոքի յայտարարութիւն:
«Մենք, միանշանակ, հետեւողական ենք լինելու մեր պահանջին, կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, բաց նամակներ ու յայտարարութիւններ ենք հրապարակելու, իսկ յաջորդ անգամ արդէն կը փորձենք քաղաքականացուած հայ ամբողջ երիտասարդական դաշտն ընդգրկել բողոքի ակցիաներում եւ ցոյցերում:Նման տիպի թիւրիմացութիւնները պէտք է առհասարակ բացառուեն յայտարարութիւններում: Յոյս ունենք, որ մեր բողոքի ակցիաներն էլ կօժանդակեն, որ Ղարաբաղի խնդրով զբաղուող ցանկացած կառոյց կամ գործիչ զգոյշ եւ զուսպ լինի իր արտայայտութիւններում ու գնահատականներում»,- նշեց ՀՅԴ ՀԵՄ վարչութեան ներկայացուցիչ Արթուր Ղազարեանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները համոզուած են, որ անտարբերութիւնը կը նշանակի համաձայնել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ յայտարարութեան մէջ տեղ գտած անընդունելի դրոյթներին, օրինակ` «ԼՂ շրջակայ տարածքների վերադարձ»: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակից ներս հրաւիրեցին բողոքի ակցիայի ներկայացուցիչներից Արթուր Ղազարեանին եւ ընդունեցին յայտարարութիւնը: Սակայն յայտնեցին նաեւ, որ իրենք լիազօրուած չեն պատասխանելու նման հարցերին:
«Մեր դերն այստեղ այն է, որ մենք տեխնիկապէս աջակցենք ու փոխանցենք այս նամակը, որպէսզի այն հասնի Վիեննայում մեր կենտրոնական գրասենեակ, քանի որ երեւանեան գրասենեակը ոչ մի դեր եւ մանդատ չունի` զբաղուելու Ղարաբաղեան հարցով: Այդ հարցերով զբաղուելու մանդատը Մինսկի խմբինն է եւ աջակցւում է Անջեյ Կասպրշիկի գլխաւորած մոնիտորինգային յանձնաժողովի կողմից, բոլոր հարցերին նրանք կարող են պատասխանել»,- ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակից ցուցարարների հետ բանակցութեան իջած Գժեգոժ Միխալսկին:
Բողոքի ակցիայի մասնակիցները յոյս ունեն, որ իրենց բողոքը տեղ կը հասնի եւ կը տայ ցանկալի արդիւնք, իսկ նմանատիպ յայտարարութիւններում նմանատիպ «վրիպակները» կը դադարեն տեղ գտնել:
Երիտասարդների յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է. «1994 թուականից մինչ օրս Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի համար ոչ մի անգամ պատասխանատուութեան չի ենթարկուել: Մեծ յարգանք տածելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նկատմամբ` ցանկանում ենք փաստել, որ Ադրբեջանի հակահայ, ագրեսիւ գործելաոճի մէջ մեղաւոր են նաեւ այն երկրները, որոնք համապատասխան քայլեր չեն իրականացնում` սանձելու խաղաղ բանակցութիւններին հակասող ադրբեջանական քայլերը:
Ուստի խաղաղութեան ջատագով ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ֆրանսիան պէտք է վերանայեն իրենց առաքելութիւնը եւ անպատասխան չթողնեն Ադրբեջանի որեւէ ստոր կամ սադրիչ դրսեւորում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել