HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին

Մեծարգո տիկին Քլինթոն, Դիմում եմ Ձեզ, որովհետեւ հիմնականում Ձեզանով է պայմանավորված մեր երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը: Իսկ առիթը Հայաստան կատարվելիք Ձեր այցն է: Հուսով եմ, որ իմ այս նամակը կարժանանա Ձեր ուշադրությանը եւ օգտակար կլինի: Իսկ 2008թ. նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների, երկու տարի շարունակ Հայաստանում չդադարող քաղաքական հալածանքների, հետապնդումների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն աչքի է ընկնում եւ իր անաչառությամբ, եւ գնահատականների ճշտգրտությամբ: Ընտրակեղծիքների, խաղաղ ցուցարարներին գնդակահարելու եւ ընդդիմախոսներին բանտերը նետելու ճանապարհով ՀՀ նախագահի աթոռը գրաված Սերժ Սարգսյանը հասկանալով, որ Հայաստանում երբեք չի կարողանալու ժողովրդականություն վայելել, որոշեց փորձել ներքին լեգիտիմության բացարձակ բացակայությունը կոնպենսացնել արտաքին լեգիտիմությամբ ու հանդես եկավ հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությամբ: Այդ պահից մենք ականատեսը դարձանք Ձեր կողմից երկակի չափանիշների կիրառման ամենաիսկական օրինակների: Չարդարացված բռնությունների, ընտրակեղծիքների ու խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ԱՄՆ կողմից արդարացիորեն քննադատվող հայաստանյան իշխանություններն այլեւս քննադատությունից դուրս հայտնվեցին: Եւ միմիայն արտաքին ուժերի, այդ թվում` ԱՄՆ աջակցության շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողացավ երկրի ներսում` շարունակելով քաղաքական հետապնդումներն ու բռնությունները, պահպանել իր երերուն իշխանությունը: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ նրան ընդունեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ անվանեց «խիզախ մարդ»: Ինչի՞ համար խիզախ, հարցնում են Հայաստանում ու որեւէ բացատրություն չեն գտնում: Ընտրակեղծիքների՞, սպանությունների՞, անհանդուրժողականությա՞ն, թե՞ հայ-թուրքական երկխոսությունը փակուղի մտցնելու համար: Դեռեւս հայ-թուրքական բլեֆի առաջին փուլում` 2008թ. օգոստոսի 10-ին ես ՀՀ ում ԱՄՆ դեսպանությանն ուղղված իմ բաց նամակում գրել էի. « Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել, որ խաղաղ ցուցարարների վրա կրակող, բազմաթիվ քաղբանտարկյալներով բանտերը լցրած, կեղծված ընտրություններով իշխանությունը խլած իշխանավորներն ի վիճակի լինեն լուծել երկու ժողովուրդների միջեւ ծագած երկու հարյուր տարուց ավելի ձգվող վեճը: Մի՞թե ակնհայտ չէ, որ խաղաղությանը միտված քայլերի շուրջ կարելի է բանակցել միայն այն ուժերի հետ, որոնք հակամարտող երկրներում ունեն վստահություն եւ ընտրողների քվեն, ինչի վրա հիմնված նրանք կկարողանան այնպիսի լուրջ խնդիրներ լուծել, ինչպիսիք հայ-թուրքական հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հակամարտությունն են: Հակառակ դեպքում՝ կամ խաղաղության մասին դատարկ հայտարարություններից զատ որեւէ իրական քայլ չի արվի, կամ էլ կարվեն իրավիճակային այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կխճճեն դրությունը: Տխուր է ու զարմանալի, որ դուք եւ ձեր գործընկերները լծվել եք Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացման գործին՝ հույս ունենալով ձեր աջակցության դիմաց թույլ ու դիմադրություն չցուցաբերող հայկական կողմից մաքսիմում զիջումներ կորզելով՝ տարածաշրջանային լրջագույն խնդիրներ լուծել: Բայց ինչքան էլ աջակցեք նրանց՝ նրանք բուն Հայաստանում չեն լեգիտիմացվելու եւ նրանց ցանկացած քայլ՝ լինի դա հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական խնդիրներին վերաբերող, չեն ընդունվելու հայ ժողովրդի կողմից եւ խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերը վերջին հաշվով զուր են անցնելու»: Այդպես էլ եղավ եւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լարված ու խճճված են քան 2008-ին էր., իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններն այնքան են լարվել, որ ամենայն լրջությամբ խոսվում է պատերազմի վերսկսման վտանգի մասին: Արդեն սահմանամերձ ընդհարումների դեպքեր են արձանագրվում եւ մարդիկ են զոհվում: Դրանում կա է նաեւ Ձեր եւ միջազգային հանրության մեղքը: Որովհետու Դուք եւ Ձեր գործնկերները Հայաստանի ժողորդավարացման գործը ստորադասեցիք դիվանագիտական կասկածելի շահերին եւ աջակցեցիք Հայաստանում լեգիտիմության զերո մակարդակ ունեցող ուժերին: Արդյունքում ընթացող հայ- ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել, հայ-թուրքականը` դադարեցվել է, Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ուր խոչնդոտվում են քաղաքական ընդդիմության ցանկացած գործողություն, ուր բանտ են նետում քաղաքական ընդդիմախոսներին: Ես Ձեզ կոչ եմ անում ոչ լեգիտիմ իշխանությունների հետ կասկածելի, անհույս ու անհեռանկար գործարքների գնալու փոխարեն հավատարիմ մնալ սեփական երկրի կողմից մշտապես հռչակված այնպիսի կարեւոր արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազատությունը եւ ժողովրդավարությունը: Այս սկզբունքներից ցանկացած շեղում, ինչով էլ որ այն բացատրվի կամ արդարացվի, անհասկանալի է մնում հանուն ազատության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պայքարողների համար: Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ էլ ազատության ու ժողովրդավարության համար պայքարողների կողմից իրավամբ ընկալվել են որպես հզոր բարոյական աջակից եւ ազատության ջահակիր: Այդպիսին էլ պետք է մնան: Մենք Ձեզ կոչ չենք անում մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարություն հաստատել: Մենք ինքներս դա կանենք: Մենք այդ փորձն ունենք: Մենք մեր աշխատանքով, քրտինքով ու հարկ եղած դեպքում` արյամբ պահել ու պահպանել ենք մեր երկիրն ու մեր ազատությունները: Մեր ժողովուրդն ունի իր մեջ եւ ուժ, եւ ազատության ձգտում ու անկասկած կհասնի հաջողության: Մենք դառնալու ենք ազատ երկիր ու համերաշխ ապրելու ենք մեր բոլոր հարեւանների հետ: Այդ օրը շատ ավելի շուտ կգա, եթե Դուք դադարեք աջակցել հայաստանյան ոչ լեգիտիմ իշխանություններին: Մարդկության պատմության ամենալուսավոր դեմքերից մեկը` ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը ժամանակին ասել է. «Երբ էլ որ ինձ մահանալ վիճակվի, կուզենայի որ նրանք, ովքեր ուրիշներից լավ են ինձ ճանաչել ասեն, որ ես մշտապես մոլախոտեր եմ քաղհանել եւ ամենուր, ուր իմ կարծիքով կարող են ծաղիկներ աճել, ծաղիկներ եմ ցանել»: Իսկ ի՞նչն է խանգարում, որ մենք էլ մշտապես մոլախոտեր քաղհանենք: Հարգանքներով` խորհրդային տարիների այլախոհ եւ քաղբանտարկյալ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյան 1.07.2010թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter